Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Գալշոյանի ձին

Դեկտեմբեր 13,2003 00:00

Մուշեղ Գալշոյանի ձին Ես հիմա կթերթեմ քո գրքերի էջերը եւ տասներորդ հարկի իմ տան այս սենյակի պատերը արձագանք կտան գառնարած Դավթի ձայնին. «Հոլե, հոլե-հոլե, հոոո՜…»։ Մուշեղ Գալշոյանն է, իր գրքերն են եւ ես։ Թերթում եմ գրքերի էջերը։ Ի՜նչ ձայներ են լսվում. հերոսների ձայներ, ռանչպարների ձայներ… Սրերի ձայներ, վահանների ձայներ, թվանքների ձայներ, վիրավորների ձայներ… Սասունցիների ձայներ։ Սասունական ձայներ։ 15 թվականի ձայներ։ Եվ իր՝ Մուշեղ Գալշոյանի ձայնը, որ շնչեղ է, շեկ է, վայրի է, ֆիդայի… Իր ձայնը, որ կապույտ է՝ իր աչքերի նման։ Կապույտ է՝ իր խոսքի պես եւ միաժամանակ մեղմ ու բարի է, մի ձայն, որից ճղոր-օրորոցում քնած երեխան չի արթնանա։ «Եվ Ձորի Միրոյի սիրտն ուզեց սայլը Ղարաբուռունից չդարձնել ետ, սիրտն ուզեց անցնել Ղարաբուռունն էլ ու այդպես շիփշիտակ շարունակել ճամփան։ Ուզեց ու շարունակեց… մտքով»։ Հիմա դու Ձորի Միրոյի մտքով գնացած ճամփին ես։ Հիմա՝ այս գիշեր, Իգդիրի դաշտի վրա, քո գլխի վերեւը մխում են ձմռան գիշերվա սեւեր հագած ամպերը։ Երկինքը սեւ է, գետինը՝ ձյուն, դու՝ Ձորի Միրո Մուշեղ, գնում ես քո եւ քո Ձորի Միրոյի կարոտի ճամփով՝ ոտներդ քար ու սառույցի տալով։ Դու քո Ձորի Միրոյի նման գիտես քո գնալու ճամփան, քո բոբիկ ոտները գիտեն՝ ուր են գնում։ Գիտեն։ Հիմա դու էլ քո Ձորի Միրոյի նման ճամփորդ ես։ Քո գիրք-գրվածքները լցրած հյուսկեն գույնզգույն մախաղի մեջ՝ գնում ես հորդ գյուղը՝ Փեթար։ Գնում ես այն ընկուզենու մոտ, որի արմատները խիճ ու խռաճների միջով երկարել-հասել են գյուղի անտեր գերեզմանոցին։ Հասել առել են քո պապերի շիրիմ ոսկորներին։ Այդ ընկուզենին նրանք են տնկել, դու գիտես։ Այդ տունկի արմատներին նրանց մաշված տաք մատներն են դիպել եւ հիմա՝ շատ տարիներ անց, ընկուզենու արմատները մտել են գերեզմանոցի սահմանը, փաթաթվել-համբուրում են նրանց մատների հուլունք ոսկորները։ Սրի չքաշված, չգաղթած ընկուզենու եւ մյուս ծառերի արմատներն են հիմա տիրություն անում քո պապերի անտեր շիրիմներին, իրենց բերք ու բարը ամբողջովին տալով անօրեն թուրքին՝ որպես հարկ ու տուրք։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ Հատված «Կրակի բերած, կրակի տարած Մուշեղ Գալշոյան» անտիպ գրքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել