Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉ ԳԾԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

Դեկտեմբեր 10,2003 00:00

ԿԱՆԱՉ ԳԾԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ Կիպրոսցիները հպարտ են, որ շուտով կդառնան Եվրամիության անդամ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցող պատգամավորական խումբը Կիպրոսի խորհրդարանում երեկ հանդիպեցին Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնակատար եւ խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասի հետ։ Կիպրոսի օրենսդիր մարմինը կոչվում է Ներկայացուցիչների պալատ, որն ընտրվում է հինգ տարով, ունի 80 պատգամավոր։ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվում է խորհրդարանում ներկայացված հույն անդամներից եւ պետք է լինի հույն-կիպրոսցի։ Մարոնական, հայկական եւ լատինական փոքրամասնությունները խորհրդարանում ունեն մեկական ներկայացուցիչ։ Այսօր հայկական փոքրամասնությունը Կիպրոսի խորհրդարանում ներկայացնում է Պետրոս Գալաջյանը։ Խորհրդարանական վերջին ընտրությունները Կիպրոսում տեղի են ունեցել 2001 թ. մայիսի 27-ին եւ խորհրդարան են եկել ութ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության (20 տեղ խորհրդարանում) ղեկավար Դեմիտրուս Քրիստոֆիասն ընտրված է նախագահ։ Պրն Քրիստոֆիասը եւ Արթուր Բաղդասարյանը երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որից հետո համատեղ մամուլի ասուլիս տվեցին հայկական եւ կիպրոսցի լրատվամիջոցների համար։ Կիպրոսի խորհրդարանի նախագահը նկատեց. «Շնորհակալ եմ նախագահ Բաղդասարյանից, որ այստեղ եկավ եւ այս համաձայնությունը կայացավ։ Կարծում եմ, սա առաջին քայլը պիտի լինի ապագայում մեր հարաբերությունների աշխուժացման համար»։ Արթուր Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պաշտոնական այցով իրեն Կիպրոս հրավիրելու համար եւ վստահեցրեց. «Մեր ստորագրած համաձայնագիրը հնարավորություն կտա ամրապնդել ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները, այլեւ՝ գործադիր իշխանությունների փոխադարձ կապերը»։ Երեկ խորհրդարանական պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպեց նաեւ Կիպրոսի ֆինանսների նախարար Մարկոս Կիպրիանոսի եւ Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարար պրն Պեֆիկոս Գեորգիադեսի հետ։ Ֆինանսների նախարարությունում կարճ ճեպազրույցի ժամանակ Մարկոս Կիպրիանոսն ասաց. «Պրն նախագահի հետ վերակենդանացրինք երկկողմ պայմանավորվածությունները, որ կային։ Իրավական դաշտը բերվել է նորմալ վիճակի, միակ բանը, որ մնում է անելու՝ կրկնակի հարկումից ազատվելու հարցերն են, որոնք եւս շուտով վերջնական տեսքի կգան»։ Արթուր Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ այսուհետ լուրջ առաջընթաց կնկատվի հայ-կիպրական բանկային հարաբերություններում։ Ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի համանախագահները կնշանակվեն արագ կարգով եւ արդեն հաջորդ տարի կրկնակի հարկումից ազատվելու հարցը կլուծվի։ Այսօր ստորագրված միջխորհրդարանական պայմանագիրը կնպաստի երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ դեռ Երեւանում Արթուր Բաղդասարյանին եւ նրան ուղեկցող խմբին օդակայանում ձեռքերը թափահարելով ճանապարհում էին երկու նախարար, երկուսն էլ՝ ՕԵԿ անդամ՝ Սերգո Երիցյանը (կրթության եւ գիտության) եւ Թամար Պողոսյանը (մշակույթի)։ Իսկ Կիպրոսում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց մի նախարարի, որը հասկանալի պատճառներով ՕԵԿ անդամ չէր, բայց կարելի էր նրան կոչել «երկուսը մեկի մեջ», քանի որ Կիպրոսում կրթությունն ու մշակույթը մեկ նախարարության մեջ է ամփոփված։ Տիկին Թամարի եւ Սերգոյի գործընկեր, նախարար Պեֆկիոս Գեորգիադեսը եւս բավականին ջերմ ընդունեց հյուրերին։ Նվերներ փոխանակվեցին նաեւ այս անգամ։ Երեւի Կիպրոսում նվերների հարցում վառ երեւակայություն չունեն, քանի որ եւ նախորդ օրը՝ Առեւտրաարդյունաբերական պալատում, եւ երեկ՝ Կրթության եւ մշակույթի նախարարությունում նույն կիպրական տեսարանով հուշանվերը նվիրեցին ՀՀ ԱԺ նախագահին։ Մինչդեռ հայերը նվերներ տալու հարցում խնդիր չունեն, ամեն անգամ մերն ուրիշ էր։ Կիպրոսի նախարարը խոսեց հայ-կիպրական վաղեմի կապերի մասին, գովեց մեզ։ Ասաց, որ մշակույթի բնագավառում կարող ենք համագործակցել։ Արթուր Բաղդասարյանն էլ նրան հրավիրեց Երեւան, որպեսզի մշակույթի նախարար Թամար Պողոսյանի հետ վավերացվի փոխադարձ համաձայնագիր։ Կիպրոսի պաշտոնյաները, ըստ ամենայնի, շատ են հպարտանում ԵՄ անդամ դառնալու մոտ հեռանկարով եւ գրեթե բոլոր պաշտոնյաները, այդ թվում նաեւ՝ կրթության եւ մշակույթի նախարարը, ասաց, որ Կիպրոսի Եվրամիություն մտնելն ավելի օգտակար կլինի Հայաստանի համար։ Կողմերը պայմանավորվեցին մշակութային համագործակցության հարցերում, խմբերի փոխանակման, փոխադարձ այցելությունների եւ այլնի։ Երեկ հայ խորհրդարանականների խումբն այցելեց Կիպրոսի հայտնի կանաչ գիծ, որից այն կողմ Կիպրոսի ավերված եւ կիսաքանդ թուրքական կողմն է։ Այստեղ թուրքերը 120 հազար վերաբնակիչ են բերել իրենց երկրից։ Էքսկուրսիայի պահին թուրքական մզկիթներից նամազի ձայնը տարածվեց նաեւ Կիպրոսի այս կողմի վրա։ Երեկոյան, ավելի ուշ, Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցողներն այցելեցին Հայոց առաջնորդարան եւ հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Նիկոզիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել