Ամեն մարդ Աստծո ստեղծածն է Երեկ դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում բացվեցին վերանորոգված հոգեբուժական եւ թերապեւտիկ բաժանմունքները, նաեւ նոր լվացքատունը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարեւորելով այս իրադարձությունը, ասաց, որ ազատազրկում նշանակում է ազատությունից օտարել մարդուն, սակայն ազատազրկվածը չի դատապարտվելու վատ սննդի, արժանապատվությունը նսեմացնող պայմանների։ Նա նշեց նաեւ, որ կատարվածը քայլ է՝ ուղղված դատապարտյալի՝ հասարակության լիարժեք անդամ դառնալուն։ Տեղեկացնենք, որ մինչ այդ նույն համակարգում շահագործման էր հանձնվել դատապարտյալ թոքախտավորների մասնաշենքը, որտեղ սպասարկվում են 220-ից ավելի հիվանդներ։ Բաժանմունքը, որ երեկ բացվեց, միաժամանակ սպասարկելու է 50 հիվանդի։ «Նախկինում պատերի վրա սնկեր կային աճած, երկհարկանի մահճակալներ էին դրված սենյակներում»,- ցույց տալով տարածքը, ասաց Դավիթ Հարությունյանը։ Բաժանմունքի վերանորոգման աշխատանքներին աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը եւ Կենտրոնական բանտային հիվանդանոցի ողջ անձնակազմը։ Կարմիր խաչի հայկական ընկերության նախագահ, բանտային հիվանդանոցի նախկին պետ Մխիթար Մնացականյանն ասաց, որ հաճախ իրեն հարց են տալիս, թե ինչու դատապարտյալները չեն կարող ստանալ այն, ինչ հասնում է իրենց։ Եվ գործում էր այն կաղապարը, որ ազատազրկման վայրը պիտի լինի «մի քիչ մութ, մի քիչ սարսափ ներշնչող», ինչն այսօր, իհարկե, հաղթահարվում է։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գրիգոր Աղայանը նկատեց, որ միայն այսքան մարդու մուտքը ռեժիմային հիմնարկ, տարիներ առաջ պատկերացնել չէիր կարող։ Եվ գնահատելով վերանորոգման աշխատանքները, նախանձով նկատեց. «Նույնիսկ բանակի համակարգում նման բաժանմունք չկա»։ Սուրբ Զորավոր եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Վարդանը օրհնեց դատապարտյալի պատրաստած խաչքարը։ Նա գտնում էր, որ ամեն մարդու նկատմամբ, որ Աստծո ստեղծածն է, պետք է հոգ տանել։ Եվ իհարկե, իր ցանկությունը հայտնեց. թող լինի այնպես, որ այս տիպի հիվանդանոցները դառնան պատմություն։ Հետաքրքիր է, որ բանտային հիվանդանոցի շենքը կառուցվել էր 1800-ականների սկզբին եւ ժամանակին իր մռայլության պատճառով «տերտերի տուն» էին անվանում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ