Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ ԱԺ Վերահսկիչ պալատի ծրագրում 2004-ին առաջին անգամ ընդգրկվեց նաեւ ուժային ոլորտների նկատմամբ վերահսկողությունը: Այդ ծրագրի մասին էր զրույցը Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի հետ: Հաջորդ տարվա ընթացքում ՎԵրահսկիչ պալատը պետք է վերահսկողություն իրականացնի, թե ինչպես են ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, գլխավոր դատախազությունն ու Սահմանադրական դատարանն օգտագործել պետբյուջեից հատկացված միջոցները: Ծրագրում չկա միայն Պաշտպանության նախարարությունը: Սակայն մնացած ուժայիններն էլ մինչ այժմ չէին ընդգրկվում ծրագրում: Ինչո՞ւ այժմ հիշեցին նրանց մասին հարցին՝ Գագիկ Ոսկանյանը պատասխանեց. ««ԱԺ Վերահսկիչ պալատի մասին» օրենքի համաձայն՝ վերահսկողություն ենք իրականացնում բյուջեի մուտքերի եւ ծախսային մասի նկատմամբ: Չնայած Ձեր թվարկած բոլոր կառույցները պետբյուջեից գումարներ են ստանում՝ ԱԺ վերահսկիչ պալատի ստեղծման օրվանից այս բնագավառը չի ընդգրկվել վերահսկողության դաշտում»: Կային այլ ոլորտներ եւս, որ մինչ այժմ ապահովագրված էին վերահսկողների միջամտությունից՝ հարկային եւ մաքսային կառույցները, որոնք առաջին անգամ 2003-ին ընդգրկվեցին ծրագրում: Մաքսային կոմիտեում ուսումնասիրությունները սկսվել են երեկվանից: Իսկ հարկային ծառայությունում բյուջեի մուտքերի ապահովման վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ավարտվել են. «Եզրակացությունն արդեն պատրաստ է»,- ասաց պրն Ոսկանյանը: Մեր հարցին՝ բացահայտվե՞լ են աղաղակող չարաշահումներ, պատասխանը բացասական էր. «Ուղղակի գնահատել ենք հարկային մարմինների աշխատանքը, թե շատ թերի են կազմվող ակտերը, հիմնավորված չեն: Կան փաստեր, որ արձանագրություններ են կազմել, տվել դատարան, բայց 90 տոկոսով տնտեսվարող սուբյեկտներն են շահել դատը: Սա խոսում է որակի մասին»: Նշենք, որ 2004-ին Վերահսկիչ պալատը պիտի նաեւ ուսումնասիրի, թե ԱԺ-ն ինչպես է օգտագործել բյուջեից իրեն հատկացված միջոցները: ԱԺ Վերահսկիչ պալատի 2004-ի ծրագիրը մի առանձնահատկություն ունի՝ նախատեսվող ուսումնասիրություններից 8-ը վերաբերում են պետական գույքի մասնավորեցմանը, 4-ը՝ օտարերկրյա պետություններից ստացված վարկերի օգտագործմանը: Մեր հարցին՝ ինչո՞ւ են հատկապես այս երկու ոլորտների վրա կենտրոնացել, ահազանգե՞ր կան չարաշահումների մասին՝ Գագիկ Ոսկանյանը պատասխանեց. «Ո՛չ, ահազանգեր չկան: Վարկային ծրագրերը մի քիչ շատ ենք ընդգրկել, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում վերահսկել ենք ավարտված վարկային ծրագրերը, եւ միայն արձանագրել փոշիացման, անարդյունավետ օգտագործման փաստերը: Իսկ հիմա նաեւ ընթացքում ենք ուսումնասիրություններ անելու, որ կանխարգելիչ դեր կատարենք ու մեղավորներին տեղում ենթարկեն պատասխանատվության: Պետական գույքի վերահսկողության վերաբերյալ անցած տարիներին էլ է ԱԺ վերահսկիչ պալատը միշտ ներկայացրել եզրակացություններ: Մենք այժմ ուղղակի դասակարգել ենք մասնավորեցման գործընթացը եւ յուրաքանչյուր ուղղության համար առանձին եզրակացություն ենք ներկայացնելու ԱԺ-ին»: Սա պայմանավորվա՞ծ չէ այն իրողությամբ, որ կոալիցիոն որոշ ուժեր հավակնում են ղեկավարել Պետական գույքի կառավարման վարչությունը՝ մեր այս ենթադրությանն ԱԺ վերահսկիչ պալատի նախագահն այսպես արձագանքեց. «Էլի դեպքեր են եղել, երբ քաղաքականացվել են մեր ուսումնասիրությունների արդյունքները: Բայց, ասենք, մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ մեր եզրակացության առնչությամբ Դավիթ Վարդանյանը չի ունեցել որեւէ առարկություն: Նշեմ, որ մասնավորեցման գործընթացն ընդհանուր առմամբ ընթացել է օրենքի շրջանակներում: Այլ խնդիր են գնահատման, վաճառքի ձեւերը. կարող էին մրցույթով կամ աճուրդով անցկացնել, բայց չեն արել»: ԱԺ վերահսկիչ պալատի 2004-ի ծրագրում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման ընտրանքային վերահսկողությունը: «Մենք հուշագիր ենք ստորագրել ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ,- ասաց Գագիկ Ոսկանյանը:- Բայց թե կոնկրետ ո՛ր համատեղ ձեռնարկությունն ենք ուսումնասիրելու՝ պարզ կլինի 2004-ի փետրվարին կամ մարտին»: Ստուգումներ կարող են անցկացվել, ասենք, ատոմակայանում, հայ-ռուսական համալսարանում կամ սահմանապահ զորքերում, որոնք ֆինանսավորվում են ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ ՌԴ-ի պետբյուջեից: ԱԺ վերահսկիչ պալատը վերջերս քննադատության ենթարկվեց, որ ուսումնասիրություններ է կատարում նաեւ մասնավոր ձեռնարկություններում: Հաջորդ տարվա ծրագրով, այնուամենայնիվ, նախատեսված է վերահսկողություն ռազմավարական նշանակություն ունեցող մասնավորեցված ձեռնարկությունների, պետական գույքի գնորդների կողմից ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ: Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ նման ուսումնասիրություններն էլ կարող են գնահատվել իբրեւ լիազորությունների գերազանցում՝ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը պատասխանեց. «Օրենքը թույլ է տալիս վերահսկողություն իրականացնել պետբյուջեից հատկացված միջոցների, ծրագրերի կատարման նկատմամբ՝ անկախ սեփականության ձեւից: Բացի այդ՝ մենք ուսումնասիրելու ենք ոչ թե այդ ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը, այլ՝ թե ինչպես է կատարվել մասնավորեցումը եւ իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ փաստաթղթերը: Իհարկե, մասնավորեցումը կատարել-վերջացնելուց հետո հարցն արդեն լուծված պիտի համարվեր, ուստի որոշել ենք այսուհետ այդ գործընթացը վերահսկել ընթացքի մեջ, թե ինչպես է կատարվում մասնավորեցումը»: Վերջերս բնապահպանության նախարարն իր ոլորտում իրականացված ուսումնասիրություններից հետո ակնարկել էր, որ ԱԺ վերահսկիչ պալատի անդամների մասնագիտական պատրաստվածությունն անբավարար է, եւ կասկած էր հայտնել, թե պալատի նախագահն էլ բավարար չի տիրապետում թվաբանությանը: Գագիկ Ոսկանյանը չցանկացավ հրապարակավ անդրադառնալ այս մեղադրանքներին. «Թերթերով չէ, որ պիտի խոսենք իրար հետ: Միայն ասեմ, որ ես լրիվ այլ խնդիր էի արծարծել, իսկ ինքն անդրադարձել էր բոլորովին այլ թեմաների»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել