Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱՆ»

Դեկտեմբեր 13,2003 00:00

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱՆ» Հարցազրույց Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, Միխայիլ Սահակաշվիլու մտերիմ զինակից Վանո Մերաբիշվիլու հետ: – Պարոն Մերաբիշվիլի, միայն օրերս Ձեր ընդդիմախոսներից մեկը՝ Իրինա Սարիշվիլին, հայտարարեց, թե Վրաստանում տիրող կրիմինոգեն իրավիճակը ձեռնտու է նոր իշխանություններին եւ, մասնավորապես, Միխայիլ Սահակաշվիլուն, որով նա փորձում է շեղել ուշադրությունը ժողովրդին տրված սոցիալական խոստումներից: – Ես չեմ ուզում մեկնաբանել այնպիսի քաղաքական գործչի հայտարարություններն, ինչպիսին է արդեն իր դարն ապրած գործիչ Սարիշվիլին: Ինչ վերաբերում է երկրում ստեղծված կրիմինոգեն վիճակին, ապա դա, ցավոք, փաստ է, որը մենք ժառանգություն ենք ստացել եւ, որի դեմ պայքարը կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ, որ հաջողություն բերի: Մյուս կողմից, այն բոլոր խոստումները, որոնք ժողովրդին տվել է Մ.Սահակաշվիլին, նա կսկսի իրականացնել՝ լինելով արդեն օրինական ընտրված նախագահ: Իսկ իրավիճակի սրումը ձեռնտու է այն բոլոր ուժերին, որոնք ուզում են, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի չունենան, որ ինչ-որ կերպ հնարավոր լինի վերադարձնել հին համակարգը, ինչն այլեւս երբեք չի լինի: Մարդիկ պարզապես հոգնել են: – Իսկ դրանք, Ձեր դիտարկմամբ, ներսի՞, թե՞ դրսի ուժեր են: – Եվ ներսի, եւ դրսի: Մասնավորապես դրսի այն որոշ պետությունների կողմից, որոնք սովորել են գործ ունենալ թույլ, անօգնական Վրաստանի հետ: Իհարկե, նման պետությունները զգուշանում են, որ Վրաստանում կարող են իշխանության գալ այնպիսի գործիչներ, ովքեր ի վիճակի են շտկել ստեղծված իրավիճակը, երբ ոտնահարվում էին Վրաստանի իրավունքներն ու արժանապատվությունը: Ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ, իհարկե, ուզում է երկրում բարեփոխումներ անցկացնել, ինչը բխում է եւ երկրի, եւ հենց այդ գործչի շահերից: – Հայաստանում շատերն են կարծում, որ Վրաստանի ընդդիմության հաղթանակը պայմանավորված էր Արեւմուտքի աջակցությամբ: Նույնպիսի մեղադրանքներ հնչում են նաեւ Վրաստանում Ձեր ընդդիմախոսների կողմից: – Ես չգիտեմ, թե դա որքանով կարող է մեղադրանք լինել, բայցեւ վստահ եմ, որ աշխարհում դեռ չկա մի օրինակ, երբ ժողովրդի կամքին հակառակ, կամ առանց նրա մասնակցության տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, որոնք եղան Վրաստանում: Եթե չլիներ ժողովրդի կամքը, ոչ մի աջակցություն չէր կարող Վրաստանում իշխանություն փոխել: Արեւմուտքի աջակցությունը չէր կարող ապահովել ոչ բազմահազարանոց հանրահավաքներ, որոնք տեղի ունեցան Վրաստանում, ոչ այն հաղթանակը, որ ընդդիմութունն իրականում տարել էր նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններում: Իհարկե, Արեւմուտքը միշտ էլ աշխատել է աջակցել Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը, բայց այդ օգնությունը միայն խորհրդանշական է եղել: Մինչդեռ գլխավոր վճիռը կայացնում է ժողովուրդը, որն ընտրություն է կատարում: – Նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում Հարավային Կովկասի անվտանգության համակարգի ստեղծումը, նկատի ունենալով, որ մի կողմից Վրաստանն ու Ադրբեջանն իրենց անվտանգությունը տեսնում են ՆԱՏՕ-ի, իսկ Հայաստանը՝ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում: – Ես վստահ եմ, որ ամենամոտ ապագայում ԱՊՀ նախկին երկրներն անխուսափելիորեն ձգտելու են իրենց անվտանգությունը տեսնել ՆԱՏՕ-ի համակարգում: Բայց բանն այդ համակարգերի միջեւ տարբերությունները չեն, այլ այն, որ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում անդամ երկրներն այդ համակարգի ռեալ օգնությունը չեն տեսել: Բայց Վրաստանը պատրաստ է համագործակցել իր բոլոր հարեւանների հետ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա: Մեզ համար գլխավորն այն է նաեւ, որ տարածաշրջանում առկա բոլոր հակամարտություններն արագ կարգավորվեն եւ բոլոր երկրների միջեւ նոր փոխհարաբերություններ հաստատվեն: Դա են պահանջում մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: – Ի՞նչ եք կարծում, Հայաստանի նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականությունը շտկումների կարիք ունի՞ եւ նախագահական ընտրություններից հետո ի՞նչ կարող է փոխվել այդ իմաստով եւ ո՞ր ոլորտներում: – Անպայմանորեն շտկումներ կլինեն եւ մասնավորապես տնտեսական ոլորտում: Դա վերաբերում է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցական ուղիներին, դրանցով փոխադրումների տարիֆների վերանայմանը: Կարծում եմ, Վրաստանի իշխանությունները պետք է երաշխիքներ տան՝ հայ զբոսաշրջիկները, ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանը հատելիս եւ Վրաստանի տարածքում իրենց պաշտպանված զգան, ազատ տեղաշարժի երաշխիքներ ունենան: Ես գիտեմ, որ Վրաստանի տարածքում նրանք պրոբլեմներ են ունենում: Մեր երկրների միջեւ հաղորդակցական ուղիները, ճանապարհները, որոնք բաժանում են Վրաստանն ու Հայաստանը, պետք է կարգի բերվեն, Թբիլիսին Նինոծմինդային եւ Ախալքալակին կապող նոր ճանապարհներ պետք է կառուցվեն, որպեսզի այդ տարածքները հնարավորություն ունենան առանց խոչընդոտների ինտեգրվել Վրաստանի ընդհանուր կյանքում: Այնտեղ նաեւ սոցիալական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, ինչպես մյուս բոլոր տարածքներում: Իսկ, ընդհանրապես, Հայաստանի հետ համագործակցության ոլորտները բազմաթիվ են: Միայն վերջերս տեղեկություններ եղան, որ «Համազգային շարժում» դաշինքին միացած «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի անդամներից մեկը՝ Դաթո Տեքշելաշվիլին կարծիք էր հայտնել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները համապատասխան խնդրանքով դիմեն, Վրաստանի իշխանությունները պատրաստ են սանկցիաներ կիրառել «ղարաբաղյան անջատողականների» դեմ Վրաստանի տարածք մուտքն արգելելու համատեքստում: Չեմ կարծում, թե Դաթո Թեքշելաշվիլին իրականում նման բան ասած լինի: Ես նրան լավ եմ ճանաչում եւ կարող եմ օգնել ձեզ՝ նրա հետ այդ հարցը պարզելու համար: Նման բան չի կարող լինել: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել