Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԱԿՆԵՐԵՎ Է

Դեկտեմբեր 11,2003 00:00

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԱԿՆԵՐԵՎ Է Մրցաշրջան-2003-ը մոտենում է ավարտին։ Մի քանի օրից, ավանդույթի համաձայն, մարզական լրագրողները կանվանեն տարվա 10 լավագույն մարզիկներին։ Դա միշտ էլ դժվար ու պատասխանատու գործ է եղել։ Բայց հիմա այդ դժվարությունը կրկնապատիկ է։ 2003 թվականը նախաօլիմպիական տարի էր եւ նախորդից տարբերվում էր իր մի առանձնահատկությունով։ Մի կողմից հատկապես օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչները պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային վարկանիշային մրցումներում պայքարեին մեդալների ու հաղթանակների համար, առանց որոնց հնարավոր չէ ճիշտ եւ լիարժեք գնահատական տալ սպորտի ոլորտում արված աշխատանքներին, մյուս կողմից պակաս կարեւոր չէր օլիմպիական ուղեգրերի համար պայքարելը՝ հաղթանակներն ու մրցանակները թողնելով Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերին։ Երկրորդ տարբերակն ուներ նաեւ հեռահար նպատակ. որքան հնարավոր է ներկայացուցչական մարզական պատվիրակությունով ներկայանալ Աթենք։ Այս առումով հիմա մարզական լրագրողների գործը մի փոքր դժվարացել է, թեեւ տարվա արդյունքներն ուրախացնող են։ Մարզական լրագրողների ֆեդերացիան ամբողջ տարի հետեւել է մեր մարզիկների մրցելույթներին, գրանցել նրանց բոլոր արդյունքները։ Եվ ստացվել է մի պատկառելի ցուցակ, որում նշված երեք տասնյակից ավելի անունների դիմաց միայն մեդալներ են, մրցանակներ։ Սա ցույց է տալիս, որ սպորտը Հայաստանում առաջ է ընթանում։ Ո՞ւմ ընդգրկել տասնյակում։ Բոլորն էլ արժանի են։ Օրինակ, անցած տարի տասնյակը լրացնելու համար ստիպված էինք հաշվի առնել նույնիսկ միջազգային մրցումներում 8-րդ կամ 9-րդ տեղ զբաղեցրած լինելը։ Իսկ հիմա արդեն պետք է ընտրություն կատարել մարզաձեւերի, մեդալների, մարզիկի տարիքային խմբի միջեւ։ Շատացել են նաեւ մարզաձեւերը՝ ծանրամարտ, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, աթլետիկա, հունա-հռոմեական ըմբշամարտ, նավամոդելային սպորտ, բռնցքամարտ, շախմատ, թենիս, գեղասահք, թհեքվանդո, հեծանվային սպորտ։ Որպես կանոն, Հայաստանը ավելի շատ հաջողություններ ունենում է անհատական մարզաձեւերում։ Բայց 2003 թվականին աչքի ընկան նաեւ մեր շախմատիստուհիների, մինչեւ 17 եւ 19 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերը։ Ցավոք, առայժմ այս ֆոնի վրա ետ են մնում ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչները, որոնց նվաճումների մասին դեռ չենք կարող որեւէ բան ասել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել