Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիպրոս կղզին կվերամիավորվի՞

Դեկտեմբեր 13,2003 00:00

Կիպրոս կղզին կվերամիավորվի՞ Կիրակի Հյուսիսային Կիպրոսում ընտրություններ են Կիպրոսի Հանրապետության բյուջեն 9 մլրդ դոլար է։ Երկիրը համարվում է միջազգային բանկային եւ գործարար կենտրոն, այստեղ գործում են 30 օտարերկրյա բանկեր եւ 1000-ից ավելի օտարերկրյա ընկերություններ, նաեւ, մոտ 30 հազար օֆշորային ընկերություններ։ Զբոսաշրջությունն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 75 տոկոսը։ Չնայած Կիպրոսի էներգառեսուրսները 100 տոկոսով ներմուծվում են դրսից, երկրում լույսի ու լուսավորվածության առատություն է։ Նիկոզիայի յուրաքանչյուր ծառից ու թփից այնքան լամպ է վառվում, որ կբավարարի մեկ հսկա շենքի լուսավորման համար։ Բնականաբար, Կիպրոսի Հանրապետությունը եվրոպական ամենաթանկ երկրներից մեկն է։ Այստեղ երեք սենյականոց ամենասովորական բնակարանն արժե 100-120 հազար դոլար, երկու հարկանի, նորմալ չափերի վիլլան՝ ամենաքիչը մեկ միլիոն։ Մարդիկ այստեղ բավականին հանդարտ են, ամենաբանուկ փողոցներում անգամ չես լսի ոչ մի մեքենայի ազդանշան։ Մենք ականատես եղանք մի ավտովթարի, երբ իրար ետեւից շարված մի քանի մեքենաներ հարվածել էին միմյանց։ Փողոցում ոչ մի աղմուկ չառաջացավ, վարորդները (վեցից հինգը կանայք էին), առանց իրարանցման զանգահարեցին ինչ-որ տեղ ու սպասում էին, ըստ ամենայնի՝ կամ ճանապարհային ոստիկանին կամ՝ ապահովագրական գործակալին։ Երկուսն էլ չուշացան։ Ինչպես հայտնի է, կղզու մեկ երրորդը գրավված է Թուրքիայի կողմից։ Կիրակի օրը այդ՝ Հյուսիսային մասում կայանալիք ընտրություններն են։ Հյուսիսում բնակչությունը դժգոհ է իշխանություններից։ Վերջին շրջանում, երբ սահմանը բացվեց եւ ելքումուտքի հնարավորություն ստեղծվեց, բնակչությունը համոզվեց, որ Հարավային Կիպրոսում կյանքի մակարդակը շատ ավելի բարձր է, քան հյուսիսում։ Տեսնելով, որ իրենց ծանոթ-հարեւաններն ավելի բարձր կենսամակարդակ ու եկամուտներ ունեն եւ մի քանի ամսից Եվրամիության անդամ են դառնալու եւ կենսամակարդակն ավելի ու ավելի կբարձրանա, քանի որ կմեծանա ներդրումների չափը երկրում, հյուսիսային կիպրացիք (որոնց մեծ մասը թուրքեր են) բնական ցանկություն դրսեւորեցին այդ նույն բարիքներից օգտվելու։ Ըստ էության, Թուրքիան իր բուռն մղումներով՝ ամեն կերպ պահպանել Հյուսիսային Կիպրոսը, աշխատել է ի վնաս իրեն։ Թուրքիան մոտ 120 հազար թուրք է տեղափոխել Կիպրոս եւ շարունակում է տեղափոխել, փորձելով փոխել Հյուսիսային Կիպրոսի ժողովրդագրական պատկերը։ Սակայն առաջացել են բավականին լուրջ ներքին հակասություններ Հյուսիսային Կիպրոսի հին թուրքերի եւ վերաբնակեցված թուրքերի միջեւ։ Հին թուրքերը իրենց համարում են կիպրացի եւ եվրոպացի եւ դժկամությամբ են ընդունում վերաբնակեցվածներին։ Սրանք էլ իրենց հերթին հասկացան, որ վիճակն այն չէ, ինչ իրենց խոստացել էին։ Եվ հենց այս հարթության վրա առաջացավ հյուսիսի կիպրոսցիների եւ վերաբնակեցվածների բախումը։ Հյուսիսային Կիպրոսի ներկայիս կառավարիչ Ռաուֆ Դենկթաշի վարչակազմի դեմ բավականին լուրջ ցույցեր եղան, հնչում էին կոչեր՝ համախմբվել Հարավային Կիպրոսի հետ եւ մտնել Եվրամիություն։ Այստեղ բավականին ակտիվ է ընդդիմությունը, որը կապեր ունի նաեւ Կիպրոսի հունական համայնքի հետ։ Կիրակի օրը կայանալիք ընտրություններում հնարավոր էընդդիմությունը բավականին թվով քվեներ հավաքի եւ տապալի Դենկթաշի վարչակազմը։ Հնարավորությունները չափազանց անորոշ են՝ 50-50-ի, բնակչության տրամադրություններն ակներեւաբար ընդդիմության կողմն են, սակայն Դենկթաշը վայելում է թուրքական իշխանությունների եւ ռազմական բլոկի ամբողջական աջակցությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել