ԱՄԱՆՈՐԸ՝ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏԻ՞ ՀԱՇՎԻՆ Այսօրվանից Հանրապետության հրապարակում կսկսվեն քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Երեկ «Առավոտին» այդ մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Արման Սահակյանը։ «Կա քաղաքապետի համապատասխան որոշում եւ կարգադրություն՝ 2003-04թթ. ամանորյա միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ»,- ասաց պարոն Սահակյանը, խոստանալով, որ այս տարի ամեն ինչ ավելի ճոխ է լինելու։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարժենա այդ ճոխությունը եւ արդյո՞ք կավելանա նույն նպատակով նախորդ տարի ծախսած գումարի չափը։ «Նախորդ տարի ծախսվել է 18 մլն դրամ, բայց ճոխությունը միայն ֆինանսով չէ պայմանավորված, այլ ճաշակով ու գեղեցիկ մատուցմամբ։ Հետո, մենք արդեն քանի տարի է՝ ավելի շատ էնտուզիազմի վրա ենք աշխատել ու մեր ընկերական շրջապատի հաշվին արել տոնական միջոցառումները»,- պատասխանեց վարչության պետը։ Ըստ նրա, օրինակ, Հայկոն ու Սյուզան Մարգարյանը միշտ սիրով համաձայնում են անվճար ելույթ ունենալ Երեւանում կազմակերպվող համարյա բոլոր միջոցառումներին՝ «գիտակցելով, որ այս քաղաքը ոչ միայն միջոցառում կազմակերպողներինն է, այլեւ իրենցը»: Հավանաբար նույն գիտակցությամբ նրանք մասնակցել են նաեւ թաղապետի թեկնածու Արման Սահակյանի քարոզարշավին, անգամ համաձայնել, որ իրենց նկարներով՝ նրա գովազդային պաստառները փակցվեն Աջափնյակ գնացող երթուղայինների վրա։ Արման Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ ծանոթացել է Երեւանի քույր քաղաքների ամանորյա միջոցառումների ծրագրերին՝ մեր միջոցառումն առավել հետաքրքիր ու տոնական դարձնելու համար։ «Մեծ միջոցներ մենք չունենք, որ, օրինակ, Մոսկվա քաղաքի նման, միայն հրավառության վրա 1 մլն դոլար ծախսենք։ Ինչքան լավ կլիներ, որ շքեղ տոնածառ տեղադրվեր ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլեւ համայնքներում ու մարզերում»,- ափսոսաց նա։ Դեկտեմբերի 25-ին 27 մետր բարձրություն ունեցող գլխավոր տոնածառը արդեն պատրաստ կլինի։ «Առավոտի» հաջորդ՝ «որտեղի՞ց են բերվելու անհրաժեշտ ծառերը» հարցին էլ պարոն Սահակյանը պատասխանեց. «Բնապահպանության նախարարության հետ ունենք պայմանավորվածություն, որի համաձայն, անցած տարվա նման, եղեւնիներ, ավելի ճիշտ՝ եղեւնու ճյուղեր կբերվեն Գորիսի անտառտնտեսությունից»։ Դեկտեմբերի 30-ից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա դիմակահանդես՝ բուհերի ուսանողների մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի 31-ին, ժամը 22.30-ից մինչեւ 1.30 Հանրապետության հրապարակում տոնական համերգ եւ հրավառություն կլինի։ Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետի հավաստմամբ, հունվարի 1-ին երեւանցիները կենտրոնական փողոցներում կհանդիպեն ֆայտոններով շրջող Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների, որոնք նույնիսկ անվճար նվերներ կբաժանեն։ «Իսկ բոլորին կհերիքե՞ն նվերները» միամիտ հարցից պարոն Սահակյանը քիչ մնաց նեղանար, դրա համար էլ ձեռնպահ մնաց պատասխանից։ Նա տեղեկացրեց, որ համերգներ կլինեն քաղաքի տարբեր հատվածներում եւ մինչեւ հին նոր տարին դիմավորելը «ամբողջ Երեւան քաղաքը կշնչի տոնական տրամադրությամբ»։ Երեխաներին եւս նկատի են ունեցել. հունվարի 2-11-ը գլխավոր տոնածառի մոտ նրանց կսպասեն հեքիաթի հերոսները։ Այստեղ եւս շնորհալի եւ միջոցառումների անմիջական մասնակիցը դարձած երեխաներին նվերներ կտրվեն։ Հունվարի 12-ին, դարձյալ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, երեւանցիները կստանան փոքրիկ տարեհացեր, որոնցում կհայտնաբերեն ուլունքներ՝ կենցաղային իրերի շահումներով։ Ըստ Ա. Սահակյանի, այս տարի, նախորդի նման, Երեւանի 12 համայնքների ու 18 մարզերի Ձմեռ պապերը չեն հավաքվի գլխավոր տոնածառից իրենց (մարզային կամ քաղաքային) տոնածառին լույս տանելու, քանի որ ձմռան ամիսներին դժվար է մարզերից քաղաք հասնելը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ