Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նպաստառուները քչացել են

Դեկտեմբեր 11,2003 00:00

Նպաստառուները քչացել են Ըստ սոցծառայությունների, 4840 դրամն այնպիսի թոշակ է, որ նպաստի կարիք այլեւս չկա: Պաշտոնական լրատվության համաձայն, Լոռու մարզում սոցիալական քարտ ստանալու 57716 դիմում է ներկայացվել։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե քաղաքացիները պարզապես «այրվում» են անհամբերությունից՝ օր առաջ ձեռք բերելու այդ քարտերը։ Մինչդեռ, ըստ էության, քարտեր ստանալու հայտի ձեւը «դեմ են անում» բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դիմում են սոցիալական այս կամ այն մարմնին՝ կենսաթոշակի կամ նպաստի հարցով։ Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալությունից տեղեկացանք, որ դեկտեմբերի դրությամբ 29 հազար քաղաքացի դիմել է ծառայություն՝ սոցիալական քարտ ստանալու հայտով։ 4 հազար քաղաքացի արդեն ստացել է քարտը։ Ծառայության վերլուծական բաժնի պետը խնդրեց թերթի միջոցով տեղեկացնել քաղաքացիներին, որ նրանք, ովքեր մեկ տեղում արդեն հայտ են ներկայացրել, այլ հիմնարկությունում կարող են չներկայացնել, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ միայն մեկ սոցիալական քարտ՝ անկախ նրանից, թե որտեղ է այն տրվել։ Եթե սոցիալական քարտեր բաժանելու հարցում պլանը կատարվում եւ գերակատարվում է, ապա նպաստների հարցում ճիշտ հակառակ գործընթաց է տեղի ունենում։ Վերջին 4 տարում Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 22 գյուղերում ընտանեկան նպաստ ստացողների թիվը կրկնակի կրճատվել է։ Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալության տվյալներով, 1999 թվականին նպաստառու է համարվել 20534 ընտանիք, 2000թ.՝ 15591, 2001թ.՝ 12582, 2002թ.՝ 11809, 2003թ. տարեսկզբին՝ 11474, հոկտեմբերին՝ 10697։ Նպաստառուների թվի պակասելը սոցիալական ծառայությունում պատճառաբանեցին նախ կենսաթոշակների բարձրացմամբ, ըստ որի՝ 4840 դրամ (աներեւակայելի բարձր) թոշակ ստացող միայնակ թոշակառուն կարող է նպաստ ստանալու իրավունք չունենալ, երկրորդ՝ «տնակների տեղահանումն էլ է դեր խաղացել» (տնակի բնակիչ լինելը որոշ դեպքերում նպաստառու համարվելու համար կարեւոր գործոն էր)։ «Զտում» է կատարվել նաեւ «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջամտության արդյունքում. ավտոմեքենա ունեցող 19 ընտանիք ցուցակներից դուրս է եկել։ 17 ընտանիք էլ նպաստից զրկվել է միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների ընդունված չափաքանակը անցնելու արդյունքում։ «Եթե միջքաղաքային խոսակցությունները գերազանցում են իր հայտարարագրած եկամտի 50%-ը, այդ դեպքում տվյալ ընտանիքը ենթակա է նպաստից զրկվելու»,- պարզաբանեցին սոցիալական ծառայությունում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031