«ԱՋԵՐԻ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ ՌԴ Պետդումայի ընտրությունների այս գնահատականը գերակշռում է հայաստանյան քաղաքական գործիչների մեկնաբանություններում։ Սակայն ինչպես են այդ ընտրություններն ազդելու Հայաստանի վրա՝ այստեղ տեսակետները տարբեր են։ «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը մեր այն դիտարկմանը, թե ամբողջատիրական ռեժիմի փլուզումը նախաձեռնած եւ բարեհաջող ավարտին հասցրած լիբերալները շարունակաբար պարտություններ են գրանցում, այսպես արձագանքեց. «ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց սպասումներն արագ չարդարացան։ Դա հանգեցրեց նրան, որ ամեն ինչ վերագրվեց գաղափարախոսությանը եւ ժողովուրդը հիասթափություն ապրեց»։ Լավատեսորեն տրամադրված մեր զրուցակիցը նաեւ համոզված է, որ սերնդափոխության եւ, ի վերջո, նորմալ ընտրությունների արդյունքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ըստ այդմ, նա գտնում է, որ լիբերալ գաղափարախոսություն կրողներն իրենք պետք է պատրաստ լինեն նրան, որ 70 տարի խորհրդային ռեժիմի տակ ապրած ժողովրդական լայն զանգվածների համար լիբերալիզմը միանշանակ եւ անվերապահորեն ընդունելի լինել չի կարող։ Այն, որ Մերձբալթյան երկրներում այդ ուժերը այդուհանդերձ հաղթեցին եւ կարծես թե երկարատեւ ընթացքի համար ամրագրեցին իրենց հաղթանակը, Վահագն Խաչատրյանը բացատրում է նրանով, որ Մերձբալթիկան ավելի ուշ էր հայտնվել ԽՍՀՄ կազմում, ուստիեւ նոստալգիկ տրամադրություններն այնտեղ չունեցան այն ազդեցությունը, ինչ Հայաստանի կամ Ռուսաստանի նման երկրներում։ «Աջերի» պարտության երկրորդ պատճառը Վ. Խաչատրյանը համարում է այն, որ «աջերը երբեւէ պոպուլիստ չեն եղել։ Նրանք միշտ իրականությունն են ներկայացրել, իսկ իրականությունը դաժան է»։ ՌԴ-ում աջերի պարտությունը պրն Խաչատրյանը «օբյեկտիվ» է համարում, որովհետեւ համոզված է, որ դա ընտրությունների իրական արդյունքն էր, ի տարբերություն Հայաստանի, որտեղ «խեղաթյուրման արդյունքում խորհրդարանում հայտնվեցին գաղափարախոսություններ, որոնք ձեւականորեն ամեն ինչ են, իսկ իրականում՝ ոչինչ»։ «Լիբերալիզմը թթու թան չի, ամեն մարդու բան չի»,- ավելի կարճ ձեւակերպեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը։ Նրա կարծիքով, «Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները՝ Հայաստանի հեռանկարների հետ կապված, լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Մի երկիր, որտեղ մեծապետական ձգտումներով կուսակցությունները շուրջ 30% են կազմում՝ Հայաստանի համար տխուր, անհեռատես եւ անհեռանկար է, որովհետեւ ամեն ինչում եւ անվերապահորեն այդպիսի երկրի հետ ենք կապված»։ Տրամագծորեն հակառակ կարծիքն ունի «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Առավոտի» հարցը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Փաստորեն, ՌԴ-ն լուրջ շեղում է արձանագրում դեմոկրատական ուղուց: Արդյոք ժամանակը չի՞ մեջքով շրջվել դեպի կայսերապաշտական Ռուսաստանը, եւ մնալ հավատարիմ ժողովրդավարական սկզբունքներին»: Արամ Կարապետյանը գտնում էր, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. «Իսկապես ժողովրդավարական որոշակի հասկացություններ սկսում են դուրս գալ ռուսական քաղաքական դաշտից, եւ, ցավոք, դա արդյունք է վայրի լիբերալ քաղաքականության, որը 13 տարի տարան այդ ուժերը: Ես Մոսկվայի աջ ուժերի ներկայացուցիչ մի բարձրաստիճան պաշտոնյայի ասել եմ շատ կտրուկ՝ քիչ գողանայիք, շատ ձայն կստանայիք: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ժողովրդավարական գործընթացները շատ կարեւոր են: Առանց ժողովրդավարության երկիրն առաջընթաց չի ունենա: Բայց հիմա մոբիլիզացիոն գործընթաց է ՌԴ-ում՝ վախից, որ Ռուսաստանը չմասնատվի: Կարծում եմ, որ 2-3 տարվա ընթացքում ՌԴ-ում կձեւավորվի մի նոր քաղաքական ուժ, որը, միգուցե, նաեւ հների միացություն լինի, որը կներկայացնի աջ դաշտը՝ խորհրդարանից դուրս, բայց գաղափարապես ավելի լուրջ, ավելի չկեղտոտված, որն, իմ կարծիքով, կունենա մեծ հնարավորություն՝ ազդելու պետական քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է «մեջքով» կանգնելուն՝ ոչ, չեմ կարծում, թե դրա կարիքը կա, որովհետեւ ես հավատացած եմ, որ ՌԴ-ում ժողովրդավար ուժերը բավականաչափ լուրջ դերակատարում կունենան ապագայում: Պետք է նայել ավելի հեռուն: Այլ խնդիր էլ կա՝ դեմքով դեպի ո՞ւմ շուռ գանք: Կոնգլոմերատները, ինչպես ԵԽ-ն, քարոզելով ժողովրդավարական արժեքներ, չեն կարողանում քարոզի արդյունքները տալ ժողովրդին: Խոսվում է ժողովրդավարությունից՝ մեր բարեկեցությունը չի ավելանում: Դիտորդներն ասում են՝ ձեր ընտրությունները վատ են անցել, հենց օրենքների փաթեթներն ընդունում ենք, ամեն ինչ մոռանում են: Օրենքներ են պարտադրում, որ մեր ժողովրդի ավանդույթներին չի համապատասխանում՝ թե աղանդավորների, թե արվամոլների, թե մահապատժի վերացման եւ այլ հարցերում: Այսինքն, այդ ներդրվող ճնշումները ժողովրդին դուրս են մղում ժողովրդավարության դաշտից: Փոխարենը, եթե հասկանային մեր ժողովրդի մենթալիտետն, ավելի լուրջ աշխատեին, ապա մեծ բաների կհասնեին մեր երկրներում՝ ժողովրդավարության զարգացման գործում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ