Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արդարության ժամանակը երբեք չի գա»

Դեկտեմբեր 11,2003 00:00

«Արդարության ժամանակը երբեք չի գա» Ինչպես են մարդիկ դիմավորել իրենց իրավունքների պաշտպանության օրը Երեկ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր։ Իրավապաշտպան կազմակերպություններն այս օրը հնարավորություն են ունենում հանդես գալ հաշվետվություններով, նաեւ, ինչ-որ տեղ, ինքնագովազդով, թե ինչպես են նպաստում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Երեկ (միայն մեկ օրվա ընթացքում) «Առավոտ» այցելած քաղաքացիների պատմությունները որոշեցինք ներկայացնել առանց մեկնաբանման։ Անահիտ Սաֆարյան (բնակվում է Հանրապետության նրբանցք, 8ա). «Դիմել եմ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, քանի որ պատգամավորներին, Կենտրոնի թաղապետին, վարչապետին, նախագահի աշխատակազմին ուղարկված բողոքներս տեղ չեն հասել կամ նրանց խաբել են։ Իմ տան դիմաց տեղադրված են ապօրինի կրպակներ։ Դատարանները բավարարել են իմ պահանջը՝ տեղափոխել կրպակները եւ իմ հողօգտագործման իրավունքը պաշտպանել։ Կրպակների մասին ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության 13.03.03 գրությունն է ուղարկվել ինձ, որտեղ գրված է. «Կրպակների առկայությունը խոչընդոտում է հողամասի շահագործմանը, կրպակներն անօրինական են, չունեն որեւէ փաստաթղթային ձեւակերպում, բացառությամբ կրպակների զբաղեցրած տարածքի՝ հողի վարձակալության պայմանագրի» (խոսքը «Առսուն» ՍՊԸ-ի երեք ենթավարձակալական պայմանագրերի մասին է – խմբ)։ Տարիներ շարունակ ինձ հավաստիացնում են, թե «կրպակների տեղափոխման խնդրին քաղաքապետարանը կանդրադառնա Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման եւ առեւտուրը համակարգելու միասնական միջոցառումների իրականացման ժամանակ»։ Բայց այդ «միջոցառումների ժամանակը», կարծում եմ, երբեք չի գա»: Գոհար Արմենակյան (բնակվում է Թավրիզյան փողոց, 35 բն. հասցեով 2002թ. սեպտեմբերին սպանված զինծառայող Անդրանիկ Սիլակյանի մայրն է). «Եղել եմ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում։ Այս օրերին ընթանում է որդուս սպանության գործի դատաքննությունը Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանում, ուր գնալ չեմ կարող (ոտքն է կոտրել, հենակով է ման գալիս եւ զրկված է նյութական միջոցներից – խմբ.)։ Խնդրանքս՝ որ դատաքննությունն ընթանա մայրաքաղաքի որեւէ առաջին ատյանի դատարանում՝ մերժել են։ Չեն տրամադրել եւ ոչ մի փաստաթուղթ, զրկված եմ դատավարական բոլոր իրավունքներից։ ԵԱՀԿ գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Քրիստին Մարտիրոսյանը այսպիսի բովանդակությամբ գրություն ուղարկեց. «Դժբախտաբար, պետք է տեղեկացնենք, որ ներկայացված գործը չի հանդիսանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի իրավասությունը։ Իրականում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը վերանայում է որոշակի ոլորտներին առնչվող մարդու իրավունքների խախտումների առանձնահատուկ դեպքեր, որոնք տեղի են ունեցել ՀՀ տարածքում»։ Անահիտ Հակոբյան. «Իմ սեփականություն հանդիսացող բնակարանից (Այգեստան 9ա, 2 տուն), որը զբաղեցնում են Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները, գողություն էր կատարվել։ Այնտեղ պահ տրված իրերս էին գողացել եւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի կողմից այս տարվա սեպտեմբերի 25-ին քրեական գործ էր հարուցվել։ Հիմա գալիս եմ ոստիկանությունից, գործը կասեցվել է, քանի որ, ոստիկանների ասելով, «իրանցի» գողին հայտնաբերելու ուղղությամբ բոլոր հնարավորությունները սպառված են եղել։ Ի՞նչ անեմ»: Գագիկ Զաքարյան (Ա. Խաչատրյան 19, բն. 52). «2000թ. ապրիլի 20-ի գիշերը, Աբովյան քաղաքի պիոներների պալատում ահաբեկչությամբ ինձնից 6000 ԱՄՆ դոլարի պարտավորագիր «ստացան» Ա. Գեղամյանն ու Ա. Սարգսյանը։ Կոտայքի մարզի դատախազությունում քննություն էր տարվում, քննությունն ընթանում էր, իսկ ինձ դատախազությունից հեռախոսազանգերով ահաբեկում էին, որի մասին տեղեկացրել եմ հանրապետության գլխավոր դատախազին։ Մերժել են քրեական գործ հարուցելը։ Գործս եղել է 237 թերթից բաղկացած, «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումն ընդունելուց հետո՝ 90 թերթ։ 48 թերթ, ապա 82 թերթ բացատրություններս գործից բացակայում են։ Իսկ ինձ առեւանգողների սկզբնական բացատրություններն ակնհայտ փոխված են»։ Աշիկ Ավետիսյան (Սեւան). «Երկար ժամանակ չէի կարողանում գտնել Դատական ակտերի հարկադիր կատարողների մասին օրենքը: Այդ օրենքն ուղղված է տուժող-հայցվորի դեմ։ Հարկադիրներն ամեն ինչ անում են պատասխանողին սեփականությունից զրկելու համար։ Գործս ընկել էր դատարան։ Տուժել էի։ ԴԱՀԿ-ն պետք է կատարեր դատարանի վճիռը՝ բռնագանձեր հօգուտ ինձ այն վնասը, որ հասցրել էին։ ԴԱՀԿ-ն «վնասը» աճուրդի դրեց։ Անցյալ տարի ԴԱՀԿ-ն իր աշխատանքային արդյունքներն ամփոփելիս ասաց, թե պլանը կատարել է 120%-ով։ Բնական է, ինձ, քեզ, մյուսին հասցրած վնասների մասին խոսք լինել չի կարող։ Հետաքրքիր է իմանալ՝ տուժողներից քանիսի՞ վնասն են վերականգնել ամբողջությամբ։ 1997-ից պայքարում եմ իրավունքներիս պաշտպանության համար»: Պատրաստեց Ռ ՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031