«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՇԱՏ ՌՈՄԱՆՏԻԿ ԵՆ» Գտնում է ստրիպ-պարուհի Ալինա Գուլեւիչը «Ստրիպ-պարուհին պետք է ունենա մեծ հոգի, անմիջականություն, անկեղծություն եւ լինի կրակոտ։ Նա պետք է լավ իմանա իր մարմինը, կարողությունները եւ դրանք օգտագործի խելացի ու մտածված։ Հակառակ դեպքում՝ «կհանգչի» պիլոնը (ձողը) բռնած»,- վստահեցնում է ստրիպ-պարուհի Ալինա Գուլեւիչը՝ Ուկրաինայից։ Ներկայումս նա աշխատում է Երեւանի «Պիոներ» գիշերային ակումբում։ Արդեն երկրորդ տարին է, հրաժարվելով Ճապոնիայում աշխատելու հնարավորությունից, նախընտրում է Հայաստանը։ Բնականաբար, հետաքրքրվեցինք պատճառներով։ «Ճապոնիայի նման գերզարգացած երկրի գիշերային ակումբներում աշխատելը բարդ է,- պատասխանեց ստրիպ-պարուհին,- ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր ճապոնական ստրիպ-ակումբները մնացել են զուտ զվարճանքի վայր։ Օրենք է, այնտեղ պարուհին պետք է զվարճացնի հաճախորդին, ավելին՝ կան չգրված օրենքներ էլ, որոնց մասին չեմ ուզում խոսել։ Ինչ վերաբերում է Երեւանին, տեղի հանդիսատեսն ինձ դուր է գալիս»։ Ըստ Ա. Գուլեւիչի, գիշերային ակումբներ հաճախող հայ տղամարդիկ զուսպ են իրենց ժեստերում, նույնիսկ կարող են շատ ռոմանտիկ լինել։ Ստրիպ-պարուհին փաստեց, որ եղել են նաեւ դեպքեր, երբ իրեն ծաղիկներ էլ են նվիրել. «Նվիրում են նաեւ գումար, որը ակումբի տնօրինությունը հաստատ չի բռնագրավում։ Պատահում է նաեւ մեղմ շոյում են, ինչն արգելված է, բայց ներում եմ, որովհետեւ հայերդ արվեստասեր ու արվեստի գինն իմացող ժողովուրդ եք»։ «Անհրաժե՞շտ են արդյոք ստրիպ-պարուհու համար 90-60-90 պարամետրերը» հարցի առնչությամբ Ա. Գուլեւիչը պարզաբանեց, որ կարեւորը պարային տեխնիկային ազատ տիրապետելն է, շարժումների անթերի մաքրություն մշակելը, թեթեւության ու երաժշտականության հասնելու ձգտումը։ «Ինչ վերաբերում է ստրիպ-պարուհու կազմվածքին, միանշանակ ստանդարտ չափերը ցանկալի են, բայց ոչ պարտադիր։ Կինը կին է՝ անկախ արտաքին տվյալներից։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, Վերածննդի շրջանում նկարիչները բնորդուհիներ էին ընտրում փարթամ կանանցից։ Նմանատիպ կազմվածքի ականատեսն եմ եղել Եվրոպայի ստրիպ-ակումբներում»,- նկատեց ստրիպ-պարուհին։ Ի դեպ, նա դրական կարծիքի է հայ ստրիպ-պարուհիների մասին, գտնում է, որ նրանց փոքր-ինչ խանգարում է հայկական մենթալիտետը, բայց «այդ ցավը բոլորինս է, որովհետեւ մենք խորհրդային ժամանակների մեծ ընտանիքից ենք»։ Ա. Գուլեւիչը ցավով փաստեց, որ ԱՊՀ երկրներից որեւէ մեկում մինչ այժմ չկա ստրիպ-պարի ստուդիա։ «Ես Դոնեցկի արվեստների թատրոնի խորեոգրաֆիայի բաժնում դասական բալետային կրթություն ստացած պարուհի եմ։ Աշխատել եմ տեղի «Մարի» բալետային խմբում։ Գտնում եմ, որ վաղուց ժամանակն է խորեոգրաֆիայի ոլորտում, այդ թվում՝ ձեր պարարվեստի ուսումնարանում ստրիպ-պարի բաժին բացել։ Որովհետեւ պարարվեստի այս տեսակին էլ պրոֆեսիոնալ մոտեցում է անհրաժեշտ»,- համոզված է ստրիպ-պարուհին։ Ըստ նրա, միեւնույն է, ստրիպ-արվեստը, արհամարհելով ընդդիմադիրների հսկա բանակը, հաստատուն քայլերով առաջ է շարժվում։ Արդյունքում՝ աշխարհում մեծանում է նախկին խորհրդային երկրների ստրիպ-պարուհիների պահանջարկը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ