ԱՄՆ-ում գրադարանները չեն «օպտիմալացվում» Պատմում է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուներ» ծրագրով վերջերս Երեւանի 6 խոշոր գրադարանների տնօրեններ մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու տեղի գրադարանների կառավարման փորձը։ Մեկնողների թվում էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ Տիկին Կարապետյանը փաստեց, որ, ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ-ում գրադարանները ոչ միայն չեն փակվում՝ օպտիմալացվում, այլեւ հրաշալի պայմաններ են ստեղծվում դրանց համար։ «Ամերիկյան գրադարան-թանգարանները տեսնելուց հետո ես զայրանալու աստիճան հիացած եմ»,- ասաց Հ. Կարապետյանը, ավելացնելով, որ գրադարանային կառավարում ասվածը դրսում լրիվ այլ բան է ենթադրում։ Ըստ նրա, ԱՄՆ-ում տեսածն ու ուսումնասիրածը պետք է անպայման աշխատեցնել Հայաստանում։ Այդպիսով ե՛ւ գրադարանները կպահպանվեն ու կկարեւորվեն, ե՛ւ ամենաթանկ ապրանքը՝ ինֆորմացիան, մատչելի կլինի յուրաքանչյուրին։ Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է նախ պետական հոգածություն։ Գրադարանների կառավարման ուսումնասիրությունը հայաստանցի գրադարանավարները սկսել են Վաշինգթոնում գտնվող ԱՄՆ կոնգրեսի գրադարանից։ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը նշեց. «ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի ազատ կարող է օգտվել կոնգրեսի գրադարանից։ Հարկ եղած դեպքում ցանկացած մարդ կարող է ստանալ, օրինակ, այս կամ այն կոնգրեսականի ելույթը կամ դրա շուրջ եղած քննարկումներն ու վերլուծությունները»։ Հ. Կարապետյանը նկատեց, որ շարքային ամերիկացիների համար ինֆորմացիայի առումով անհասանելի ոչինչ չկա, քանի որ «ամեն ինչ մատուցվում է սկուտեղի վրա»։ ԱՄՆ-ում առաջին հայացքից անկարեւոր թվացող հարցերի մասին էլ ամերիկացի գրադարանավարները խիստ տեղեկացված են։ «Օրինակ, Քուինսի հանրային գրադարանի տնօրենը տեղեկացրել է, որ Նյու Յորքում ապրում է շուրջ 200 ազգություն։ Եվ քանի որ էմիգրանտները մեծ թիվ են կազմում, գրադարանը սովորեցնում է վերջիններիս իրենց երկրի օրենքները, անգամ ցույց է տալիս այն ուղիները, որոնց շնորհիվ էմիգրանտը կարող է քաղաքացիություն ստանալ,- հիշեց Հ. Կարապետյանը։- Իսկ Հայաստանում գրադարանների փակումը, ուզենք, թե չուզենք, կարծիք է ձեւավորում, որ դրանք ավելորդ են»։ Հայաստանցի գրադարանավարներին զարմացրել էր նաեւ այն, որ ԱՄՆ-ում բոլոր գրադարանները քաղաքների կենտրոնական մասերում են, ինչը եւս գրադարաններից օգտվելու մատչելիության մասին է խոսում։ «Իսկ մեզ մոտ, չի բացառվում, որ վաղը մի մեծահարուստ անցնի Իսահակյանի անվան գրադարանի կողքով, մատը դնի վրան ու ասի՝ գնում եմ այս շենքը»,- նեղսրտեց տիկին Կարապետյանը։ Նրան դուր էր եկել նաեւ շրջիկ գրադարանների գաղափարը եւ, ընդհանրապես, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած գրադարանային տիպային շենքերը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ