ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ «Ա1+»-Ի՞ «Արթ-13»-ի զբաղեցրած կապուղու համար մրցույթին երեկ հայտեր ներկայացրին «Ա1+»-ը, «Նոյյան տապանը», «Ավետիս»-ը եւ «Հուսաբեր» ՓԲԸ-ի անվան ներքո հանդես եկող «Երկիր Մեդիա» հեռուստախմբագրությունը: Վերջինս ղեկավարում է պարսկահայ Ռուբինա Ղազարյան-Պետրոսյանը, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Վազրիկ Պետրոսյանի կինն է եւ «Մենուա Թուր» զբոսաշրջային գործակալության ղեկավարը: Պարզաբանելով, թե ինչ կապ ունեն ՀՅԴ-ի հետ՝ տիկին Ռուբինան պատասխանեց. «Եթե նույնիսկ մի քանի դաշնակցականներ էլ լինեն հեռուստախմբագրությունում՝ չի նշանակում, որ այն Դաշնակցությանն է»: Ըստ «Երկիր-Մեդիա»-յի ղեկավարի՝ իրենց հեռուստախմբագրությունը ստեղծվել է 2003-ի փետրվարին: Մեր հարցին, թե ինչո՞ւ հատկապես այս մրցույթին որոշեցին մասնակցել՝ տիկին Ռուբինան պատասխանեց. «Փաստորեն չունեինք այլ ելք: Եթե սրան էլ չմասնակցեինք՝ կզրկվեինք կապուղի ստանալու հնարավորությունից: Հաջորդ մրցույթը 5-7 տարի անց է»: Նշենք, որ դեռեւս մեկ մրցույթ էլ կա՝ HTB-ի կապուղու համար: Ըստ ամենայնի՝ «Երկիր Մեդիան» չունի մասնագետներ: Օգոստոսից սկսյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթն ամեն շաբաթ հայտարարություն է տպագրում, թե «Երկիր Մեդիան» համագործակցության է հրավիրում ռեժիսորների, օպերատորների, հեռուստալրագրողների, հաղորդավարների, մոնտաժողների եւ այլն: Ենթադրելի է, որ 5 ամսվա ընթացքում չի լուծվել այդ հարցը: «Աշխատակազմը փոփոխություններ կկրի, եթե մենք եթերի հնարավորություն ունենանք,- ասաց տիկին Ռուբինան:- Քանի դեռ կապուղի չունենք՝ պետք չէ այդ մարդկանց անունները հրապարակել, որոնք այժմ աշխատում են այլ լրատվամիջոցներում»: Տեխնիկական հնարավորությունների մասին էլ ասաց, թե արդեն գնել են մի մասը, իսկ մնացած տեխնիկան էլ տրամադրելու են տարբեր անհատներ: Հայտնեց նաեւ, թե շենքի վերանորոգման աշխատանքներ են տանում, որ առայժմ ավարտված չեն: Ի դեպ, տիկին Ռուբինան հաստատեց, թե սկզբնապես մտադիր են եղել մրցույթին մասնակցել «Նոյյան տապանի» հետ միասին. «Այդպիսի խոսակցություն եղել է, բայց ոչ շատ լուրջ: Հետո երբ տեսանք, որ չեղավ համաձայնություն՝ ինքներս մասնակցեցինք»: Մեր հարցին, թե վստահ է, չէ՞, որ ՀՌԱՀ-ն անպայման իրենց նախապատվություն կտա՝ հերթական անգամ կապուղի չտրամադրելով անկախ հեռուստաընկերություններին՝ «Երկիր Մեդիա»-յի ղեկավարը պատասխանեց. «Չգիտեմ ինչ ասեմ: Միշտ լավ չեմ վերաբերվել «Ա1+»-ի եթեր չունենալուն: Բայց մի կապուղի է մնացել եւ ամեն մեկը պիտի ցուցադրի իր ամենալավ հնարավորությունները»: Ա. Ի.