Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» լոտո է խաղում

Դեկտեմբեր 16,2003 00:00

«ԱրմենՏելը» լոտո է խաղում Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «ԱրմենՏելին» տուգանեց 10 միլիոն դրամով: Այդ տուգանքից հինգ միլիոնը ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու համար էր, մյուս հինգ միլիոնը՝ գերիշխող դիրքի չարաշահման: Վերջին գործն առավել հետաքրքիր էր: «ԱրմենՏելը» «Բարի լոտո» վիճակախաղի կազմակերպչին է տրամադրել 3000 հատ իզի քարտի փաթեթ՝ այն դեպքում, երբ այդ ապրանքը շուկայում դեֆիցիտ է (առայժմ հատկացվել է մոտ 1500 հատը): Ավելին, որոշակի ժամանակահատվածում այդ ապրանքի ձեռքբերման որեւէ այլ եղանակ, քան լոտոյի միջոցով շահելն է, չկար: Իսկ թե քարտի անհրաժեշտություն ունեցողը քանի տոմս ստիպված պետք է լինի գնել հատկապես իզի քարտ ձեռք բերելու համար՝ բախտի հարց է: Չնայած այլ տարբերակ էլ կա. թանկ գներով կարող է գնել ուրիշ շահողներից: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ մեկ ուրիշ դեպքում եթե ապրանքը դեֆիցիտ չլիներ, «ԱրմենՏելն» էլ գերիշխող դիրք չունենար, գործարքն ուշադրության չէր արժանանա: Սակայն ունենալով գերիշխող դիրք, ընկերությունը գնորդին լրացուցիչ պայմաններ է պարտադրել: «ԱրմենՏել»-ը փաստարկներ չբերելով, փորձում էր հերքել այդ դիտարկումը: Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը հետեւյալ զուգահեռն անցկացրեց. «Եթե վաղը լարային հեռախոսակապը դեֆիցիտ դառնա, դուք կարո՞ղ եք ինձ պարտադրել մոտորավազքի մրցումների մասնակցել՝ հեռախոսակապս պահպանելու համար»: Ընկերության իրավաբանական վարչության պետ Արսեն Ղազարյանն, իհարկե, բացասական պատասխան տվեց: Իսկ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը նիստին չէր ներկայացել, փոխարենը խնդրել էր նիստը հետաձգել: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա իզի քարտերը հետաձգված ժամկետում արդեն կարող էին ամբողջությամբ տրամադրված լինել, ուստի հանձնաժողովը մերժեց հետաձգելու խնդրանքը: Իսկ ընդհանրապես «ԱրմենՏելը» երեկ իր շահերը պաշտպանում էր ինչպես միշտ՝ յուրահատուկ մարտավարությամբ: Դեֆիցիտային պայմաններում ապրանքը հատուկ պայմաններով մի սուբյեկտի տրամադրելու, դրանք շուկայից հանելու վերաբերյալ հարցին «ԱրմենՏելի» պատասխանից պարզ դարձավ ընկերության տրամաբանությունը, թե միեւնույն է, պահանջարկն այնքան մեծ է, որ այդ 3 հազարը եղանակ չէր փոխելու: Պարոն Ղալթախչյանը հաջորդ օրինակը բերեց. «Այսինքն, երբ մարդու պարտքը 1000-ից անցնում է, պետք է ոչխար մորթի՝ քեֆ անի, հա՝ միեւնույն է, այնքան շատ է, չի կարող մարել»: Թեեւ «ԱրմենՏելը» չէր ընդունում մեղադրանքները, սակայն հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանի հարցերին պատասխանելով ապացուցեց այդ խախտումների գոյությունը: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ իզի քարտի փաթեթները տրամադրելու պայմանագրով, «Բարի լոտոն» պարտավորվել է գործարքի 10 տոկոս վարձատրության դիմաց գովազդի «ԱրմենՏելին»: Հանձնաժողովի հարցին, թե ինչու՝ «ԱրմենՏելը» պատասխանեց՝ դա ընկերության կոմերցիոն քաղաքականությունն է, եւ բացառապես ընկերության որոշելիքն է: Ստացվել է այնպես, որ իր այդ կոմերցիոն քաղաքականության տրամաբանությամբ «ԱրմենՏելը» որոշել է գովազդել մի ծառայություն, որը դեֆիցիտ է, եւ որը շատ արագ կսպառվի առանց որեւէ գովազդի: Մոտավորապես այս քաղաքականության ոճով էլ երեկ պաշտպանվում էր «ԱրմենՏելը»: Բացի տուգանքից, հանձնաժողովը հանձնարարեց դադարեցնել իզի քարտերի մնացած խմբաքանակի տրամադրումը «բարի լոտո»-ին: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ.Գ. Պրն Վասիլակիսի չներկայանալու պատճառը նույն օրը գումարվող տնօրենների խորհրդի նիստն էր, որը, մեր տեղեկություններով, շարունակվել է մինչեւ ուշ երեկո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել