Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները դժգոհում են

Դեկտեմբեր 16,2003 00:00

Քաղաքական գործիչները դժգոհում են Արմեն Դարբինյանը՝ Լյուդմիլա Հրությունյանից, Արա Սահակյանը՝ ներկայիս ԱԺ-ից «ԱԱ»-ն չի մեռել «Ես կարծում էի, որ Լյուդմիլա Հարությունյանի քաղաքական նպատակն ավելի բարձր պետք է լիներ, քան ինձ հեղինակազրկելը, ինչը չստացվեց։ Ինչո՞ւ սկսեց այդ հիստերիան, ի՞նչ է ուզում։ Հրապարակայնություն տվեց իր զգացմունքներին եւ դրանից միայն տուժեց՝ նրա վարկն ընկավ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտքեր արտահայտեց «Արժանապատիվ ապագա» կուսակցությունում «իշխանափոխությունից» հետո կարծիք չհայտնած Արմեն Դարբինյանը։ Մեր դիտարկմանը՝ չարժեր, արդյո՞ք, սպասել մինչեւ Լ. Հարությունյանը կուսակցությունից հեռանալու դիմում կգրեր, Ա. Դարբինյանն այսպես պատասխանեց. «Հեռացնելու որոշումը ձգձգել ենք ինչքան հնարավոր էր։ Բայց ամեն օր, մի նոր հայտարարությամբ տիկին Լյուդան հեղինակազրկում էր կուսակցությանը։ Ոչ մի խելացի մարդ նրա վարքագծի մեկնաբանությունը չի կարող տալ»։ Նկատենք, որ, օրեր առաջ, Լ. Հարությունյանը համահունչ կոպտությամբ եւ վիրավորանքներով էր արտահայտվել Ա. Դարբինյանի մասին։ Պրն Դարբինյանից տեղեկացանք նաեւ, որ օրերս կհրավիրվի կուսակցության հերթական համագումարը՝ վերագրանցման նոր փաստաթղթեր ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է Լ. Հարությունյանի հայտարարած «Արժանապատվություն եւ ապագա» ստեղծվելիք կուսակցությանը՝ «Ես թույլ չեմ տա, որ այն գրանցվի»,- հայտարարեց Արմեն Դարբինյանը։ Իսկ թե ի՞նչ է անելու այդ գրանցումը կանխելու համար. «Արժանապատիվ ապագան» դեռ չի մեռել, ինչքան էլ տիկին Լյուդան ուզեր դա։ Իրավական հարթությունում այն կա եւ նորի գրանցումն անհնար է։ Իրենց իրավախորհրդատուները՝ ցածր մակարդակով, անընդհատ անհարմար վիճակի մեջ են գցում տիկին Լյուդային։ Մանկամտություն է կարծել, թե կարող են մեզանից շուտ գրանցվել։ Խորհուրդ կտայի Լյուդմիլա Հարությունյանին՝ համահունչ մնալ պրոֆեսորի կոչմանը»։ Լիկյոր՝ թթու վարունգով «Զանազան լոտոների հասարակության մի մասը կասկածով է վերաբերվում նաեւ՝ դրանց գռեհիկ ու կպչուն գովազդի պատճառով։ Այդ ամենն այնքան մեծ ծավալ է ձեռք բերել, որ վերջապես նաեւ «ազգընտիր» պատգամավորները նկատեցին։ Չնայած, վստահ եմ, որ եթե ԱԺ-ում լոտոյի տերերը պատշաճ ներկայացված լինեին՝ «ազգընտիրներն» այդքան սկզբունքային չէին գտնվի։ Մեր գլխավոր դժբախտությունը լոտոները չեն, ընդհակառակը, դրանք հույս են եւ՝ ինչ-որ մարդկանց համար իրականություն դարձած»,- ի պաշտպանություն լոտոների այսպես խոսեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ «Ոչ պակաս հակահասարակական է ծխախոտի տարաշխարհիկ գովազդը, իսկ այդ մասին «ազգընտիրները» լռում են։ Թերեւս այն պատճառով, որ ծխախոտ արտադրողներն ու ներկրողները ԱԺ-ում լի ու լի ներկայացված են»,- ասաց պրն Սահակյանը եւ հավելեց. «ԱԺ-ը դարձրել են առանձին կլանների բիզնես-շահերի պաշտպանության գործիք եւ ուրիշ ոչինչ»։ Հիշեցնենք, սակայն, որ ծխախոտի հեռուստագովազդը Հայաստանում արգելված է։ Ի դեպ, գովազդի մասին։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես, օղու գովազդը։ Սակայն, «OPT» ռուսական հեռուստաընկերության գովազդային դադարների ժամանակ, Հայաստանում սեփական գովազդները սփռող «TV-1» ՍՊԸ-ն հանրահայտ «Նեմիրով» օղու գովազդն է հեռարձակում։ Մեր՝ ինչո՞ւ են խախտում «Գովազդի մասին» ՀՀ օրենքը հարցին, «TV-1»-ի տնօրեն Արամ Արզումանյանն արդարացավ, որ գովազդվում է իրավաբանական անձը եւ ոչ թե օղին։ «Բացի այդ, սույն ընկերությունը օղուց զատ նաեւ լիկյորներ է արտադրում եւ պահածոյացված կարմիր պղպեղ»,- մեզ հիշեցրեց Ա. Արզումանյանը։ Սակայն քիչ հավանական է, որ շոգեբաղնիքում ընդարմացած հեռուստագովազդային «ռուս գեներալը» վայելի իրավաբանական անձի լիկյոր կամ պահածոյացված կարմիր պղպեղ ու դեռ վրայից էլ, ինչպես պատկերված է գովազդում, «ըմբոշխնի թթու վարունգ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել