Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Դեկտեմբեր 13,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Ղարաբաղ. նորից լրջանալու պահը-2 Հիմա արդեն տղամարդկությունից չեն խոսի, կլիզմաների առիթով թեթեւ «շուլուխ» չեն անի, պատասխանատվությունից չեն խոսի։ Պատասխանատվության անդարդ ժամանակներն անցան։ Զարմանալին այն է, որ նույնիսկ ընտրությունների ժամանակ իրենց ծրագրերում եւ ընտրարշավներում Ղարաբաղի հարց չքննարկվեց այնպես, ինչպես 98-ին, որովհետեւ իրենց մտքում այդ խնդիրն արդեն լուծված էր համարվում դեռ 97-ի աշնանը, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հոդված էր գրում։ Եվ կարելի է ասել, որ վերջին անգամ այդ հարցը լրջորեն քննարկվեց հենց այդ ժամանակներում, մնացած հաջորդ ժամանակամիջոցին, ընդմիջում անելու պես, բանակցում էին, թե ինչպես անեն, որ լուծված խնդիրը նորից լուծեն բանակցություններով։ Եվ էդ ընթացքը ձգեն այնքան, մինչեւ կողմերից մեկի զգոնությունը թուլանա, իսկ դրանից հետո հեշտ կլինի պարտադրել արդեն նախապես լուծվածը։ Էդպիսի բան պատահում էր Պավլովի նշանավոր շան հետ, երբ սովորությունը այնպես էր սպանում բնազդը, որ նա շարունակում էր շողիք թափել՝ անգամ ուտելիքի բացակայությամբ։ Հիմա նորից դիտորդ լինելու անմեղ ժամանակներ են։ Պատասխանատուների մի կարեւոր մասը ընկավ պատերազմում, մյուսը Մհերի ուխտով փակվել է Ագռավաքարում, մեկը Ոդիսեւսի հալածական բախտով Իթակեն է որոնում, կարեւորներից ամենակարեւորները լռեցին հոկտեմբերի 27-ին, ոմանք Շուշիի Անհուշ բերդում օր են մաշում կամ չբացահայտված հանգամանքներում անհետ կորան, մնացածներին էլ շաքարախտն է հյուծում՝ պաշտոնաթող կամ գեներալական ուսադիրների տակ կքած։ Մի խոսքով, ճիշտ Թումանյանի նկարագրած վիճակը՝ «առաջը՝ ջուր, ետեւը՝ սուր»։ Մյուս կողմից էլ, կարծես Կովկասին թելադրելու ռուսական հաղթաթուղթն է խփվում, ինչպես ցույց տվեցին վրացական իրադարձությունները, որով նաեւ ավարտվում է Ղարաբաղյան խնդիրը չլուծելու, առնվազն ձգձգելու ռուսական ավանդական մոտեցումը՝ երկուսին մեկ սանձով սանձելու իսկապես կոմպլեմենտար քաղաքականությունը. իզուր չէ ՌԴ պաշտպանության նախարարը զենքի էժան առեւտրի սեզոն հայտարարում։ Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ հակամարտության խնդրի լուծման ցանկացած տարբերակ քննարկելիս, ստիպված ենք ելնել այն իրողությունից, որ Ադրբեջանն արդեն իր տարածքային ամբողջականության հարցը լուծել է դեռեւս 99-ին՝ Ստամբուլում, ուստի բանակցման առարկան պետք է որոնել միանգամայն այլ հարթության մեջ, ասենք՝ տարածքային ամբողջականություն պահպանած երկրում ի՛նչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը։ Իսկապես, ստացվել է այնպես, որ մինչ մենք մտածում էինք «փաթեթային թե փուլային» տարբերակների առավելությունների եւ թերությունների մասին, խնդիրն արդեն փուլային, այն էլ՝ փուլ առ փուլ, լուծվել է եւ ընդհուպ հասել միանգամից՝ փաթեթով լուծելու ժամանակը։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու Արեւմուտքը առանձնապես չէր խրախուսում մեր ընդդիմությանը ընտրությունների ժամանակ. բանակցությունները հասցնել այդ կետին ի վիճակի էր միայն Քոչարյանը, ուստի ընտրությունները գնահատելով անբավարար, մտածում էր, որ ոչ լեգիտիմության թակարդն ընկած նախագահը վտանգավոր է միմիայն իր ժողովրդի, բայց ոչ Արեւմուտքի համար։ Առաջին հայացքից տարօրինակ է նաեւ մի այլ պարագա. Ղարաբաղի խնդիրը մշտապես ծառայել է որպես շանտաժ, երբ խոսք է լինում իշխանափոխության մասին եւ միաժամանակ ալիբի՝ իշխանության մնալու համար։ Ինչո՞ւ է մարդը հրաժարվում Ղարաբաղի խնդիրը լուծելու իր ստանձնած (ընդ որում՝ կամովի, որովհետեւ ազգովի նրան չէին խնդրել) պատասխանատվությունից, որ նրա՝ նախագահ մնալու միակ ալիբին է։ Ուրեմն՝ հրաժարվել պատասխանատվությունից, նշանակում է հրաժարվել իշխանության մնալու միակ ալիբիից։ Նաեւ այն պատճառով, որ 88-ի Շարժման մյուս՝ ժողովրդավարական ճանապարհով գնալու հունը նրա համար փակված է։ Այո, Ղարաբաղի եւ ժողովրդավարության կապը թվում է մեխանիկական է, բայց այն նախեւառաջ օրգանական է, քանի որ Շարժումը եւ Ղարաբաղը անգամ ծագումնաբանությամբ նույնական են՝ եւ ժամանակով, եւ շարժառիթով։ Իրոք, Ղարաբաղի խնդրի անլուծելիությունը արդեն որերորդ անգամ ժողովրդավարությունը մտցնում է փակուղի, իսկ ժողովրդավարական շարժումը դեմ է առնում Ղարաբաղի խնդրի չլուծվածության խոչընդոտին։ Գուցե այստե՞ղ փնտրել ընդդիմության թուլության արմատը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել