Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային կովկասցիները հանդիպեցին դղյակում

Դեկտեմբեր 09,2003 00:00

Հարավային կովկասցիները հանդիպեցին դղյակում Նոյեմբերի 21-24-ը ավստրիական Ռայխենաու քաղաքում տեղի է ունեցել սեմինար՝ «Անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով: Սեմինարը մեկնարկեց այն ժամանակ, երբ «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում դեռեւս չէր մեկնարկել: Հայերս կատակում էինք, թե ուր որ է «մեր» (իբր «հայազգի») ընդդիմությունը իշխանության կգա Վրաստանում եւ կշարունակի Մեծ Հայաստանի կերտումը: Մեր վրաց բարեկամները հայրենի ընդդիմության «հայկական արյան» առասպելական (կամ իրական) փաստին հանգիստ էին վերաբերում: Վաղեմի բարեկամիս՝ քաղաքագետ Դավիթ Դարչիաշվիլուն ավելի շատ էր հուզում հայաստանյան քաղաքական ուժերի արձագանքը Վրաստանում զարգացող իրադարձություններին: «Ճի՞շտ է, որ Դաշնակցությունը հայտարարություն է արել, թե աջակցելու է Շեւարդնաձեին, իսկ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Ջավախքի հայերին՝ սատար կանգնելու Վրաստանի գործող նախագահին»,- հարցնում էին վրացիները: Մենք, անշուշտ, փորձում էինք ժխտել հայերիս նման հայտարարությունները, հատկապես՝ Հայաստանի նախագահին վերաբերող: Ի վերջո, Շեւարդնաձեի հրաժարականի լուրը հասավ նաեւ Ավստրիայի լեռներում ծվարած Ռայխենաու, եւ բոլորը շնորհավորում էին վրացիներին: Հեղափոխության հաղթանակի լուրից հետո քաղաքագետ Իվլիան Խաինդրավայի դեմքին, վերջապես, ժպիտ երեւաց: Նա մեծահոգաբար բարեկեցիկ կյանք խոստացավ աբխազուհի Դալիլա Պիլիային իր սիրելի Աբխազիայում, անշուշտ՝ նոր ժողովրդավար Վրաստանի կազմում: Այստեղ, Ռոթշիլդների երբեմնի դղյակում ԱՄՆ172ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից եւ քաղաքակիրթ այլ վայրերից ժամանած հայտնի քաղաքագետներ (Դով Լինչ, Պիթեր Ֆորսթըր, Մակ Ֆարլան, Ֆիլիպ Ֆլուրի եւ այլք) երեք օր հորդորում էին կովկասցիներիս արագացնել բարեփոխումները անվտանգության ոլորտում եւ իրար հետ, վերջապես, համագործակցել: Պետք է ասել, նման համագործակցության հիմքեր կային: Էլհան Մեհթիեւը, որի հայրենիքը, իր խոսքերով, «չքնաղ Կուբաթլին» է, հինգ տարի ուսանել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ուսանողների փոխանակման ծրագրով՝ 1982-1987թթ.): «Ես ձեր նախագահի հետ եմ սովորել, ճիշտ է, ինքը մի քանի տարով մեծ է, բայց դե8230»,- ասում էր նա: Էլհանը «Մուսավաթ» կուսակցության անդամ է, իսկ իր կուսակիցների վիճակը Բաքվում նախանձելի չէ. հարյուրավոր բանտարկյալներ, համատարած վախ, մի խոսքով՝ «37 թիվ Ադրբեջանում»: ԼՂՀ նախագահի աշխատակազմից սեմին արին մասնակցած Դավիթ Բաբայանն ու ադրբեջանցի Էլհան Մեհթիեւը անվերջ վիճում էին, բայց ի պատիվ երկուսի, բարեկրթության սահմանը չէին անցնում: Էլհանի համբերությունը, սակայն, սպառեց Գրացում, ուր էքսկուրսավարը, հակառակի պես, բազմիցս անդրադառնում էր թուրքական ներխուժմանը: «Արի, արի, Էլհան, ձերոնց մասին են պատմում»,- կանչում էր Դավիթը, որը թերեւս Ավստրո-Հունգարիայի պատմությունը էքսկուրսավարից լավ գիտեր: Իսկ Դավիթ Շահնազարյանն անգամ «դժգոհեց», որ տարածաշրջանում մեր հարեւան պետության (Թուրքիայի) մասին Եվրոպայում վատ են արտահայտվում: «Բայց նրանք իսկապես դաժանություններ են արել, երեխաներ են մորթել»,- մեզ՝ հայերիս, փորձում էր համոզել ավստրիացին: Ի պատիվ սեմինարի կազմակերպիչների, միջոցառմանը հրավիրված էին Լեռնային Ղարաբաղից եւ Աբխազիայից ներկայացուցիչներ: Ու թեեւ նրանց առանձին ելույթի հնարավորություն չընձեռվեց, Ղարաբաղի «ձայնը» բավականին հզոր էր: Հատկապես Արմինե Ալեքսանյանի: Լոնդոնում ուսանած եւ Ավստրիայի դիվանագիտական ակադեմիան ավարտած այս օրիորդին միջազգային շրջանակներում արդեն ճանաչում են: Սեմինարի երկրորդ օրը, երբ ադրբեջանցիներն իրենց մշտական թեզը հնչեցրին 20 տոկոս գրավյալ տարածքների մասին, Արմինեն ստիպված էր հիշեցնել Ղարաբաղը ոչնչացնելու Ադրբեջանի ձախողված նկրտումների մասին: Պատմական Գրացում (որը, կրկնենք, թուրքերի արշավանքների հետքերն է կրում), աշխատանքային ծրագրի ավարտից հետո անգամ, Արմինեն փորձում էր էլի ինչ-որ բան բացատրել եվրոպացիներին. միգուցե հասկանա՞ն ղարաբաղցիների պայքարը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել