Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ

Դեկտեմբեր 13,2003 00:00

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ Երեկ հենց բյուջեի առնչությամբ սուր հարցադրումներ էին լինում՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ափսոսանք էր հայտնում, որ չքննարկեցին Կոսովոյի հարցը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի կազմում ներգրավելու մասին» 2003-ի սեպտեմբերի 3-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը: Եվ Վահան Հովհաննիսյանը փորձեց՝ նախ այդ հարցի քննարկումը կազմակերպել, սակայն «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ընդդիմացավ, թե պետք է շարունակվեն բյուջեի կիսատ մնացած քննարկումները: Փոքր-ինչ դիմադրելուց հետո՝ Աժ փոխնախագահը հանձնվեց, բայց հենց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին բարդ հարցեր էին տալիս՝ Վահան Հովհաննիսյանը ռեպլիկ էր նետում. «Ասում էի, չէ՞, ժողովուրդ, ճիշտ կլիներ, որ քննարկեինք Կոսովոյի հարցը»: Դրա նախընտրությունն ակնառու դարձավ, ասենք, այն պահին, երբ Արշակ Սադոյանն ու Վարդան Խաչատրյանը վիրավորանքներ փոխանակեցին՝ իրար անվանելով «անգրագետ» ու «տհաս» եւ կասկածներ հայտնելով անգամ դպրոցում ստացած կրթության եւ կարդալու ունակության վերաբերյալ: Կոսովոյի շուրջ քննարկման պակաս պայթունավտանգ լինելն ակնհայտ դարձավ նաեւ այնժամ, երբ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե բյուջեի նախագծում հաշվի չեն առել գազի եւ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումները: «Առավոտի» հարցին՝ հաշվի չեն առել նաեւ հեռախոսավարձերի՞ սակագների հնարավոր ավելացումը, այն աշխատավարձերի, նպաստների կամ գուցե այլ ձեւերով փոխհատուցելու համար՝ Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Բացի ջրի թանկացումից՝ ոչինչ չենք նախատեսել բյուջեում: Աշխատավարձերի ավելացումներն արել ենք միայն ջրի սակագնի փոփոխությունը փոխհատուցելու հաշվարկով: Մնացածի առնչությամբ կառավարությունը կարծում է, թե թանկացումներ չեն լինի ո՛չ գազի, ո՛չ էլեկտրաէներգիայի»: Հիշեցրինք, որ «Հայռուսգազարդի» եւ ատոմակայանի ներկայացրած հայտերի ճակատագիրը պետք է որոշի Բնական մենաշնորհների կարգավորման անկախ հանձնաժողովը, որը կարող է եւ չհամաձայնել կառավարության կարծիքին: «Համաձայն եմ,- պատասխանեց պրն Խաչատրյանը:- Բայց կառավարությունն էլ ունի հասարակական ծառայությունների մասին ծրագիր, որտեղ նույն հոսքերի միջոցով ցույց ենք տալիս, թե կարելի է եւ չփոխել»: Այս ամենը կարող էր ելույթների առատ նյութ դառնալ խորհրդարանական ընդդիմադիրների համար: Սակայն նրանցից առաջ՝ բյուջեն խստորեն քննադատել սկսեցին… կոալիցիայի ներկայացուցիչները: Ասենք, ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը երեկ ամբիոնից ազդարարեց, թե իր համար անհասկանալի է, որ ունենալով աղետի գոտու խնդիր՝ բյուջեում առանձին հատկացումներ չկան շինարարության համար: Ի դեպ՝ թեեւ Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան անգամ հասցրել է երաժշտական տեսահոլովակներ արտադրել՝ ի նշանավորումն «աղետի գոտի» հասկացությանը հրաժեշտին՝ գյումրեցի այս պատգամավորը հայտարարում էր, թե հազարավոր մարդիկ այսօր անօթեւան են եւ բնակվում են տնակներում: Բյուջեի հաջորդ փաստարկված քննադատությունը հնչեց դարձյալ ՀՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի շուրթերից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մի շարք մտահոգություններ հայտնեց, թե գիտության ֆինանսավորումը գրեթե չի ավելացել, այդքան խոսում ենք բարձր տեխնոլոգիաների մասին, սակայն գումարներ նախատեսված չեն հաշվողական կենտրոնների համար: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ հուշարձանների պահպանության համար նախատեսված 36 մլն դրամը հազիվ հերիքի վճարելու պահակներին ու հավաքարարներին: Նշեց նաեւ, թե ոչ մի լումա չի նախատեսվել կինոնկարների կրկնօրինակման համար, որի պատճառով խախտվում են «Լեզվի մասին» օրենքի պահանջները: Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի, որն «Օրինաց երկրի» անդամ է, քննադատական ելույթը մասնավորապես վերաբերում էր նրան, որ վերացվում է առողջարաններում անվճար բուժվելու՝ հաշմանդամներին տրված արտոնությունը եւ բյուջեում գումարներ նախատեսված չեն այդ խավի համար ուղեգրեր ձեռք բերելու համար: Ըստ նրա՝ հարկավոր է նաեւ ավելացնել տուն-ինտերնատների պահպանման ծախսերը: Այս ելույթների ֆոնին՝ ուղղակի խամրում էին «Արդարության» եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչների փաստարկները: Թեեւ նրանք էլ էին բավական փաստարկված հիմնավորում բյուջեին դեմ լինելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ավելի հանգամանալից այդ փաստարկները կհնչեն այսօր, երբ ելույթ կունենան խմբակցությունների պաշտոնական ներկայացուցիչները: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ բյուջեի նախագծի առնչությամբ քննադատական ու քաղաքական ելույթ է ունենալու նաեւ ՄԱԿ խմբակցության ղեկավարը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել