Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաճոյանալն էլ չափ պիտի ունենա

Դեկտեմբեր 11,2003 00:00

Հաճոյանալն էլ չափ պիտի ունենա Երեկ Մամուլի ազգային ակումբում քննարկվեց հայոց պատմության գլխավոր հարցերից մեկը՝ «Փոխլրացմա՞ն (կոմպլեմենտարիզմի), թե՞՝ կողմնորոշման քաղաքականություն» Հիմնական զեկուցողը` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳ արտաքին քաղաքականության ծրագրավորման վարչության պետ Աշոտ Ոսկանյանը գտնում էր, որ դարեր շարունակ մենք սխալ ենք ձեւակերպել հարցը՝ դեպի ո՞ւմ կողմնորոշվենք: Այնինչ, հարկավոր էր նախ գտնել «կողմնորոշվե՞լ, թե՝ ոչ» հարցի պատասխանը: Եվ միայն Երրորդ հանրապետության ստեղծման ժամանակ դրվեց այդ հարցը՝ որոշվեց հավասարակշիռ քաղաքականություն դրսեւորել մեր բոլոր հարեւանների նկատմամբ: Ըստ Աշոտ Ոսկանյանի, չնայած որոշ տրանսֆորմացիաներին, այդ մոտեցումը շարունակական բնույթ է կրում մինչեւ հիմա: Եթե այսօրվա վիճակով գրեթե անհավանական է պատկերացնելը, որ կիրականանա տարածաշրջանային ինտեգրումը, եւ կստեղծվի Կովկասյան տունը, որի մասին սիրում են երազել Հարավային Կովկասի լիբերալները, ապա, դեսպանի կարծիքով, այդ երեք երկրները, որոնք պատրաստ չեն տարածաշրջանային ինտեգրման, դեմ չեն եվրոպական ինտեգրմանը: Այս ձեւաչափը նախընտրելի է այն առումով, որ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը կողմնորոշում չէ դասական իմաստով: Պատճառն այն է, որ Եվրախորհուրդը կամ Եվրամիությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նման չեն ցանկանում ներկա գտնվել տարածաշրջանում՝ ռազմաքաղաքական եւ տնտեսական խոշոր լծակներ ունենալու առումով: Մյուս կողմից՝ դեպի Եվրոպա է ձգտում նաեւ ՌԴ-ն (գոնե ձեւականորեն), իսկ ԱՄՆ-Եվրակառույցներ կապը բավականին սերտ է: Այսինքն, կողմնորոշումը դեպի Եվրոպա թույլ է տալիս պահպանել փոխլրացումը՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Քննարկման առարկան մաթեմատիկական ճշգրտությամբ ձեւակերպեց ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, նախ տեղեկացնելով, որ կոմպլեմենտարիզմը վեկտորային հանրահաշվից ծանոթ արտահայտություն է. կոմպլեմենտար են այն վեկտորները, որոնք երբեք չեն հատվում, սակայն մեր արտաքին քաղաքականության մեջ միշտ հատվում են ՌԴ-ի եւ Արեւմուտքի շահերի վեկտորները: Իսկ ընդհանրապես, ըստ Շավարշ Քոչարյանի, քաղաքականությունը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, պետք է լինի առաջին հերթին՝ ազնիվ: «Անբարոյական արտաքին քաղաքականություն վարողը միշտ տուժում է»,-զգուշացրեց նա, որպես օրինակ բերելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մեր ոչ այնքան ազնիվ քաղաքականության պատճառով ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, եւ հիմա հակամարտության կողմ են դարձել ՀՀ-ն ու Ադրբեջանը, ինչը, բնականաբար, ձեռնտու տարբերակ չէ մեզ համար: Ինչ վերաբերում է դեպի Ռուսաստան ունեցած մեր ավանդական կողմնորոշմանը, ապա պարոն Քոչարյանը կարծում է, որ ՌԴ-ն այսօր գնում է ավտորիտար ուղով, եւ ուզում է, որ ավտորիտար լինեն այն երկրները, որոնց ձգտում է պահել իր ազդեցությունների ոլորտում: Հայաստանի դեպքում, այդ ցանկությունը կարծես իրականացել է: Պարոն Քոչարյանը գտնում է, որ երկրի ապագա զարգացման առումով ճիշտը դեպի Արեւմուտք կողմնորոշվելն է, իսկ ահա ռազմաքաղաքական առումով՝ պիտի շարունակենք նայել ՌԴ-ի կողմը: Սակայն ոչ այն ձեւով, ինչ հիմա. «Եթե ՌԴ ռազմական բազաներն այստեղ են, չի կարելի նրան տալ էներգետիկայի ռազմավարական ոլորտը, եւ ունենանք այնպիսի կախվածություն, որ չկարողանանք ինքնուրույն քաղաքականություն վարել»: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, մեր անսահման եւ չպատճառաբանված սերն ու նվիրվածությունը «մեծ ռուս եղբոր» նկատմամբ համեմատեց Բուլղարիայի տարած արտաքին քաղաքականության հետ: Թեեւ բուլղարներին էլ են ռուսներն ազատագրել թուրքական լծից, սակայն այդ սլավոնական ազգը միշտ առաջնորդվել է իր երկրի շահով, եւ հարկ եղած ժամանակ դեմ է դուրս եկել Ռուսաստանին: Պարոն Աբգարյանը մտահոգված էր, որ այսօր հայ ժողովուրդը կորցրել է վտանգի բնազդային զգացողությունը եւ ինքնակամ դարձել է Ռուսաստանի վասալը: Չնայած այն բանին, որ ՌԴ-ի հետ մեր ռազմաքաղաքական հարաբերություններն առայժմ այլընտրանք չունեն, քանի դեռ ռազմական գործողությունները վերսկսելու չնչին վտանգ կա: Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, ՀՀ-ն պիտի ունենա մանեւրելու շանս, եւ առաջնորդվի երկրի շահերից բխող տակտիկական կոմպլեմենտարիզմով: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել