Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղեր

Դեկտեմբեր 13,2003 00:00

Խաղեր Հայ դիվանագիտության ռահվիրանները պատգամավորներից փիս խռոված են։ Նրանց, ասացեք խնդրեմ, դուր չի եկել Ղարաբաղի հարցով անցկացված փակ լսումների մասնակիցների բացբերանությունը։ Այսինքն թե՝ մենք ձեզ մարդու տեղ դրինք, վստահեցինք մեր սրտի ամենանվիրական գաղտնիքները, իսկ դուք լաչառի պես շեփորեցիք դրանք առաջին իսկ հարմար առիթով։ Ուշադրություն դարձրեք, թե կատարվածն ինչ հրաշալի առիթ է տալիս մեր լրջախոհ ու անելիքի ծանրությունը գիտակցող իշխանավորներին ավելորդ անգամ իրենց բնույթին ու համակարգին ոչ հոգեհարազատ պատգամավորներին նախշելու, ցածրացնելու համար։ Ստացվում է, որ իրենք անհնարինության աստիճան հայրենասեր եւ պատասխանատու են իրենց գործողություններում, իսկ ահա՝ մի շարք ոչ պետականամետ նմուշի պատգամավորներ ուղղակի դարանակալած սպասում են, թե երբ ձեռքերը պետական գաղտնիք կընկնի, որ սրիկայաբար փոխանցեն մամուլին։ Այսինքն, ստացվում է հենց այն, ինչին էլ, ըստ էության, ձգտում էին Ղարաբաղի հարցին «փորձագիտական մակարդակով» տիրապետող մեր պատասխանատուները. ստեղծվում են լավ եւ վատ գործիչների կերպարներ։ Մինչդեռ ինչ ունենք իրականում։ Նախ՝ այն, ինչի մասին խոսվել է վերոհիշյալ փակ լսումների ընթացքում, իր մեջ որեւէ նորություն չի պարունակում։ Այսպես կոչված, քիուեսթյան սկզբունքների եւ ընդհանրապես տարածքների փոխանակման ու տրանզիտ միջանցքների փոխտրամադրման բոլոր հնարավոր ու անհնար տարբերակների մասին հազար անգամ գրվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մամուլում։ Ասել է թե՝ «արտահոսած» տեղեկատվությունը որեւէ առնչություն չունի պետական գաղտնիք կոչեցյալի հետ։ Եվ ապա՝ հարգարժան արտգործնախարարն ուղղակի չէր կարող, անհրաժեշտության դեպքում, չհաշվարկել, որ փակ լսումների ընթացքում ծավալված խոսակցությունն, այսպես թե այնպես, հրապարակայնության առարկա էր դառնալու։ Այդպես ուղղակի չի լինում։ Հույժ կարեւորություն ներկայացնող գաղտնիքներն ուղղակի չեն բարձրաձայնում խորհրդարանում միայն այն բանի համար, որ մի քանի պատգամավոր խնդրել էին այդ անել, իսկ ահա՝ նրանց խնդրանքը չբավարարելու դեպքում անառողջ շահարկումներ կարող էին սկսվել։ Այս տրամաբանությամբ մենք հեռու չենք գնա եւ վայ մեզ, եթե իրականում գործել է հենց այս տրամաբանությունը։ Մինչդեռ, ավելի շուտ հակված ենք կարծելու, որ տեղի ունեցածի մեջ որոշակի միտում կա, գումարած այն, ինչի մասին խոսվեց հրապարակման սկզբում։ Արդյունքում, խորհրդարանից «խռոված» գործադիրն այսուհետ ձեռնպահ կմնա որեւէ հասարակական հնչեղություն ունեցող խնդրի մասին (ասենք՝ կոռուպցիայի թեմայով) պատգամավորներին իրազեկելուց։ Կառավարության համար այդպես շատ ավելի հարմարավետ կլինի։ Վերադառնալով ղարաբաղյան լսումների թեմային, ապա նշվել էր, որ միեւնույն է՝ պատգամավորներն ու հասարակությունը մի օր տեղեկանալու են այդ մասին։ Հետաքրքիր է, թե ինչ մեխանիզմով են տեղեկացնելու, որ հանկարծ որեւէ գաղտնիք չարտահոսի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել