Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ «Նարեկ» վարժարանում ուսուցիչներն ու աշակերտները ծայրից ծայր երգեցին Հայաստանի օրհներգը Շարունակվում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետությունում։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայ խորհրդարանականներին էքսկուրսիա տարան դեպի 12-րդ դարի Կակոպետրիայի բյուզանդական համալիր։ Ճանապարհը տեւեց մեկ ժամից ավելի։ Թեպետ Կիպրոսում Լինսի հիմնադրամը չի գործում, սակայն ճանապարհներն այստեղ հարթ են ու հաճելի։ Կիպրոսցիք մեկ ուրիշ առավելություն էլ ունեն՝ երբեք անհարմար չեն զգա իրենց գյուղերի համար։ Այստեղ գյուղերը նույնքան մաքուր են ու կոկիկ, որքան մայրաքաղաքը։ Տներն այստեղ այնքան նման են՝ նույնատիպ տանիքներ, մաքուր պատեր ու ծաղիկների մեջ կորած, որ երբեք չես հասկանա, թե որոնք են իրենց մականունավոր գործարարների եւ պատգամավորների դղյակները։ Այստեղ բոլորը նույն տանիքի տակ են եւ բոլորի համար գործում են կարգ ու կանոնի նույն սկզբունքները։ Հանդիպում կիպրոսահայերի հետ Դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրոսահայ գործարարների եւ հայտնի գործիչների հետ։ ԱԺ նախագահը նրանց վստահեցրեց. «Հայաստանում ինչ-որ բան փոխվել է եւ փոխվել է դեպի լավը։ Առաջին անգամ են Հայաստանում միավորվել երեք տարբեր կուսակցություններ։ Դուք գիտեք, որ կուսակցությունները սովորաբար իրար կոկորդ են կրծում, բայց մենք 3 կուսակցություններով միավորվել ենք, որ Հայաստանը տանենք առաջընթացի ճանապարհով»։ Կիպրահայերին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում, օրինակ՝ ի՞նչ հեռանկար ունի հայ-թուրքական սահմանի բացումը, ի՞նչ դիրք ունենք Վրաստանի նկատմամբ, կամ՝ նախագահ Քոչարյանը որքանով է կատարել աշխատատեղեր բացելու իր նախընտրական խոստումները։ Կիպրոսահայերին հետաքրքրում էր նաեւ, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ են անում արտագաղթը երկրից կասեցնելու համար։ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց բոլոր հարցերին եւ վստահեցրեց, որ իր այցը ոչ թե տուրիստական էքսկուրսիա է, այլ գործնական ու կոնկրետ նպատակ է հետապնդում եւ որ արդյունքը կերեւա բավականին արագ։ «Նարեկ» վարժարանում Կիպրոսի «Նարեկ» վարժարանը Կիպրոսի պետությունից տարեկան 100 հազար դոլար է ստանում, որից ե՛ւ ուսուցիչներն են աշխատավարձ ստանում, ե՛ւ վարժարանը հոգում է իր կարիքները։ Վարժարանը տեղավորված է հայոց առաջնորդարանի թեւի տակ։ Այստեղ 100-ից ավելի հայ մանուկներ են սովորում՝ սկսած նախակրթարանից (որը նման է մեր մանկապարտեզներին, մինչեւ միջին դպրոց)։ Դուք դժվար թե Երեւանում գտնեք որեւէ հայկական դպրոց, որի բոլոր աշակերտները, ուսուցիչները եւ տնօրենը միասին երգեն Հայաստանի Հանրապետության հիմնը։ Իսկ «Նարեկ»-ում երգում են։ «Նարեկ» վարժարանում հայ պատգամավորների խումբը մի քիչ հուզվեց, նույնիսկ տղամարդկանց աչքերում արցունքներ երեւացին։ Մի փոքրիկ, Չարենց անունով տղա, հատկապես տպավորիչ էր, մանավանդ, երբ ասաց, որ Հայաստանի մասին ոչինչ չգիտի։ Պաշտոնական հանդիպումներ Կիպրոս-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի նախագահ Նիկոս Անաստասիադեսը երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը հպարտանում է կիպրահայերով, սիրում է հայերին եւ իր մանկությունն անցել է մի հայ կնոջ խնամքի ներքո։ Պրն Անաստասիադեսը ծանոթ է (իր ասելով) հայկական կերակրատեսակներին եւ սիրում է հայերեն խոսքը։ Երեկոյան Արթուր Բաղդասարյանը հանդիպեց առեւտրի, արդյունաբերության եւ տուրիզմի նախարար Ջորջ Լիլիկասի հետ։ Ավելի ուշ տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Արթուր Բաղդասարյանի եւ Կիպրոսի Հանրապետության նախագահ Թասոս Փապաթոպուլոսի հետ։ Թասոս Փապաթոպուլոսը Կիպրոսի Հանրապետության նախագահ է ընտրվել 2003-ի փետրվարին եւ ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Այսօր Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Կիպրոսի ՆԳ նախարարի հետ, կայցելի Մելկոնյան վարժարան եւ ուշ երեկոյան կվերադառնա Երեւան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Կիպրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031