Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՀԻՆ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 16,2003 00:00

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՀԻՆ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ Շաբաթ օրը Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես բացեց իր նոր նստավայրի դռները. հին հեռագրատունը նրանց է տրվել՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՀԲ գումարներով լիարժեք վերանորոգվելուց հետո։ Վարչապետ Ա. Մարգարյանը լրագրողներին հայտնեց. «Շուտով հեռահաղորդակցության սակագների կարգավորումն էլ ենք տալու այս հանձնաժողովին»։ Հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանի կարծիքով, «մեր ընդունած ցանկացած որոշում դժգոհություն կառաջացնի ե՛ւ սպառողների, ե՛ւ ծառայությունը մատուցող ընկերությունների մոտ»։ «Ոսկե միջին» տարբերակի ընտրությունը պայմանավորված է դաշտում ներդրումներ անողներին «չխրտնեցնելու» նպատակով։ Օրեր առաջ նախարար Ճշմարիտյանը բացեիբաց հայտարարեց, որ «ինձ հասած տեղեկություններով, սակագները չեն բարձրանալու»։ «Որտեղի՞ց նա կարող էր ստանալ նման տեղեկություն» մեր հարցին պրն Նազարյանը վստահ պատասխանեց. «Մենք որեւէ մեկին որեւէ կարծիք չենք հայտնել, ընդամենը կարող են մեր քննարկումներին ու մոտեցումներին որոշակի վերապահումով տեղյակ լինել»։ Հստակ պատասխան հանձնաժողովը կասի դեկտեմբերի 24-ին նախատեսված նիստում, որից հետո մեկ ամիս նոր սակագները (փոփոխության դեպքում) կիրառման մեջ չեն լինի, ինչպես գործող կարգն է պարտադրում։ Այսինքն, հունվարի 1-ին գազի եւ հոսանքի գները չեն բարձրանա։ «ՀայՌուսգազարդի» հիմնավորումները, ըստ պրն Նազարյանի, շատ են, «հիմնականն այն է, որ 500 խմ-ով նվազել են նախկին սակագների հաստատման ժամանակ հաշվարկված 1 մլրդ 600 մլն խմ գազի իրացման ծավալները, ինչը բացատրվում է նրանով, որ վերջին ջրառատ տարիներին մեր էներգակիրներն օգտագործել են սովորականից ավելի շատ հիդրոէներգիա, իսկ ընդհանուր տեսակարար կշռում էներգակիրներն ամենամեծ դերակատարումն ունեն, այլ ոլորտներում եւ բնակչության կողմից գազի սպառումը կազմում է 10-12%»։ Դեկտեմբերի 12-ին ընդունած Հայկական ատոմակայանի՝ կրկին սակագնի բարձրացման հայտը հանձնաժողովը դեռ չի ուսումնասիրել։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել