ՄՈՍԿՎԱՆ ԹՔԱԾ ՈԻՆԻ Այսօր Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն կմեկնի Բաթում՝ Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ հանդիպում ունենալու նպատակով: Մինչ այդ Բուրջանաձեն հայտարարել է, որ Ասլան Աբաշիձեի հետ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի հունվարի 4-ին Վրաստանի նախագահի ընտրություններին Աջարիայի մասնակցության հարցը: Սա Նինո Բուրջանաձեի եւ Ասլան Աբաշիձեի առաջին հանդիպումը կլինի Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո: Բուրջանաձեն հույս է հայտնել, որ հանդիպումը կընթանա կառուցողական մթնոլորտում: Նա նշել է նաեւ, որ եթե այդ հանդիպման ընթացքում չհաջողվի պայմանավորվել Աբաշիձեի հետ, ապա պատրաստ է էլի մի քանի անգամ այցելել Բաթում՝ ի վերջո հասնելով կոնկրետ պայմանավորվածության: Բուրջանաձեն կարծիք է հայտնել, որ հունվարի 4-ի նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու հաղթանակի դեպքում՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավարությունը չի դադարեցնի հարաբերությունները Թբիլիսիի հետ: «Հնարավոր է, որ կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ հարաբերությունները լինեն բարդ, սակայն հուսով եմ, որ թե՛ Թբիլիսին, թե՛ Բաթումը միմյանց ընդառաջ քայլեր կձեռնարկեն իրավիճակը մեղմելու եւ կարգավորելու նպատակով»,- նշել է Վրաստանի նախագահի պաշտոնակատարը: Միեւնույն ժամանակ, Թբիլիսի-Բաթում հարաբերությունները Մոսկվան շարունակում է էլ ավելի լարել: Երեկվանից Աջարիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար ժամանակավոր հիմունքով պարզեցվել է Ռուսաստան մուտքի եւ ելքի կարգը: Այդ մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում: Ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, այդպիսի որոշում է կայացվել՝ «հաշվի առնելով Վրաստանի Հանրապետության հետ վիզային ռեժիմն աստիճանաբար մեղմացնելու ՌԴ գիծը, ինչպես նաեւ տվյալ խնդրի մարդասիրական կողմը»: Հիշեցնենք, որ մարդասիրության այս բռնկումից ընդամենը երկու շաբաթ առաջ ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովն անհնար էր համարել այդ բանը, նշելով, որ թեեւ դա Աբաշիձեի ցանկությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի կողմից այդ ցանկությանն ընդառաջելը կդիտվեր ոչ այլ կերպ, քան միջամտություն Վրաստանի ներքին գործերին: Փաստի առնչությամբ արդեն իսկ իր բողոքն է հայտնել ՌԴ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն, այն գնահատելով իբրեւ «չհամաձայնեցված եւ միակողմանի»: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ