Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում վիճակն անկայուն է

Դեկտեմբեր 10,2003 00:00

Թբիլիսիում վիճակն անկայուն է Այստեղ նույնպես կա «նախորդ հանցավոր ռեժիմ» Վրաստանում «վարդերի հեղափոխության» միջոցով իշխանության եկած նոր սերնդի ժողովրդավարների գլխավոր խնդիրն է շատ սեղմ ժամկետներում ոչ միայն ուղղել սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այլեւ արմատախիլ անել ցեցի պես տնտեսությունը կերած կոռուպցիան: Տպավորությունն այն է, որ նոր ու նաեւ՝ նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք իշխանությունները, համենայնդեպս, վճռական են հիշյալ խնդիրները լուծելու իմաստով։ Իհարկե, այստեղ էլ հայաստանյան իշխանությունների հետ բավականին մեծ նմանություններ կան: Մասնավորապես՝ օրերս Վրաստանի պետնախարար Զուրաբ Ժվանիան իր ասուլիսում հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ձեռնարկած առաջին քայլերի մասին։ Ըստ նրա՝ քայլերը ձեռնարկվում են եւ դրանք «հեղափոխական քայլեր են»։ Եվ դրանք սկսում են պետական սեփականություն հանդիսացող օբյեկտները վերահսկող կլաններից «մաքրելուց»։ Պետնախարարի ասելով, նման օղակների ցանկի առաջին պլանում է հայտնվել «Վրացական երկաթուղային գծեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը, նրա շեշտադրությամբ՝ նախկին իշխանությունների համար հարստանալու հիմնական միջոցն էր, իսկ արտասահմանյան գործընկերների համար՝ կոռուպցիայի խորհրդանիշներից մեկը։ Թեեւ նորմալ աշխատանքի դեպքում, ըստ Ժվանիայի, երկաթուղին մեծ ռեսուրսներ եւ պոտենցիալ հնարավորություններ ունի բյուջեն համալրելու համար։ Կոնկրետ այս ՍՊԸ-ում սկսվել է կոռուպցիայի դեմ պայքար. ընկերության 3 հոգուց բաղկացած դիտորդական խորհուրդը լուծարվելու է եւ փոխարենը նշանակվելու է նոր խորհուրդ՝ բաղկացած 15 հոգուց։ Երկու ամիս անց ձեռնարկության տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: Թե որքանով այս քայլերը կնպաստեն կոնկրետ ոլորտում կոռուպցիայի վերացմանը, ցույց կտա ապագան։ Հատկանշական է Ժվանիայի հայտարարության մեզ համար շատ ծանոթ երանգը՝ «նախկին իշխանություններին պատկանող կլան»։ Հետհեղափոխական Վրաստանում քրեածին վիճակը մնում է ծանր: Մամուլում եւ փողոցներում գրեթե ամեն օր խոսվում է պայթեցումների, առանձին քաղաքական գործիչների դեմ ձեռնարկվող մահափորձերի մասին: Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարեց, թե իշխանությունները պատրաստակամ են վճռականորեն պայքարել կրիմինալ տարրերի դեմ։ Այս նպատակով երեկ իր հրավիրած ասուլիսում նա հայտարարեց մի քանի ձերբակալությունների մասին, ընդ որում, դրանցից որեւէ մեկը կոնկրետ քաղաքական գործիչների դեմ ձեռնարկված մահափորձերի մասնակիցներից կամ կազմակերպիչներից չէր։ Սակայն ընդհանուր առմամբ տպավորությունն այն է, որ նոր իշխանությունը իրավիճակն առայժմ չի վերահսկում: Երեկ դարձյալ տեղի ունեցավ պայթյուն Թբիլիսիի դպրոցներից մեկում, որի արդյունքում սպանվեց 17 տարեկան մի հայ երիտասարդ եւ կան բազմաթիվ վիրավորներ։ Եթե համեմատելու լինենք Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքները, ապա տարբերությունն, անշուշտ, հօգուտ Հայաստանի կլինի: Թբիլիսիի փողոցները շատ ավելի կեղտոտ են, քան Հայաստանի մայրաքաղաքի փողոցները, այստեղ ավելի շատ են մուրացկանները՝ ամեն քայլափոխի։ Առաջինը, ինչ տպավորվեց՝ զբոսաշրջիկներին զգուշացնում են այն մասին, որ երեկոյան 7-ից հետո քաղաք չի կարելի դուրս գալ, որովհետեւ դա համարվում է բավական վտանգավոր։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել