Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ Է ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ

Դեկտեմբեր 10,2003 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ Է ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ «Առավոտն» անցյալ շաբաթ անդրադարձել էր ՀՀ կառավարության ս.թ. հոկտեմբերի 30172ի որոշմանը, որով պետք է միավորվեն Երեւանի բուժհաստատությունները: Ենթադրություն էինք հայտնել, որ հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները միավորելով, մեր կառավարությունը շեղվում է ոլորտի՝ տարիներով իր նշած գերակայություններից: «Մենք ընդհանրապես չենք հասկանում այս որոշման քաղաքականությունը: Ինչպե՞ս է դա պատահել: Այն տպավորությունն ենք ստացել, որ այդ ամենը շատ տարօրինակ կերպով է արվել,- ասաց փորձագետներից մեկը, որը մյուսների նման որոշեց հոդվածում չներկայանալ։ -Մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ աշխատանքում, նույնիսկ չեն իմացել, որ պոլիկլինիկաները նույնպես ներառված են օպտիմալացման ենթակա բուժհիմնարկների ցանկում: Որոշման մեջ բացատրված չէ, թե հանուն ինչի է դա արվում, ինչ արդյունքներ են սպասվում»: Մեր զրուցակից փորձագետներից մի քանիսը շատ մտահոգված են, որ պոլիկլինիկաները, միաձուլվելով ավելի մեծ կառույցների, ոչ միայն կախյալ վիճակի մեջ կընկնեն, ինչը միանգամայն օբյեկտիվ է, այլեւ կկորցնեն գոյատեւելու եւ զարգանալու հնարավորությունը: Որովհետեւ համակարգը տարիներով պատմականորեն այնպես է աշխատել, որ առաջնայնությունը տրվել է բուժօգնության ավելի բարձր մակարդակի, ավելի բարդ տեխնոլոգիաների եւ ավելի թանկ ծառայությունների: Մասնագետները վկայակոչում են, որ այսօր գոյություն ունեցող միավորված հիվանդանոցներում, որտեղ պոլիկլինիկան դրա մի մասն է, կա հետեւյալ երեւույթը՝ պոլիկլինիկայի համար մեծ կոմպլեքսներում դժվար է գոյատեւել եւ առողջության առաջնային պահպանության խնդիրներն այստեղ (այդ թվում՝ ֆինանսական) շատ հաճախ անտեսվում են: Հիշեցնենք, որ օպտիմալացման նախորդ՝ 1997 թվականի ծրագիրն ավելի շատ ապակենտրոնացման ծրագիր էր, այսինքն հաստատությունները մանրացվում էին: Հաճախ անգամ պոլիկլինիկաներն են քննադատվում այն բանի համար, որ չափից ավելի մեծ են եւ այդտեղ առողջության առաջնային պահպանումը չի իրականացվում, քանի որ ամեն ինչ բաշխվում է նեղ մասնագետների միջեւ: «Այսօր մենք տեսնում ենք առողջապահության քաղաքականության տարօրինակ փոփոխությունը: Տնտեսությունների կենտրոնացումը, խոշորացումը, այս միաձուլման գործընթացը չի վերաբերում հիվանդանոցների միաձուլմանը եւ այն հարցի լուծմանը, որ հիվանդանոցները պետք է քիչ լինեն: Եվ, չգիտես ինչու, այդ որոշման մեջ են հայտնվել պոլիկլինիկաները», – տարակուսում են փորձագետները: Այսօր խնդիրը դրված է հետեւյալ կերպ. ինչպես փրկել առաջնային պահպանման օղակները: Որպես հնարավոր ուղի, փորձագետները տեսնում են հետեւյալը՝ հանել դրանք նոր կոմպլեքսների կազմից: Եթե ոչ պոլիկլինիկաներն ամբողջությամբ, ապա՝ գոնե թերապեւտներին, մանկաբույժներին, որոշակի լաբորատոր ծառայություններ: Մեր զրուցակիցները համաձայնեցին, որ ԱՀՌԾ-ում բուժհաստատությունների խոշորացման մասին տողը վերաբերում է Երեւան քաղաքի հիվանդանոցներին ու մահճակալային ֆոնդի կրճատմանը եւ ամենեւին չի կարող «արդարացում» լինել պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների միացման համար: Ի դեպ, այս որոշման մեջ ԱՀՌԾ-ից երկու շեղում կա: Առաջին. պոլիկլինիկաները չպետք է ընկնեին միավորվող բուժհաստատությունների ցանկը, սակայն ընկել են: Եվ երկրորդը. մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկի հետ նախնական բանակցությունների համաձայն, Երեւանում պետք է լիներ մեկ «պիլոտ» (փորձնական) օբյեկտ, որի վրա կփորձարկվեր միաձուլման սխեման: Այսօր, հիշեցնենք, 36 բուժհաստատությունից միաձուլման արդյունքում մնալու է 9-ը, ինչն, անշուշտ, մեծացնում է սխալվելու ռիսկը: Կառավարության որոշման իրականացման համար տրված մեկ եռամսյակ կամ 4 ամիս ժամանակահատվածը հարուցում է մասնագետների առնվազն տարակուսանքը: Ոլորտին քաջատեղյակ մարդիկ գտնում են, որ պետք էր սկզբում ստեղծել այդ որոշման իրականացման կանոնները, այնուհետեւ ընդունել որոշումը: «Գուցե ա՞յդ պատճառով է, որ հիմա բոլորը հարցեր են տալիս՝ իսկ դա ինչպե՞ս է արվելու եւ դրանից ի՞նչ դուրս կգա», – իր հերթին հարցրեց մեր զրուցակիցներից մեկը: Համաշխարհային բանկը պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերի առողջապահության ոլորտի օպտիմալացմանը: Արդեն նշեցինք, որ ՀԲ-ի երաշխավորությունները հենց մահճակալային ֆոնդի կրճատմանն էին վերաբերում եւ գործընթացը կանգնեցված էր մինչեւ փորձագետների ժամանումը: Նրանք ժամանել են, եւ երեկ եւ այսօր կքննարկում են վերոնշյալ հարցերը: Հիշեցնենք, որ ՀԲ-ի փորձագետների կարծիքները այս հարցի շուրջ տարբեր են: Կան կարծիքներ, որ այդ որոշումը ոչ մի կերպ չի կարող ռիսկ պարունակել պոլիկլինիկաների եւ առողջության առաջնային պահպանման համար: Սակայն այս կերպ մտածող նույն փորձագետները միաժամանակ համաձայն են, որ դրա միաձուլման իրականացման ժամանակ պոլիկլինիկաները չթուլացնել հնարավոր է կոնկրետ մեխանիզմների միջոցով: «Քանի դեռ այդ մեխանիզմները չկան, ոչ ոք ոչինչ ասել չի կարող», – ոչ այնքան լավատեսորեն ամփոփեց մեր փորձագետներից մեկը: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել