Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ

Դեկտեմբեր 10,2003 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ «ԱրմենՏելը» մտադիր չէ պատասխանել Տրանսպորտի եւ կապի նախարարի՝ սակագների բարձրացումն արգելող հրամանին։ «Այդ մասին հայտարարություն չի լինելու, մենք գործելու ենք թիվ 60 լիցենզիայի սահմաններում, սակագների փոփոխության մասին էլ պատշաճ տեղեկատվություն ապահովել ենք»,- երեկ հայտնեցին ընկերությունից։ Նախարարի, նույն է թե՝ լիազոր մարմնի ղեկավարի արգելող հրամանն ուշադրության կամ արձագանքի չարժանացնելը նշանակում է, որ «ԱրմենՏել»-կառավարություն տարաձայնությունը գտել է բախման նոր թեմա։ Նախարար Մանուկյանն իր հրամանում հրահանգել էր դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանից 3 օր անց լրատվության միջոցներով հայտարարել այն մասին, որ անվավեր է ճանաչում սակագների փոփոխության մասին «ԱրմենՏելի» հայտարարությունը, քանի որ նախնական սակագների կիրառման ժամկետն ավարտվել է 1999թ. մարտի 3-ին։ Եթե հաշվի չառնենք հանգստյան օրերը, ապա դա նշանակում է, որ երկուշաբթի «ԱրմենՏելը» պետք է արձագանքեր նախարարի հրամանին: Սակայն դա տեղի չունեցավ: Արդարադատության, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարություններից ստացած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, կառավարությունը պատրաստվում է դատի տալ «ԱրմենՏելին»: Դեկտեմբերի սկզբին խոստացված «իզի» քարտերի «ականջներն» արդեն երեւում են. երեկ «ԱրմենՏելից» տեղեկացրին, որ ամսի 8-ից մարզերում սկսվել է «SIM» քարտերի բաշխումը, մյուս շաբաթվա սկզբին դրանց վաճառքը կսկսվի Երեւանում, որից հետո, «աստիճանաբար կսկսվի նաեւ «իզի» քարտերի վաճառքը»։ Ըստ մեր ստացած տեղեկության, քարտերը կվաճառվեն միայն վաղօրոք հերթագրվածներին, եւ ոչ մեկն առանց քարտի չի մնա։ Որեւէ թվային տվյալ «ԱրմենՏելից» ստանալ չհաջողվեց՝ «դա կոմերցիոն գաղտնիք է» պատճառաբանությամբ։ Հավանաբար, նույնպիսի «գաղտնիք է» «իզի քարտերի»՝ լոտոներին բաժանելը։ Նկատենք նաեւ, որ «ԱրմենՏելը» հերթական անգամ խախտել է լրատվամիջոցներով տարածած իր իսկ հայտարարության ժամկետը, ըստ որի, վաճառքը պիտի սկսվեր դեռ նոյեմբերի վերջերին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Սեփ. լր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել