Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւողական «իզգոյացում»

Դեկտեմբեր 16,2003 00:00

Հետեւողական «իզգոյացում» Պետք է սպասել, որ ՀՀ ղեկավարներն այժմ տասնյակ խելացի եւ մեկը մյուսից փաստարկված հիմնավորումներ են հնչեցնելու առ այն, թե ինչու Միացյալ Նահանգները Հայաստանին վռնդեց Իրաքի հետպատերազմական վերականգնման միլիարդանոց պայմանագրերի մրցույթից: Դրանից, սակայն, խնդրի ստորացուցիչ էությունն ամենեւին չի փոխվի: Փաստը մնում է փաստ, որ ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական օգտակարության առումներով այս եզակի հնարավորությունից Հայաստանն այլեւս զրկված է, մինչդեռ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից հիշյալ մրցույթին մասնակցելու հրավերներ են ստացել Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Էստոնիան (ընդհանուր առմամբ՝ 63 երկիր): Ինչպես ասվում է հայտնի մուլտֆիլմում, չենք ասի, թե ովքեր են Հայաստանի բախտակից մնացյալ վռնդվածները, թեեւ հասկանալի է, որ դրանք են Տաջիկստանը, Թուրքմենստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը: Ընդհանրապես, իմաստ ունի արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի այդքան տարփողված արտաքին քաղաքականությունը մեկը մյուսի ետեւից խայտառակ պարտություններ է կրում, ստիպելով կասկածի տակ առնել, թե նման քաղաքականություն, որպես ինքնուրույն գործոն, առհասարակ գոյություն ունի: Հայաստանը ժամանակին դուրս մղվեց «Բաքու-Ջեյհան» նավթամուղի եւ «Բաքու-Էրզրում» գազամուղի կառուցման տարածաշրջանային նախագծերից: Ապա մեր երկիրը, իր իսկ «հետեւողական ջանքերի» շնորհիվ, հայտնվեց Պենտագոնի համագործակցության ծրագրերից դուրս: Այժմ, իբրեւ դիվանագիտական հաղթանակների «պսակ», ՀՀ-ն չի մասնակցի նաեւ իրաքյան պայմանագրերի մրցույթին, թեեւ «շրջահայացորեն» հայտնել էր նման ցանկություն. 2003 թվականի ապրիլին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հայտարարել էր Իրաքի հետկոնֆլիկտային վերականգնմանը եւ կայունացմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին: Պետք է խոստովանել, որ բավականաչափ հուզիչ հայտարարություն է, թեեւ ուշացած՝ մի ամբողջ պատմական էպոխայով: Հայ դիվանագիտական միտքը հավանաբար հույսը դրել էր այն բանի վրա, որ ԱՄՆ-ում խիստ զբաղված են ու մարդ ես՝ երեւի արդեն մոռացած կլինեն իրաքյան պատերազմի նախաշեմին պաշտոնական Երեւանի դրսեւորած անդեմ ու ակնհայտորեն ռուսական «շպարգալկա»-ից թխած դիրքորոշումը: Ասենք, մեր կոմպլեմենտարիստները ժամանակին նաեւ «ապահովագրող» բացատրություններ են տվել իրենց նմանօրինակ վարքագծին, որոնք, պետք է խոստովանել, ավելի հուզիչ են, քան Արման Կիրակոսյանի հայտարարությունը: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանն ապրիլին Երեւանում հայտարարել էր, թե իրաքյան պատերազմի հարցում Հայաստանի զուսպ դիրքորոշումը պայմանավորված էր Մերձավոր Արեւելքի 200-հազարանոց հայկական համայնքի շահերով: Ինչ խոսք, ԱՄՆ վարչակազմն, ըստ ամենայնի, կաշառվել է այսչափ տրամաբանված եւ որ կարեւոր է՝ մարդասիրական մոտեցումից: Սակայն, Սպիտակ Տանը հավանաբար գտնվել է մեկը, ով տարօրինակ է համարել այդպիսի մարդասիրությունը՝ երբ հանուն անորոշ 200 հազարի, անտեսվում են խիստ որոշակի 2 մլն մարդու շահերը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել