Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն իր խոստումը չի կատարել

Դեկտեմբեր 13,2003 00:00

Կառավարությունն իր խոստումը չի կատարել Նորվեգացիները մեր փախստականների համար 66 շենք են կառուցել, սակայն մեր կառավարությունը զլացել է այդ շենքերում կոյուղի անցկացնել: Անդրադառնալով Նորվեգիայի օժանդակությամբ իրականացվող շինարարությանը, Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս Թիմ Սթրեյթը արձանագրում է ՀՀ կառավարության հետ համագործակցության թե դրական եւ թե բացասական կողմերը: «Հիմնականում լավ է, – ասում է հյուպատոսը, – Լինում են երբեմն անհամաձայնություններ, բայց համագործակցության ժամանակ դա նորմալ է: Ներկայումս մի փոքր խնդիր ունենք Երեւանի Սիլիկյան թաղամասում, ուր ծրագիր ենք անում: Բայց սկսենք Գյումրիից: Գյումրիում կառավարությունը շատ շահագրգռված էր այդ ծրագիրն իրականացնել, որովհետեւ դա նրանց օգնում էր Գյումրին վերականգնել, զարգացնել: Գյումրիում մեզ տրամադրեցին տարածք, մենք վճարեցինք տների կառուցման համար, կառավարությունը վճարեց գազի, էլեկտրականության անցկացման, ասֆալտապատման համար: Ընդհանուր առմամբ, համագործակցությունը շատ լավ էր, եւ կառավարության կողմից մեծ ներդրում եղավ: Երբ Սիլիկյան թաղամասում սկսեցինք 66 տների կառուցման ծրագիրը, դա, ի դեպ, մեր ամենամեծ ծրագիրն է, կառավարությունը խոստացավ այստեղ նույնպես կատարել ներդրում եւ կառուցել հիմնական կոյուղագիծը: Սակայն ընտրություններ տեղի ունեցան, նոր կառավարությունն արդեն ասաց, որ չեն կարող ֆինանսավորել: Ես շատ վրդովված եմ այդ փաստից եւ գտնում եմ, որ կառավարությունն իր խոստումը խախտել է: 10 օրից կավարտվի 66 տների կառուցումը: Բայց քանի որ կառավարությունն իր խոստումը չի կատարել, այդ բնակիչները չեն կարող ջուր ստանալ: Եթե ջուրը հոսի այնտեղ, ապա կլցվի եւ կոյուղու ամբողջ ներքին ցանցը ձմռանը կսառչի: Արդյունքում, ամբողջ համակարգը կքայքայվի: Ես կարծում էի, թե Գյումրիի համագործակցությունը կշարունակվի նաեւ այստեղ՝ Երեւանում: Այս տարվա մայիսին Նորվեգիայի վարչապետը կայցելի Հայաստան: Չեմ ուզում մտածել այն մասին, որ Նորվեգիայի վարչապետը գա, տեսնի, որ մենք 66 տուն ենք կառուցել փախստականների համար, բայց նրանք չեն կարող այդտեղ ջուր օգտագործել: Պետք է հանդիպենք փախստականներին, բացատրենք այս խնդիրը, բայց հույս ունենք, որ կառավարությունը կլուծի այս հարցը: Մոսկվայի մեր դեսպանատունը եւ մեր արտգործնախարարությունն ամբողջ ուշադրությամբ հետեւում են այդ ծրագրին: Ես նամակ եմ գրել այս մասին նախագահ Քոչարյանին: Նախագահն այն մակագրել է տարածքային կառավարման նախարարին: Նաեւ նամակներ եմ գրել Երեւանի քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարին, միգրացիայի վարչության պետին: Պատասխանը շատ խորը լռությունն էր»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել