Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը գյուղ հասավ

Դեկտեմբեր 10,2003 00:00

Ջուրը գյուղ հասավ Արագածոտնի Դաշտադեմ, Ղաբախթափա, Լուսակն, Արտենի գյուղերի 5000 բնակիչներ ջուրը կբերեն ոչ թե Թալինից, այլ մոտիկ մի քանի աղբյուրներից: Երեկ Դաշտադեմ գյուղում բացվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված 128 հազար դոլար արժողությամբ խմելու ջրագիծը (համայնքի ներդրումը 14,328 դոլարին համարժեք նյութեր են): Արարողությանը ներկա էին կարճատեւ այցով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի յոթ գործադիր տնօրենները: Նրանցից Արգենտինան ներկայացնող Ալիետո Գուադանին առանձնահատուկ ողջունեց երեխաներին, քանի որ լավ ջուրը հատկապես նրանց առողջության համար է կարեւոր: Ինչպես միշտ, նման ծրագրեր իրականացնելիս ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ասաց, որ կառուցելուց հետո անհրաժեշտ է նաեւ ջրագիծը լավ պահել, որպեսզի եկող սերունդներն էլ դրանից օգտվեն: Դաշտադեմում շատ ուրախ էին, որ ջուրը վերջապես իրենց գյուղ հասավ: Սակայն գյուղապետ Անդրանիկ Ավետիսյանն ասաց, որ այս պահից սկսած իրենք արդեն մտածում են ջրի ներքին ցանցի կառուցման մասին, որ, իրենց բնորոշմամբ, այդ «կենսական անհրաժեշտությունը» հասնի յուրաքանչյուր բնակարան: ՀՍՆՀ-ի տնօրենից տեղեկացանք, որ վարկային այս ծրագրում դա հնարավոր չէ, իսկ ապագայում իրենք կարող է այն ներկայացնեն ՀԲ-ի տնօրենների քննարկմանը: Գյուղի բնակիչ, զոհված ազատամարտիկի հայր Բաղդասար Բաղդասարյանը հայտնեց, որ այստեղ նույնիսկ խորհրդային տարիներին գազ չի եղել, իսկ փայտն էլ այս տարի շատ թանկ է: Եվ հնուց «ավանդույթ» է. բնակարանները աթարով են տաքացնում: Ի դեպ, մեր այս զրուցակիցը չներկայացավ որպես զոհվածի հայր, կողքիններն ասացին այդ մասին: Եվ հենց նա էր, որ առիթը բաց չթողեց եւ ՀԲ-ի՝ իրենց ապրուստով հետաքրքրվող տնօրեններից մեկին հայտնեց, որ եթե գյուղ ոռոգման ջրագիծ անցկացվի, այստեղ ամեն ինչ էլ կաճի՝ սկսած ծիրանից եւ խաղողից: Հետագայում որոշ տեղյակ մարդկանցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդպես է: Նրանք բոլորն էլ ժխտեցին դրա հնարավորությունը քարաշատ ու քամոտ վայրերի համար: Սակայն զոհվածի հոր փաստարկը թերեւս հասկանալի է դարձնում նրա ասածի նշանակությունը. «Էդ ժամանակ է՜սքան մարդ գյուղը չի լքի»: Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել