Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Դեկտեմբեր 12,2003 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ինչպես հայտնի է, Շիրակի նոր մարզպետի նշանակումից հետո բնակարանների բաշխման գործընթացի առիթով լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի միջեւ: Կառավարության թիվ 1935 որոշմամբ, 2002թ. նոյեմբերից բնակարանների բաշխումը իրացնելու էր մարզպետարանը: Սակայն նոր մարզպետ Ռոմիկ Մանուկյանի անընդմեջ, համառ պահանջներին հակառակ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ պակաս համառությամբ հրաժարվում էր զիջել բնակարանը քաղաքացուն հանձնելու իրեն տրված արտոնությունը: Նա երկար ժամանակ հերթացուցակները չէր հանձնում մարզպետարանին, որի պատճառով էլ արհեստականորեն դադարեցվել էր բնակբաշխման գործընթացը: Ստիպված եղավ միջամտել Ռոբերտ Քոչարյանը, հակառակ դեպքում՝ գուցե վիճակն ավելի բարդանար: Նախագահը որոշեց այստեղ ուղարկել օժանդակող հանձնաժողով: Վիճահարույց, կասկած ներշնչող հարցերը կարգավորելու, մայր ցուցակները ճշգրտելու եւ քաղաքը ժամանակավոր տնակներից ձերբազատելու նպատակով այն արդեն 2 շաբաթ է, ինչ գտնվում է Գյումրիում: Վերջինիս կազմում ընդգրկված են մասնագետներ արդարադատության, քաղաքաշինության նախարարություններից, նախագահի վերահսկողական ծառայությունից, քաղաքապետարանից, մարզպետարանից, «Լինսի» հիմնադրամից եւ Ուրբան ինստիտուտից: Բնակարանների բաշխման ներկա գործընթացի վերաբերյալ երեկ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց օժանդակող հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանից: Նրա հավաստիացումներով, իրենք չեն եկել Գյումրու քաղաքապետին կամ Շիրակի մարզպետին վերապահված պարտականությունները ստանձնելու կամ մեկի հաշվին մյուսին իրավունքներ վերագրելու: Ինչպես հասկացանք, վերջինիս հիմնական դերը երկու կառույցները հաշտեցնելն է: Խաչատուր Վարդանյանի ներկայացմամբ, իրենց կողմից արդեն իսկ մերժվել են քաղաքապետարանի նախնական բաշխման ցուցակներում տեղ գտած որոշակի առաջարկություններ: Շեշտենք, որ պրն Վարդանյանը քաղաքապետարանի կողմից կատարված նախնական բաշխումներն ու հատկացումները անվանում էր «առաջարկություններ»: Մինչդեռ մարզպետարանում ստեղծված շիլաշփոթ վիճակը վկայում է, որ քաղաքապետարանը ոչ թե առաջարկություններ է արել, այլ մարդկանց փաստացի բնակարանի տեր դարձրել: Խաչատուր Վարդանյանը որպես իրենց աշխատանքի կարեւոր փուլ մատնանշեց ցուցակներում հերթագրված առաջին 500 հոգու տվյալների ստուգումը: Նրա հավաստմամբ, 500-ից 66-ի տվյալները չեն համապատասխանել իրականությանը. 14-ը մահացած են, 29-ը՝ հաշվառումից դուրս գրվածներ, 4-ը՝ դատապարտյալներ, իսկ մնացածները այլ բնակավայրեր տեղափոխվածներ են: Հանձնաժողովի տվյալներով, դեկտեմբերի 5-ի դրությամբ մայր ցուցակում հաշվառված է եղել 7935 քաղաքացի, որոնց թիվը իրենց աշխատանքների շնորհիվ պակասել է: Այնտեղից դուրս են հանվել Բնակարանների գնման վկայագիր ծրագրով, Կարմիր խաչի կողմից տուն ստացածների անունները, որոնք ի դեպ քիչ քանակ չեն կազմել: Ներկա պահին Գյումրիում մնացել է բաշխելու 1201 բնակարան, «Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման կհանձնվի եւս 28 շենք: Իսկ ցուցակների ճշտման աշխատանքները շարունակվում են, ինչի համար հանձնաժողովը համագործակցում է ԲԳՎ ծրագրի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել