Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՔՆ ԷԼԻ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է

Դեկտեմբեր 13,2003 00:00

ՄԵՂՔՆ ԷԼԻ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է Դեռեւս մեկ շաբաթ առաջ ահազանգ ստացանք, թե Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանը աշխատանքից հեռացրել է թիվ 197 մանկապարտեզի տնօրենին՝ առանց հիմնավորելու պատճառը: Ահազանգի հեղինակը մանկապարտեզի կոլեկտիվից չէր: Համենայնդեպս, տեղում այդպես ասացին: Ավելին, կոլեկտիվը չէր ուզում որեւէ բողոք ներկայացնել: Սակայն տեղում պարզեցինք, որ նախկին տնօրեն Նարինե Գալոյանին Աջափնյակի թաղապետարանից զանգել են ու ասել, որ ինքն ազատված է աշխատանքից: Եվ պատճառն ըստ ամենայնի եղել է այն, որ մանկապարտեզի ղեկավարությունն իբր թաղապետի ընտրություններում չի պաշտպանել Արծրուն Խաչատրյանի թեկնածությունը եւ բավարար չափով քարոզ չի տարել նրա օգտին: Սակայն հակառակն են պնդում մանկապարտեզի կոլեկտիվի որոշ անդամներ, ում հետ կարողացանք զրուցել: Նրանք ասում են, որ Արծրուն Խաչատրյանի հակառակորդին՝ Արման Սահակյանին իրենք չեն էլ ճանաչում, եւ եթե հնարավոր է, կարող են բացել քվեաթերթիկները եւ ստուգել՝ համոզվելու համար, որ ընտրել են ներկայիս թաղապետին: Բոլոր դեպքերում Ն. Գալոյանն ազատված է աշխատանքից եւ նոր տնօրեն է նշանակվել Նարինե Սարգսյանը: Մեր տեղեկություններով, վերջինս Արծրուն Խաչատրյանի տեղակալ Նորիկ Գալստյանի կնոջ քույրն է, եւ թաղապետն այդ նշանակումն արել է ի նշան երախտագիտության՝ ընտրություններում Նորիկ Գալստյանի կողմից մեծ աջակցություն ստանալու համար: Աջափնյակի թաղապետարանի կրթության բաժնի նորանշանակ պետ Նունե Սարգսյանը, սակայն, հերքում է, թե մանկապարտեզի նոր տնօրենը ինչ-որ մեկի բարեկամուհին է: Եվ պարզաբանում է թիվ 197 մանկապարտեզում կատարվածը: Ըստ բաժնի պետի, նախկին տնօրեն Նարինե Գալոյանը գործարքի մեջ է մտել թաղապետարանի կրթության նախկին բաժնի պետ Գայանե Սայադյանի հետ եւ՝ ֆիզիկապես Հայաստանում չլինելով, մանկապարտեզի պաշտոնական փաստաթղթերի տակ թույլ է տվել ստորագրել իր մորը, որից էլ ժառանգություն էր ստացել իր պաշտոնը: Գ. Սայադյանն էլ իր հերթին այս մասին ոչինչ չի ասել թաղապետին: Այսուհանդերձ, նախկին բաժնի պետը դեռեւս աշխատում է թաղապետարանում՝ իհարկե արդեն ոչ որպես բաժնի պետ, այլ որպես (արդեն մասնագիտացած) գլխավոր մասնագետ: Մեր հարցին, թե նման գործարքների մեջ մտնող անձանց ինչո՞ւ է թաղապետը թողնում հիմնարկությունում, տիկին Սարգսյանը պատասխանեց, որ «ամեն ինչ հսկողության տակ է»: Ըստ ներկայիս բաժնի պետի, նորանշանակ տնօրենն իր բոլոր հատկանիշներով համապատասխանում է իր պաշտոնին, բացի այդ, երիտասարդ կադր է: Նունե Սարգսյանը նաեւ նշում է, որ պատրաստվում են այսուհետ ատեստավորում անցկացնել մանկապարտեզների տնօրենների շրջանում եւ մոտիկից ծանոթանալ բոլոր տնօրեններին: Ինչ մնում է պարտքի տակ չմնացող թաղապետի գործողություններին, ապա լուրեր կան, որ աչքի տակ եւս մի քանի մանկապարտեզներ կան, որոնց տնօրենները կփոխվեն: Ըստ երեւույթին, թաղապետի ընտրություններում Արծրուն Խաչատրյանին օգնողները շատ են եղել, իսկ պաշտոնները բոլորին չեն հերիքում: Թերեւս դա է պատճառը, որ թաղապետը որոշել է կիսել թաղապետարանի նախկին՝ կրթության, առողջապահության եւ սպորտի վարչությունը՝ բաժանելով 2 հոգու միջեւ: Բաժիններից մեկը այսուհետ կկոչվի սպորտի եւ առողջապահության, մյուսը՝ նախադպրոցական հիմնարկությունների եւ մշակութային հաստատությունների: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել