Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ Է

Դեկտեմբեր 16,2003 00:00

ԱՎԱԳԱՆԻՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ Է Իսկ քաղաքապետարանի պաշտոնյան բոլոր շանսերն ունի նստելու «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Մազմանյանի դեմ՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քրգործի, պրն Մազմանյանը ավագանու 2003թ. մարտի 20-ի նիստի որոշման մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել եւ որպես ելույթ ունեցողների մատնանշել դրան չմասնակցած անձանց: Ուրբաթ օրը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է հիշյալ գործի դատաքննությունը: Երկրորդ նիստում ցուցմունք էին տվել ավագանու անդամները: Հարցաքննությունից պարզ դարձավ, որ այս տարվա մարտի 20-ի ավագանու որոշման համաձայն, 2-րդ գերեզմանատան մոտ, Ղարիբջանյան խճուղու վրա գտնվող Սանմաքրման նախկին գրասենյակի 24 ավտոտնակները առանց աճուրդի, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են «Լուսափայլ» ՍՊԸ-ի տնօրեն Սաշիկ Զագարյանին: Այն վաճառվել է երկու հարյուր հազար դրամով, մինչդեռ՝ ըստ մասնագիտական ակտի, իրական արժեքը գնահատված է եղել 350000 դրամ: Սաշիկ Զագարյանն էլ, իր հերթին, առիթը բաց չի թողել փող աշխատելու: Նա՝ տարածքը ներկայացնելով որպես իր սեփականությունը, այն վաճառել է «Լինսի» հիմնադրամին 5 մլն. դրամով: «Լինսն» այս տարածքն օգտագործել էր ճանապարհաշինական նպատակներով: Նախաքննական ցուցմունքներում տեղ գտած հարց ու պատասխանից հայտնի դարձավ, որ ավագանու նիստը կայացել է մարտի 20-ին, իսկ տարածքը գնող անհատը դիմումը ներկայացրել է հետին թվով՝ մայիսի 5-ին: Դատարանում որպես վկա ներկայացած ավագանու անդամների համար՝ օբյեկտի գնահատման վերաբերյալ գոյություն ունեցող մասնագիտական ակտը, կարծես թե, նորություն էր, ինչպես նաեւ նորություն էր այն փաստը, որ տարածքը որեւէ մեկի հաշվեկշռում չի գտնվել: Ինչպես հեգնեց դատավոր Հարություն Մովսիսյանը՝ «Եթե չգիտեիք, լավ է, ինֆորմացված կգնաք»: Ավագանու անդամների վկայությամբ, իրենց ներկայացրել են, որ հաշվեկշռային արժեքը զրոյական է: Ավելին, իրենք իրոք ուրախացել էին, որ «քարուքանդ աղբանոցին» վերջապես գնորդ է հայտնվել: Ավագանու անդամների ասելով, իրենք մանրամասն հաշվարկ չեն կատարել, առաջարկված գնին էլ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել: Կարելի է ենթադրել, որ նրանց համար այնքան էլ կարեւոր չէ՝ ի՞նչ փաստաթղթերի տակ են ստորագրում: Հիշյալ հարցին կողմ քվեարկած ավագանու անդամները այդպես էլ չհիշեցին ավտոտնակների օտարումը օրակարգի գլխավո՞ր, թե՞ երկրորդական հարց էր կամ թե քաղաքապետարանի ո՞ր պաշտոնյան էր այն քննարկման ներկայացրել: Ի դեպ, այդ օրը քննարկվել է բյուջեն: Զավեշտալին այն էր, որ ավագանու որոշ անդամներ չգիտեին «ամբաստանյալ» բառի բացատրությունը, հավանաբար, առաջին անգամ էին լսում: Դատավորի այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունեն ամբաստանյալի հետ, նրանցից ոմանք որոնողական հայացքով նստածների մեջ ամբաստանյալ էին փնտրում: Մեկն անգամ հարցրեց. «Խոսքն ու՞մ մասին է, քաղսովետի աշխատակազմի ղեկավարի՞»: Առաջին ատյանի դատարանում լսվել են արդեն 7 վկաների ցուցմունքներ, առաջիկայում կքննվեն եւս 8-ը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել