Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ-ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ

Դեկտեմբեր 10,2003 00:00

ԸՆՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ-ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, սաքսոֆոնահար Ալեքսանդր Մանուկյանը օրերս ընտրվել է Ֆրանսիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր նախագահ։ Նա սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին։ – Ինչո՞ւ ձեզ արժանացրին նման պատվի։ – Սաքսոֆոնահարների ասոցիացիայի կողմից Ֆրանսիայում հրատարակվող ամսագրում լույս տեսավ հոդվածս՝ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փոխադրումները սաքսոֆոնի համար» վերնագրով։ Այն առաջացրել էր ֆրանսիացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար, Եվրոպայի սաքսոֆոնահարների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ժան Մարի Լոնդեյքսի հետաքրքրությունը։ Արդյունքում ինձ հրավիրեցին Փարիզ։ Այսպես սկսվեց իմ ստեղծագործական կապը (հյուրախաղեր, վարպետության դասընթացներ, գիտաժողովներ եւ այլն) Փարիզի հետ։ Ադոլֆ Սաքսի անվան սաքսոֆոնահարների ասոցիացիայի իսկական անդամ եմ։ Անցյալ տարի ապրիլին հինգ ուսանողներս Ֆրանսիայում անցկացված սաքսոֆոնահարների միջազգային մրցույթում շահել են բոլոր գլխավոր մրցանակները։ Դրան հաջորդել է իմ եւ ուսանողներիս համերգը Փարիզի Ֆ. Պուլենկի անվան կոնսերվատորիայի դահլիճում, որտեղ մեզ մեծ անակնկալ մատուցեցին։ Սաքսոֆոն թողարկող ֆիրմայի տնօրեն Պատրիկ Սելմերը մեզ նվիրեց անվանական գործիքներ։ – Երեւանի կոնսերվատորիայի դասական սաքսոֆոնի դասարանի հիմնադիրն եք։ Ի՞նչ կասեք հայ սաքսոֆոնահարների դպրոցի մասին։ – 1978-ից Լիտվայից հրավիրվել եմ Երեւանի կոնսերվատորիա եւ նույն թվականից դասավանդել եմ երաժշտական դպրոցում, ուր բացվել է դասական սաքսոֆոնի դասարան՝ կոնսերվատորիայի համար կադրեր պատրաստելու նպատակով։ Հայ սաքսոֆոնահարների դպրոցը բնութագրելու համար ընդամենը հիշեցնեմ պրոֆեսոր Ժան Մարի Լոնդեյքսի՝ մրցույթից հետո ասած խոսքերը. «Մինչ այժմ ծանոթ էինք հայկական դաշնամուրային, ջութակի դպրոցներին ու հայ տաղանդավոր կոմպոզիտորներին։ Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ կայացած է նաեւ Հայաստանի դասական սաքսոֆոնահարների դպրոցը»։ – Դուք նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիս-ամերիկյան սաքսոֆոնահարների ասոցիացիաների պատվավոր անդամ եք։ Ի՞նչ կասեք ձեր եւ այդ ասոցիացիաների կապերի մասին։ – Նրանց շնորհիվ է, որ ստեղծագործական այցով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ սաքսոֆոնահարներ Ժան Պիեռ-Սիմոնը (Ֆրանսիա), Ջոն Սամպենը, Օլթեր Հարթլին (ԱՄՆ), ինչպես նաեւ Թեոդոր Կերկեզոսը (Հունաստան), Մարգարիտա Շապոշնիկովան (Ռուսաստան)։ Ես էլ հրավիրվում եմ Անգլիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի տարբեր երաժշտական կենտրոններ՝ վարպետության դասընթացներ անցկացնելու։ – Երաժիշտների շրջանում խոսում են, թե Մանուկյան ընտանիքը դեռ խորհրդային տարիներից բացել է իր ընտանեկան-երաժշտական բիզնեսը։ – Այո, չեն սխալվում։ Կինս՝ Օլգա Մանուկյանը, եւ դուստրս՝ Ելենա Մանուկյանը, իմ դասարանի անփոփոխ կոնցերտմայստերներն են։ Հավատացնում եմ՝ այնքան լավ գիտեն սաքսոֆոնի գրականությունը, որ բացակայությանս ժամանակ հանգիստ կարող են փոխարինել ինձ։ Կարծում եմ, բիզնեսի բոլոր ձեւերն ու տեսակներն ընդունելի են եւ անհրաժեշտ։ Միայն թե ծառայեն ի շահ հանրության եւ ոչ հակառակը։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031