Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Դեկտեմբեր 16,2003 00:00

«ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» Շենգավիթցիներին վստահեցրեց Ստեփան Դեմիրճյանը Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, «Արդարություն» դաշինքը կազմակերպել էր հանդիպում Երեւանի Շենգավիթ համայնքի բնակչության հետ։ Խորհրդային տարիների երբեմնի բանվորական այս շրջանում այժմ գործազրկությունը ամենաբարձրն է, սոցիալապես անապահով մարդիկ այստեղ մեծ թիվ են կազմում։ Թերեւս համայնքի ընտրությունն արդարացված էր, քանի որ դաշինքի ղեկավարներին Գարեգին Նժդեհ հրապարակում բավականին մեծ թվով մարդիկ էին սպասում։ Բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը, ՀԴԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը, ՍԻՄ համանախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ԱԺԴ նախագահ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը եւ ուրիշներ։ Շենգավիթցիներին հուզող հարցերն էին աշխատատեղերը, նպաստների, կենսաթոշակների եւ աշխատավարձերի չնչին լինելը, գների բարձրացումը եւ ի վերջո՝ «երբ են իշխանությունները գնալու»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում նշեց, որ «Արդարությունն» ակտիվ գործունեություն է ծավալելու խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս. «մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի իշխանափոխությունը լինի հնարավորինս անցնցում, եւ դեռ հնարավորություն կա անցնցում իշխանափոխության։ Դա վստահության հանրաքվեն է՝ քաղաքակիրթ ճանապարհով հարցը լուծելու։ Այսօր զուգահեռներ են տարվում Վրաստանի հետ, ինչ-որ ուժեր էլ փորձում են դա շահարկել իրենց նպատակների համար։ Մենք էլ ունենք մեր ճանապարհը։ «Արդարություն» դաշինքը ակտիվորեն պայքարել է նախագահական ընտրությունների թե՛ առաջին փուլում, թե՛ երկրորդ փուլում, թե՛ հիմա, մտնում ենք երրորդ փուլ (շենգավիթցիք բղավեցին՝ «Հաղթանակ, հաղթանակ».- Մ. Ե.)։ Եվ երրորդ փուլում մենք հաղթելու ենք։ Մենք մեր քայլերի մեջ միշտ էլ հետեւողական ենք եղել եւ հետեւողականորեն հասնելու ենք, որպեսզի իշխանությունը բռնազավթած անձը հեռանա, որովհետեւ դա է պահանջում մեր պետության եւ ժողովրդի շահը, դա է այսօրվա հասարակական պահանջը»։ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ միայն մեկ հանրաքվե է պետք՝ «իշխանությունը բռնազավթած անձի վստահության հանրաքվեն»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ իշխանությունը բռնազավթված է, որ վիճակը վատ է, որ բացասական զարգացումներ են սպասվում ե՛ւ Ղարաբաղի հարցով, ե՛ւ թանկացումների հետ կապված։ Ըստ պրն Բազեյանի, «Տարբեր քաղաքական ուժեր տարբեր գործելակերպ են որդեգրել։ Կան գործիչներ, որոնք ուղղակի հայտարարություններ են հնչեցնում, հորդորում են Քոչարյանին հեռանալ, քաջ գիտակցելով, որ նա կամավոր չի հեռանալու։ Կան ուժեր, գործիչների խումբ, որոնք վերլուծում են իրավիճակը, սեմինարներ են կազմակերպում, կանխատեսումներ են անում, որ ընդդիմությունը որեւէ հաջողության չի հասնելու, Քոչարյանը մնալու է, Ղարաբաղը կորցնելու ենք, Մեղրին տալու ենք եւ այլն։ Ես վստահ եմ, որ ավելի ճիշտ է՝ եղած դժվարությունները հաղթահարելու համար քայլեր ձեռնարկել, քան՝ նստել -կանխագուշակել, թե ինչ դժբախտություններ կարող են գալ մեր գլխին։ Ելքը մեկն է՝ անհրաժեշտ է, որ գործող վարչախումբը հեռանա։ Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, մեկտեղեն իրենց ջանքերը, համախմբեն հասարակությանը, ոտքի հանեն եւ հեռացնեն»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ ժողովրդի կողմից մերժվածների հեռացման մի քանի տարբերակներ կան եւ որ իրենք կողմ են վստահության հանրաքվեի տարբերակին, «որը ամենաժողովրդավարական տարբերակն է»։ Շենգավիթցիներին Վիկտոր Դալլաքյանը բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել «Ռ. Քոչարյանի՝ իշխանության գալուց հետո. 1. կատարվել եւ չբացահայտված է մնացել 22 սպանություն, տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի կազմակերպված ոճրագործությունը, իրականացվել են «ԱրմենՏելի», կոնյակի գործարանի, ԲԷՑ-երի եւ «Զվարթնոցի» հակապետական գործարքները, հաստատվել է ղարաբաղյան կլանի տիրապետությունը, կեղծվել են բոլոր մակարդակի ընտրությունները», նշվեց նաեւ բնակչության համատարած աղքատացումը եւ այլն։ Հանրահավաքից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանն ասաց, որ նման հանդիպումներ կլինեն տարբեր բնակավայրերում, համայնքներում, եւ երբ ժողովրդի պատրաստվածությունը կհասնի որոշակի աստիճանի՝ «կոչ կանենք ժողովրդին ոտքի կանգնել եւ այնքան կանգնել, մինչեւ սրանք (նկատի ունի իշխանություններին.- Մ. Ե.) կհեռանան»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել