Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ առանց հսկողության

Դեկտեմբեր 10,2003 00:00

Մրցույթ՝ առանց հսկողության Ամիսներ առաջ Երեւան ժամանած Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող խմբի հետ հանդիպման ժամանակ, «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» հետեւողականորեն եթերի հնարավորություն չընձեռելու վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր դիտարկում իրականացնել հեռուստակապուղիների հաջորդ մրցույթի նկատմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եվրախորհրդի պատվիրակները համաձայնել էին այդ առաջարկին: Քանի որ դեկտեմբերի 19-ին կայանալու է կապուղիների հերթական մրցույթը, որին, ըստ ամենայնի՝ կմասնակցեն «Ավետիսը», «Ա1+»-ն ու «ՆՏ»-ն: Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալիա Վուտովայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրականացվելու այդ դիտարկումը: Պատասխանն անակնկալ էր. «ԵԽ-ում սահմանափակ է նման կարգի դիտարկում անցկացնելու պրակտիկան: Պատճառները հետեւյալն են՝ նախ, մրցութային հայտերը ներկայացվելու են հայերեն, եւ շատ դժվար է այդ ամենը համընթաց թարգմանելը: Բացի այդ՝ հեռուստաընկերությունները կներկայացնեն փաստաթղթերի հսկայական քանակություն, որոնք թարգմանելը նույնպես դժվար հարց է: Եվ երրորդը՝ նույնիսկ եթե ուղարկենք մեր փորձագետներին՝ նրանք պետք է լավ իմանան հայկական իրողությունները: Ուստի տեխնիկական պատճառներով՝ մեզ համար շատ դժվար հարց է նման դիտարկում անցկացնելը: Մենք ավելի շատ կենտրոնացել ենք այն խնդրի վրա, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ ՀՌԱՀ կանոնակարգը համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Նաեւ առանձնակի կարեւորում ենք, որ հիմնավորումներ ներկայացվեն ՀՌԱՀ որոշումների առնչությամբ, որ դրանցից դժգոհները կարողանան դրանք վիճարկել դատարանում, ինչի հնարավորությունը չկա այս փուլում»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք եվրոպական չափանիշներին մոտեցրե՞լ են այն փոփոխությունները, որոնք կատարեց ԱԺ-ն վերոհիշյալ օրենքներում, մասնավորապես՝ բավարա՞ր է այն լուծումը, որ ՀՌԱՀ-ում թափուր տեղերի առկայության պայմաններում դրանք պիտի լրացվեն մրցույթով: «Առայժմ մենք չենք տեսել 2-րդ ընթերցմամբ ընդունված այդ օրինագիծը,- պատասխանեց Նատալիա Վուտովան:- Գիտենք, որ այն 3-րդ ընթերցմամբ ընդունվելու է դեկտեմբերի 12-ին եւ հուսով ենք, որ դրանից հետո Հայաստանի իշխանությունները կդիմեն մեզ՝ փորձաքննության համար: Վերջինիս հիման վրա էլ կարտահայտենք մեր տեսակետը, թե արդյոք այն համապատասխանո՞ւմ է եվրոպական չափանիշներին»: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ընդգծեց իրենց դիրքորոշումը, թե Հայաստանի հեռուստառադիոընկերությունները պետք է ամբիոն տրամադրեն բոլո՛ր տեսակետների ներկայացման համար. «Կարեւորում ենք, որ քաղաքական եւ այլ տարատեսակ ուղղությունների ներկայացուցիչներն առավելագույնս ունենան հայկական հեռուստաեթերում արտահայտվելու հնարավորություն: Մենք չենք ուզում գնահատել, թե ինչ վիճակ է այժմ այդ առումով: Բայց այն, որ որոշակի հեռուստաալիքներ արդեն բավական ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ եթեր՝ մտահոգում է մեզ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել