ՀԱՐՑԵՐԸ ՉԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ Համաշխարհային բանկի առողջապահության թիմի լիդեր Թոմաս Փալոն «այո եւ ոչ» պատասխանեց մեր հարցին, թե հակասություն կա՞ արդյոք ՀՀ առողջապահության հիմնարկների օպտիմալացման մասին ՀԲ-ի երաշխավորությունների եւ մեր կառավարության որոշման միջեւ: Նա հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին իրենք Հայաստանում քննարկել են չորս նոր միավորումների եւ դրանցում մեկ պոլիկլինիկայի ընդգրկման հարցը. «Մենք կարծում էինք, որ այդ պոլիկլինիկան շատ մոտ է, 50 մետր: Կառավարությունը այնուհետեւ համաձայնեց ստեղծել միաձուլումներ եւ առաջ գնալով՝ ընդգրկեց զգալիորեն ավելի շատ պոլիկլինիկաներ, քան քննարկվում էր»: Օրինակ, Համաշխարհային բանկի հետ չի քննարկվել երեք պոլիկլինիկաների եւ ծննդատան միաձուլումը եւ այդ մասին ՀԲ-ի փորձագետներն իմացել են միայն այստեղ գալով: Պրն Փալոն անտրամաբանական որակեց այդ միաձուլումը եւ հայտնեց, որ դրան գնահատական կտրվի: «Իսկ փիլիսոփայության առումով մենք չենք կարծում, թե ինչ-որ հակասություն կա»,- ասաց պրն Փալոն: Երեւանի բուժհաստատությունների 2001թ. օպտիմալացման ծրագիրը արդեն իսկ նկատի է ունեցել պոլիկլինիկաների որոշակի ծառայությունների ներառում հիվանդանոցների կազմում: «Ծրագրի մշակման շարունակության մեջ մենք պատրաստվում ենք կառավարությանը աջակցել՝ ավարտելու բարեփոխումը առաջիկա 4 տարում, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր ընտանեկան բժշիկը»: Փորձագետը հայտնեց, որ դա հաջորդ վարկային ծրագրի նշանակալից մասն է լինելու: Իսկ ի՞նչ կապ ունի սա օպտիմալացման այս ծրագրի հետ: ՀԲ փորձագետները կարծում են, որ մեր կառավարությունը պետք է շուտափույթ երեք որոշում կայացնի: Դրանցից մեկով ընտանեկան բժիշկների եւ առողջության առաջնային պահպանության (ԱԱՊ) օղակի համար պետք է հնարավորություն ստեղծել անկախանալու՝ Առողջապահության գործակալությունից, ֆինանսավորվելու ըստ մարդաշնչի եւ ունենալու բաց գրանցման հնարավորություն, երբ մարդիկ ընտրում են իրենց բժշկին: Մեր զրուցակիցը կարծում է, որ առաջիկա վեց ամիսներին այս որոշումները կընդունվեն: Պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների միաձուլումից հետո ԱԱՊ-ի համար վտանգ չի տեսնում նաեւ Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: Նա բերում է Էրեբունի հիվանդանոցի օրինակը: Այստեղ միշտ պոլիկլինիկան գործել է հիվանդանոցի կազմում եւ փորձարարական կարգով դրվել է ընտանեկան բժշկության կենտրոն: Պրն Պողոսյանը գտնում է, որ այն բավական արդյունավետ է աշխատում: Սակայն, մյուս կողմից, վարչության պետը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը դեռեւս անհրաժեշտ է գնահատել: Ամենեւին չկասկածելով այդ օրինակի արդյունավետությանը, հարց է ծագում. մինչեւ արդյունքը գնահատելը այդ փորձը ավելի մեծ մասշտաբով կիրառելը մի քիչ շուտ չէ՞: «Չէ, այստեղ կա ճիշտ կառավարման մեխանիզմներ դնելու խնդիր,- գտնում է Վ. Պողոսյանը:- Մենք կարող ենք կառավարման մեխանիզմ դնել այդ կենտրոններում. առանձին տողով ֆինանսավորել ամբուլատոր ցանցը, տնօրենին թույլ չտանք այդ ֆինանսն ուրիշ տեղ օգտագործի եւ վերահսկենք»: Շենքեր ազատվելու մասին մեր հարցին ի պատասխան, պրն Պողոսյանն ասաց, որ այդ մասին վաղ է խոսելը, որովհետեւ մինչ այդ՝ հզորությունների, ծանրաբեռնվածության, աշխատանքի ուսումնասիրություն պիտի կատարվի: Շտապօգնության մանկական հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը որպես ԱԱՊ-ի ամրապնդման փաստարկ է բերում այն, որ իրենց մոտ հակառակն է եղել՝ ստացիոնարից գումարներն ուղղվել են պոլիկլինիկա եւ ԱԱՊ: «Պոլիկլինիկաները հիմնականում պատեր են, այն էլ՝ վատ, տկլոր պատեր: Մեզ մոտ պոլիկլինիկան միշտ էլ եղել է բացասական բալանսով աշխատող»,- ասաց տնօրենը եւ հավաստիացրեց, որ այսուհետեւ էլ այդպես կլինի: Նշենք, որ բուժհաստատությունների մի շարք տնօրեններ մտավախություն ունեն, որ երկու տարի հետո նույն միջազգային փորձագետները կգան ու կստիպեն այս անգամ էլ հակառակն անել՝ առանձնացնել ԱԱՊ օղակը կամ պոլիկլինիկան հիվանդանոցից: Եվ եթե պոլիկլինիկայի դեպքում հավաստիացումները միանշանակ են, որ դրանց գործունեությունը հիվանդանոցների կազմում ավելի արդյունավետ կլինի, ապա ԱԱՊ-ի եւ ընտանեկան բժիշկների ապագան անորոշ է: Մասնավորապես առողջապահության պաշտոնյաներն ասում են, որ հետագայում նրանք կարող են առանձնանալ եւ ստեղծել իրենց գրասենյակները: Իսկ տարա՞ծքը: Կարող են վարձակալել ցանկացած հիմնարկից: Գուցե նրանց աստիճանաբար «տնից» դուրս են հանում, որ հետո այդ նույն տանը որպես «տնվո՞ր» ընդունեն: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ