Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՏՐԱԿՏՈՐԵՑԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Դեկտեմբեր 11,2003 00:00

«ՏՐԱԿՏՈՐԵՑԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ կառավարությունը իտալական «Ռենկո» ընկերությանը 3 հեկտար տարածք է հատկացրել՝ Հայաստանի քաղաքացիների հաշվին: Դա արել է մի հետաքրքիր ձեւակերպմամբ. «դիվանագիտական թաղամաս կառուցելու նպատակով»: Այդ նույն նպատակով նոյեմբերի 27-ին տրակտորը գրոհել է Իսակովի պողոտային հարող խաղողի այգիները, առայժմ քանդելով միայն ցանկապատերը: Հողերը երկարաժամկետ վարձակալության իրավունքով տնօրինում են շուրջ 15 քաղաքացիներ, այդ թվում զոհված ազատամարտիկի այրի, միջին օղակների չինովնիկ եւ այլն: Համաձայն պայմանագրերի, քաղաքացիների վարձակալության ժամկետներն ավարտվում են մեկինը 2005 թվականին, մյուսինը՝ 2008172ին, մեկ ուրիշինը՝ 2028172ին եւ այլն: Ահա այդ տարածքներն է կառավարությունը հատկացրել «Ռենկոյին»՝ հետեւյալ հանգամանքներում: 1.«Դիվանագիտական» ձեւակերպումն առկա է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի՝ քաղաքապետ Նազարյանին հղված դիմումում: Սակայն ինչ է ենթադրում «դիվանագիտական թաղամասը»՝ պաշտոնական աղբյուրներից այդ հարցի կոնկրետ պատասխանը: Կարող ենք ենթադրել, որ դա դեսպանատուն չի կարող լինել, որովհետեւ դեսպանատների համար հատկացվող տարածքները տրամադրվում են ոչ թե ՍՊԸ-ներին, այլ հենց պետությանը: Գուցե իտալական թաղամա՞ս է, որն ավելի շատ կոմերցիոն նպատակներ կարող է հետապնդել, քան դիվանագիտական: 2. Հիշյալ «Ռենկո Արմէստեյտը», այլ կերպ «Կոնգրես հոթել» է կոչվում: Դիմումը գրված է «Կոնգրես» հյուրանոցի բլանկի վրա, իսկ այդ փաստաթղթում նշված հեռախոսահամարների հասցեատերերը հավաստեցին, որ դրանք հենց հյուրանոցի համարներ են: Ուստիեւ, եթե ավելի կոնկրետ լինենք, կարող ենք ասել, որ հիշյալ 3 հեկտարը տրամադրվել է «Կոնգրես» հյուրանոցին: 3.Այս հողհատկացման համար կառավարությունը հիմք է ընդունել քաղաքապետի միջնորդությունը: Սակայն այդ միջնորդությունն անելու համար քաղաքապետը չի ստացել իրավասու այլ մարմինների համաձայնությունը: Ավելին, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը քաղաքապետին տեղեկացրել է. «Նախագծում նշված տարածքը իրենից ներկայացնում է լիարժեք, բարձրարժեք խաղողի այգի (ընդգծումները նախարարինն են- Ա. Ու.): Համաձայն հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի՝ գյուղատնտեսական նշանակության հողերի տեղափոխումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, թույլատրվում է բացառիկ դեպքերում»: Նախարարն անգամ ստիպված է եղել բացատրել, որ «Երեւանի ներկայիս էկոլոգիական վիճակի վատթարացումը բացատրվում է նաեւ կանաչապատ տարածքների կրճատմամբ»: Նախարարի նամակում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի կարող տալ դրական եզրակացություն», ինչը քաղաքապետ Նազարյանին չի խանգարել միջնորդությունն անելու: 4. Քաղաքապետարանի աշխատակիցները այգիներում գտնվող մի փոքրիկ կառույց, ինչպես նաեւ այգիների ցանկապատերը քանդել են որպես ապօրինի շինություն: Եվ «Առավոտին» էլ հավաստիացրեցին, որ իրենց այդ քայլը կառավարության որոշման հետ կապ չունի: Այլ կերպ ասած, պնդում են, որ տարածքը չեն «մաքրում» «Ռենկոյի» համար: Սակայն մասնագետների պնդմամբ, Հողային օրենսգրքով թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մինչեւ 6 քմ մակերեսով շինություն կառուցել: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ համարենք, որ քանդված շինությունը թույլատրելիից ավելին է եղել կամ իրոք ապօրինի է, այդ հանգամանքը թույլատրում է քանդել ցանկապատերը: Սակայն «ապօրինիի» անվան տակ, ներկաների վկայությամբ, քանդել են թե մետաղյա, թե պանելային պարիսպները, որոնց կառուցման իրավունքը, մասնագետների մեկնաբանությամբ, քաղաքացիներն ունեին եւ որոնք ոչ մի կերպ «ապօրինի կառույց» չես կոչի: Այսինքն, կարծիք կա, թե տարածքը «դիվանագիտական թաղամասի» համար են «մաքրել»: Ինչի իրավունքն, իհարկե, չկա, քանի որ այդ մասին քաղաքապետի որոշում չի ընդունվել: Նշենք, որ կառավարության որոշումը չի պարտադրում եւ չի նշում, որ հատկապես այդ տարածքը տրամադրեն: Սակայն հատկապես այդ տարածքն է գրավիչ: Իսկ Երվանդ Զախարյանն ամենեւին էլ անզգույշ գործիչ չէ, որպեսզի կասկածելի որոշումներ ընդունի, ուստի հարցը լուծել է «ապօրինի շինությունները քանդող վարչության» միջոցով: 5. Դատելով փորձից, վստահաբար կարելի է ասել, որ Ռենկոն գեղեցիկ կառույց կկառուցի այնտեղ, պետությունն էլ գուցե հպարտանա, ինչպես, օրինակ, «բոնբոներկա» հիշեցնող «Կոնգրես» հյուրանոցով»: Սակայն որեւէ իրավական երկրում նման կառույցների թույլտվությունը չի տրվում սեփական քաղաքացիների աշխատելու, եկամուտ ստանալու, սեփականություն ունենալու իրավունքների հաշվին: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել