Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ: ԵՎ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ

Դեկտեմբեր 16,2003 00:00

ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ: ԵՎ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԱԺ-ի երեկվա ամբողջ նիստի ընթացքում հարկային փաթեթի շուրջ հարցուպատասխան ընթացավ: Այս փաթեթին դեմ են գործարարները: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ 13 օրենքներում: Ամենավիճահարույցը դիտվում են հետեւյալ 3-ը: «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ կանխավճարների հաշվարկման հավասար պայմաններ են սահմանվում ե՛ւ վնասով, ե՛ւ շահույթով աշխատող հարկատուների համար: Նախատեսվում է, թե 5%-ից պակաս շահութաբերություն արձանագրող գործարարը պետք է մուծի իր ստացած հասույթի 1%-ի չափով շահութահարկ: Կառավարությունը հույս ունի այս փոփոխությամբ 2,2 մլրդ դրամով ավելացնել բյուջեի եկամուտները: Դիմադրություն կա նաեւ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի փոփոխություններին: Ըստ այդմ՝ ավտոտեխսպասարկման կետերը, հանրային սննդի սրահները, բենզինի, գազի եւ դիզվառելիքի մանրածախ վաճառքը պետք է հարկվեն հաստատագրված վճարներով: Այս կապակցությամբ առարկությունները վերաբերում են տարբերակված մոտեցման բացակայությանը, թե ինչու պետք է, ասենք, Երեւանի եւ որեւէ հեռավոր համայնքի բենզալցակայանները հարկվեն նույն կերպ՝ ամիսը 30 հազար դրամ: Այս փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է 2004-ի բյուջեի եկամուտների 700 մլրդ դրամով ավելացում: Եվ ամենախիստ քննադատությանն էր արժանանում «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ կարող են առանց 3 օր առաջ զգուշացնելու ստուգել վարձու աշխատողների ձեւակերպման, դրամարկղային գործառնությունների ստուգումների ժամանակ: Օրենքով ընձեռվում է նույն տնտեսվարողի մոտ 1 տարվա ընթացքում մեկից ավելի ստուգումներ անցկացնելու հնարավորություն: Ելույթներն այս ամենի առնչությամբ հնչելու են այսօր: Բայց երեկ արդեն երեւում էր, թե փաթեթին դեմ է հատկապես «Ժողովրդական պատգամավորը»: Խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը հնչած հավաստիացումների առնչությամբ, թե այս փաթեթը ձեռնտու չի լինի միայն անբարեխիղճ հարկատուներին՝ ասաց, թե իր համար անհասկանալի է՝ «որո՞նք են բարեխիղճ եւ անբարեխիղճ հարկատուները», փոխարենը գիտի, որ կան «տերով եւ առանց տերի հարկատուներ»: Նաեւ բողոքեց, թե անընդհատ նոր կերակրամաններ են ստեղծում սրա -նրա համար, սակայն հստակեցնելու մեր խնդրանքին ի պատասխան միայն վարկած հայտնեց, թե այս ամենը «կոռուպցիա ծնող եւս մեկ աղբյուր է դառնալու»: «Ժողպատգամավորի» ղեկավարը նշեց, թե պետությունն էլ պարտավորություններ ունի հարկատուի նկատմամբ. «Այսքան տարի պատգամավոր եմ՝ չեմ նկատել, որ որեւէ օրենքով արձանագրվի դա: Պետք փոխել տրամաբանությունը՝ ոչ թե հա՛վը մորթել եւ միսն ուտել, այլ հավին պահել՝ ձու՛ն վաճառել»: Կարեն Կարապետյանը վստահ է, որ այս փոփոխությունների հետեւանքով գործարարները կարող են ուղղակի դադարեցնել իրենց գործունեությունը եւ հեռանալ մեր պետությունից: Նման մտահոգություն հայտնեց նաեւ «Օրինաց երկրի» անդամ Վռամ Գյուլզադյանը, թե այս փոփոխություններից հետո երկրում թերեւս հարկատու չմնա. «Առանց այն էլ այժմ հարկահավաքներն հարկատուների մոտ այնպես են գնում, ինչպես որսորդը որսի»: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, որ ներկայացնում էր այս հարկային փաթեթը, լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ հարկային փաթեթը կընդունվի մինչեւ բյուջեի քվեարկությունը: Գործարարների դժգոհության առնչությամբ էլ ասաց. «Գտնում ենք, որ մեր ներկայացրած փոփոխություններով տնտեսվարող սուբյեկտների համար չի կատարվում ձեռնարկատիրական գործունեության պայմանների հետընթաց»: Նաեւ ասաց, թե այս փոփոխությունները չեն վնասի փոքր ձեռնարկատերերին եւ կառնչվեն առավելապես միջին եւ խոշոր գործարարությանը: Ի դեպ, հետաքրքիր է, թե հարկային փաթեթին կողմ կքվեարկի՞ «Արդարությունը»: Շաբաթ օրը՝ բյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում Վիկտոր Դալլաքյանն ասում էր. «Զարգացած երկրներում եկամտահարկի գծով մուտքերը կազմում են 25%: Հայաստանում եկամտահարկը 7% է, այսինքն՝ մոտ 4 անգամ պակաս, իսկ շահութահարկը՝ 13%: Այսպիսով՝ Հայաստանում տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշները՝ եկամտահարկի եւ շահութահարկի գծով մուտքերը միասին կազմում են 20%, այնինչ զարգացած երկրներում միայն եկամտահարկի գծով մուտքերը կազմում են 25%»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել