Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ «ԱՃՈՒՄ Է», ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ՝ ՆՎԱԶՈՒՄ

Դեկտեմբեր 13,2003 00:00

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ «ԱՃՈՒՄ Է», ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ՝ ՆՎԱԶՈՒՄ Պետբյուջեի մի շարք ցուցանիշներ շարունակում են անհամապատասխանության մեջ մնալ «տնտեսկան աճը» ներկայացվող հիմնական ցուցանիշների հետ: Այս մասին վկայում է մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետբյուջեն: Վերջին չորս տարիների պետական բյուջեների կատարողականների տվյալներն ապա ցուցում են, որ ուղղակի հարկատեսակների տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ անուղղակիներից: Վերլուծության համար հիմք են ընդունվել վերջին չորս տարիների պետբյուջեների կատարողականները. տվյալները հավաստի են: Ստացվում է, որ տնտեսությունը տարեկան 10-15 տոկոսի աճ է արձանագրում, բայց շահութահարկը, եկամտահարկը, որոնք ուղղակիորեն պետք է հաստատեն այդ հանգամանքը, չեն հաստատում: Օրինակ, այսօրվա դրությամբ էլ արդեն ակնհայտ է, որ այս տարի առնվազն 1-1.5 միլիարդ դրամով քիչ շահութահարկ է հավաքվելու, քան անցած տարի: Իսկ եթե նկատի ունենանք, որ այս հարկատեսակն ավանդաբար թերակատարվում է, ապա տնտեսության զարգացման բարձր տեմպեր ապահովող երկրի համար դա տարօրինակ է դառնում: Շահութահարկը գերակատարվել է միայն 2000 թվականին՝ «ԱրմենՏելի» հետ կապված մի վիճելի գործարքի շնորհիվ: Իսկ այս տարի, մեր ունեցած տվյալներով, նախնական հաշվարկով, թերակատարումը կգերազանցի անցած տարիների 22%-ը, հասնելով շուրջ 30 տոկոսի: Այս հարկատեսակի գծով անցած տարվա 11 ամիսների դրությամբ հավաքվել էր ավելի քան 16 միլիարդ դրամ, իսկ այս տարի՝ ընդամենը 14 միլիարդ: Դժվար է հուսալ, որ մեկ ամսում կհավաքվի շուրջ երեք միլիարդ դրամի շահութահարկ այն դեպքում, երբ արդեն տարիներ շարունակ դրա միջին ցուցանիշը մոտավորապես 1.5 միլիարդն է: Հետեւաբար կամ հարկային տեսուչներն են սկսել իրենց պետի փոփոխությունից հետո վատ աշխատել, կամ նախկին պետը ցուցանիշները «նկարում» էր: Կամ էլ՝ տնտեսությունը չի աճում: Եկամտահարկը համեմատաբար լավ վիճակում է, սակայն դարձյալ թերակատարվում է: Վերջին տարիներին արձանագրված լավագույն ցուցանիշն անցած տարվանն է, որը վեց տոկոսի թերակատարման մասին է վկայում: Իսկ որ առավել հետաքրքիր է, եկամտահարկի հավաքման տեմպերը գնալով նվազում են: Օրինակ, անցած տարի արձանագրվել է մոտ 94 տոկոսի կատարում, 2000-ին՝ 114: Ինչ վերաբերում է անուղղակի հարկատեսակներին, ապա անցած տարի դրանք նույնիսկ գերակատարվել են: Եվ ընդհանրապես ցուցանիշները բարելավվում են: Ինչպես, օրինակ, ավելացված արժեքի հարկինը, ակցիզային հարկինը՝ համապատասխանաբար 3 եւ 8 տոկոսով: Ի դեպ, հարկային տեսուչների համար անուղղակի հարկերը հաշվարկելն առանձնապես դժվարություն չի ներկայացնում: Այդ ուղղակի հարկատեսակների (շահութահարկ, եկամտահարկ) հաշվարկումն է որոշակի գիտելիքներ, ճկուն միտք եւ բարեխիղճ աշխատանք պահանջում: Անշուշտ, նկատի ենք ունենում նաեւ այն հանգամանքը, որ տնտեսվարողներից շատերը թաքցնում են իրենց շրջանառության իրական ծավալները: Ստացվում է, որ հարկային տեսուչների աշխատավարձերը բարձրացնում են, վարչարարությունը բարելավելու փորձեր են անում, սակայն այդ ամենն իր նպատակին չի հասնում: Համենայնդեպս, իրավասու պաշտոնյաներն են դա հարկային տեսուչների թերի գիտելիքներին, ոչ ճկուն մտքին ու անբարեխիղճ աշխատանքին վերագրում, եւ որեւէ պաշտոնյա թերհավաքագրման փաստը երբեւէ չի բացատրել տնտեսական աճի վերաբերյալ ուռճացված թվերով կամ որեւ այլ հանգամանքով: Պետբյուջեի վերջին տարիների կատարողականները դրական միտումներ էլ ունեն. բարձրացել է գանձապետական կարգապահությունը, հետզհետե կրճատվում է դեֆիցիտը եւ այլն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել