Չտեսների ժամանակը Նիմփոմանիան անկառավարելի սեռական ցանկությունն է, հեշտամոլությունը Դա հիվանդություն չէ, այլ յուրատեսակ ախտ։ Այն ավելի վտանգավոր է, վարակիչ, եթե ախտակիրը բարոյախոս է, հասարակություն կրթելն է նրա մասնագիտությունը։ Եվ պարտականությունը, որի համար վճարվում է։ Բայց նա իր պարտականությունը կատարում է՝ բոլորի «աչքին թոզ փչելով»։ Նա զբաղված է տղամարդաորսությամբ եւ ուռկանը նետում է այդ հասարակության ամենայուղոտ հատվածներում՝ բանկիրների, բիզնեսմենների միջավայրում։ Նրա համար բոլորը մեկ են՝ նույն հավաքածու-տուփի հատիկներ։ Շամփրում է մի ակնթարթում հատկապես ջահելներին, որովհետեւ բավարար խելք ունի եւ գրավիչ արտաքին։ Տղամարդը նրա կյանքում թաշկինակ է, որը պիտի փոխել հաճախակի։ Դա նրա էությունից բխող կենսակերպ է, ապրելաձեւ։ Ժամանակակից նիմփոմանը առասպելականի նման մերկ չի հայտնվում ոչ մի միջավայրում, ընդհակառակը՝ պահվածքն ու հագուկապը հավուր պատշաճի են։ Բայց գայթակղում եւ ծնկում է հենց Նիմփայի շլացքով ու թեթեւությամբ։ Պարկինսոնիզմը հավասարակշռության կորուստ է, նույնպես ախտ։ Սրա «վիրուսակիրն» էլ օլիգարխի մի տեսակն է, ագահ այն աստիճան, որն ուզում է ամեն ինչ ունենալ եւ ձեռքը գցում է ամեն ինչի՝ չհաշվեկշռելով իր մտավոր եւ ձեռներեցական ունակությունները։ Նա օղի է փակում, զբաղվում արվեստի ստեղծագործությունների վաճառքով, դառնում է մոնոպոլ՝ բենզինի, դեղի շուկայում։ Եվ կուտակում է ահռելի հարստություն՝ պետության, հասարակության հաշվին, ի վերջո։ Ձեռքի հետ էլ զբաղվում է քաղաքականությամբ՝ գրպանելով ամեն տեսակ մանդատ եւ անձեռնմխելիության վկայագիր։ Եվ գործարքի մեջ մտնելով «վերին էշելոնի» մարդկանց հետ, «ստրկացնում» է նրանց, թելադրում իր կամքը, պայմանավորում նրանց գործելակերպը նույնպես։ «Իմ դեմ խաղ չկա» գողականանման նշանաբանը նա փոխադրում է կառավարման համակարգ, որը ստանում է պետական օրենքի եւ իրավունքի արժեք։ Եվ սկսվում է կառույցի փտախտը։ Երկուսն էլ հասարակության մեջ, երկրում ստեղծում են անհավասարակշռություն եւ անկառավարելիություն, առաջինը՝ բարոյական դաշտում, երկրորդը՝ տնտեսական-ֆինանսական։ Երկուսն էլ պարտականությունը նենգափոխելով՝ ստանում են իրավունք. նրանց համար ամեն ինչ գնվում է, ամեն ինչ վաճառվում։ Մեկը բարոյազրկում է, մյուսը՝ ունեզրկում։ Եվ երկուսի համար էլ սրբություն չկա։ Երկուսն էլ հասարակությունը ախտահարող միեւնույն մեդալի տարբեր երեսներն են։ Նրանք իրենց ընտրյալներ են համարում։ Եվ պատվանդանի վրա են։ Եվ երկուսն էլ ցինիկաբար ծիծաղում են այս հասարակության վրա… Հ. ՄԱՐՏՈՒՆԻ