Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՈՐՈՇՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ԵՐԵՔ ՈՐՈՇՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Մեր ջանքերը՝ գտնել մի սովորական քաղաքացու, ում Երեւանի քաղաքապետարանը հողհատկացում է կատարել, զուր են: Եվ եթե որեւէ մեկը նման մարդ գտնի, ապա պատրաստ ենք մրցանակ տալ թե՛ գտնողին, թե՛ այդ քաղաքացուն: «Հյուսիսային ճառագայթն» անցնելու է Բաբայան փողոցին հարող պուրակով: Դրա մասին պարբերաբար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունների ժամանակ տեղեկացնում է «Հայլուրը»՝ այստեղ լինելու են գրասենյակներ, այստեղով անցնելու են ճանապարհներ: Այգում շինարարություն իրականացրած պաշտոնյաները, գեներալները, քաղաքական գործիչները եւ գործարարները, իրենց սովորության համաձայն, հաստատված նախագծերը խախտելով՝ ընդլայնել են իրենց տարածքները տարբեր ուղղություններով: Արդեն գոյություն ունեցող եւ կառուցվող շինությունների մի քանի մետր բարձրություն ունեցող պարիսպներն անցնում են ճիշտ այնտեղով, որտեղով պետք է անցնեն ճանապարհները: Եվ քաղաքի գլխավոր ճարտարապետը ստիպված է լինելու իր հաստատած նախագծերը փոփոխության ենթարկել, որովհետեւ այդ հողատերերից ոչ մեկի դեմ «խաղ չկա»: Բաբայան փողոցին հարող պուրակը «զավթած» «կալվածատերերից» մեկին՝ Ավագ Խաչատրյանին, կատարված հողհատկացումների մասին որոշումներն ամենուշագրավն են: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանին հողհատկացումներ արել են այն ժամանակ, երբ նրա որդին` Արմեն Խաչատրյանը Ազգային ժողովի նախագահ էր: Ինչպե՞ս է նա ձեռք բերել մեր հաշվարկներով 10 հազար քմ-ի հասնող այդ տարածքը: 2002թ. փետրվարի 5-ի թիվ 164 որոշմամբ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հաստատեց Բաբայան փողոցին հարող տարածքում վարձակալության մրցույթով հաղթող ճանաչված «Հրաչյա Աճառյան» համալսարանին 70 տարով 5600 քմ հողատարածքը վարձակալության տալու մասին որոշումը: Ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում, «Հրաչյա Աճառյան» համալսարանն այստեղ պետք է կառուցի գրասենյակ եւ հյուրատուն: Համալսարանը պարտավորվել է կատարել 500 մլն դրամի ներդրում եւ շինարարությունն ավարտել մինչեւ 2005թ. նոյեմբերը: 2002թ. նոյեմբերի 19-ին քաղաքապետը մեկ այլ որոշմամբ Ավագ Խաչատրյանին տրամադրել է լրացուցիչ հողամաս: Այդ որոշման համաձայն՝ նախկինում կնքված պայմանագրում կատարվել է փոփոխություն, եւ 50 տարի ժամկետով նրան տրամադրվել է եւս 1230քմ: Մինչ այդ, այս տարածքում այգիներ ունեցող բնակիչները` ուսուցիչներ, դասախոսներ, դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց մշակած այգիները վարձակալության տրվեն իրենց: Բայց քանի որ նրանք պաշտոնյաներ չեն, մերժվել են, իսկ մի քանիսի դիմումներին առ այսօր չեն էլ պատասխանել: Չնայած քաղաքապետ Երվանդ Զախարյանը, խախտելով օրենքը, լրագրողներից գաղտնի է պահում քաղաքապետի որոշումները, մեզ հաջողվեց պարզել, որ Ավագ Խաչատրյանի հետ կապված եւս մեկ որոշում է եղել: Դրանով Ավագ Խաչատրյանին տվել են եւս 1560 քմ հողատարածք: Մեր տրամադրության տակ կա մի փաստաթուղթ, որը նախորդել էր վերջին որոշման կայացմանը: Բնույթով բացառիկ այդ փաստաթղթով հաստատվում է, որ քաղաքապետարանում անում են՝ ինչ ուզում են, ինչը որ շահավետ է: Նման դեպքերում օրենքի մասին խոսելն ավելորդ է: Գրության հեղինակը Հ. Սարգսյանն է` քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Գրությունն ուղղված է Երեւանի քաղաքապետի տեղակալ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Ամբողջությամբ մեջ ենք բերում այն. ««Հրաչյա Աճառյան» համալսարանին Բաբայան փողոցին հարող տարածքից գրասենյակ եւ հյուրատուն կառուցելու համար վարձակալությամբ տրամադրված ընդհանուր 6830քմ մակերեսով հողամասին կից լրացուցիչ հողամաս տրամադրելու վերաբերյալ հայտնում ենք, որ քննարկվող հողամասը համալսարանին տրամադրված հողատարածքով, նախագծային եւ գոյություն ունեցող ճանապարհներով պարփակված 1560քմ մակերեսով տարածք է, որտեղ գոյություն ունեին կարգավիճակը չպարզված շինություններ (ընդգծումը մերն է-Է. Բ.): Հաշվի առնելով համալսարանի կողմից սեփական միջոցների հաշվին քննարկվող տարածքում առկա կարգավիճակը չպարզված շինությունների իրացման հանգամանքը եւ քանի որ վերը նշված հողատարածքը այլ հողօգտագործողի տրամադրվելու դեպքում կխախտվի «Հրաչյա Աճառյան» համալսարանի կողմից իրականացվող կառուցապատման ծրագրի ամբողջականությունը, վարչությունը նպատակահարմար է գտնում առանց հրապարակային սակարկությունների այն ամբողջությամբ տրամադրել «Հրաչյա Աճառյան» համալսարանին: Կից ներկայացնում եմ քաղաքապետի որոշման նախագիծը եւ խնդրում եմ հարցը հանել հսկողությունից»: Մեջբերված տեքստը մեկնաբանության կարիք չունի: Իսկ դուք, պարոնա՛յք, դեռ շարունակում եք խոսել հակակոռուպցիոն ազգային ծրագրից: Ճիշտը դա է, շարունակե՛ք խոսել: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031