ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ Դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել էր ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի նիստը, որտեղ լսվել էին Ադրբեջանի, Վրաստանի եւ ՌԴ-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցներ: Երեկ ասուլիսում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այդ զեկույցները, որտեղ կատարվել էին «բավականին խիստ հաստատումներ»: Ասենք, Ադրբեջանի վերաբերյալ նշվել էր, թե «միապետություն հիմնելու փորձ» է արվել եւ «երկիրը ոստիկանական պետության վերածելու անհանգստացնող միտում» կա: «Առավոտի» հարցին, թե արդարացա՞ն Հայաստանի ղեկավարների ակնկալիքները, որ Ադրբեջանի ընտրություններն ավելի վատը կլինեն, եւ մենք այդ ֆոնին շահեկանորեն կառանձնանանք՝ պրն Ռուստամյանը պատասխանեց, թե ԵԽ-ն միայն արդյունքների հրապարակմամբ չի գնահատում՝ արդյոք ժողովրդավարակա՞ն էին ընտրությունները, այլ նաեւ հետընտրական գործընթացներով, թե ժողովուրդն ինչպես է ընդունում ընտրությունների արդյունքները: Եվ այդ առումով՝ «գնահատում են, թե Հայաստանն ի վերջո հաղթահարել է հետընտրական լարվածության փուլը, որը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում»: Մեր երկրի պարտավորությունների կատարման մասին նախնական քննարկումներ կլինեն ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի հունվարի 7-ի նիստում, իսկ վեհաժողովի հունվարի 26-30-ի նստաշրջանի ընթացքում կլսվեն Հարավային Կովկասի 3 պետությունների մասին զեկույցները: Արմեն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանը չունի լուրջ խնդիրներ իր պարտավորությունների կատարման առումով: Անգամ վստահ էր, թե այլեւս օրակարգում չի ներառվի աշնանային նստաշրջանում հետաձգված հարցը՝ Հարավային Կովկասում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին. «Այլեւս նորից մեկ ընդհանուր թեմայով 3 երկրների քննարկումը, կարծում եմ, էլ հնարավոր չէ, քանի որ ամեն առանձին դեպքում լինում է այդպիսի քննարկում»: «Առավոտը» հիշեցրեց, որ ԵԽԽՎ պատվիրակները հայաստանյան մամուլին տրված իրենց հարցազրույցներում նշում էին, թե մահապատժի վերացումից եւ մի շարք այլ կարեւոր պարտավորությունների խնդիրը լուծելուց հետո՝ առավել կարեւորում են «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդիրը, որի առնչությամբ հնարավոր էին համարել, թե հունվարին քննարկում լինի ԵԽԽՎ-ում: «Հայաստանի վերաբերյալ առանձին քննարկում չի նախատեսվում,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը:- Ուստի եթե քննարկվեն այդպիսի հարցեր՝ հեռարձակման եւ մամուլի ազատության հետ կապված, պետք է լինեն պարտավորությունների կատարման համատեքստում»: Ա. Ի.