Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության վայրը «փոխվեց»

Դեկտեմբեր 09,2003 00:00

Սպանության վայրը «փոխվեց» Երեկ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանության գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարեն Սարգսյանը մեղադրվում է Արայիկին 2001թ. հոկտեմբերի 29-ին սպանելու մեջ, եւ սպանությունը, որոշ վկաների բնութագրմամբ, «միամիտ» էր կամ նույնիսկ՝ «կատակով»: Որպես վկա դատակոչվել էր Վայքի զորամասի հրամանատար Հովիկ Օհանյանը: Սակայն Եղեգնաձորի ոստիկանության կողմից դատարանին ուղարկվել էր գրություն, ըստ որի Հ. Օհանյանը 2003թ. օգոստոսից գտնվում է Մոսկվայում՝ ռազմական ակադեմիայում տասնամսյա վերապատրաստման։ Այդ հրամանատարը, հավանաբար,իրոք կատարելագործման կարիք ունի, քանի որ իր օրոք մի քանի սպանություն է գրանցվել։ Դատական նիստին երեկ հետեւում էին 2002թ. սեպտեմբերի 20-ին ՊՆ զորամասում սպանված Անդրանիկ Սիլակյանի մայրը՝ Գոհար Արմենակյանը, 2002թ. հուլիսի 17-ին սպանված Գարիկ Խաչիկյանի մայրը՝ Սոնա Ասատրյանը եւ 2002թ. փետրվարի 25-ին սպանված Արտյոմ Սարգսյանի մայրը՝ Կարինե Սարգսյանը։ Դատարան էր երեկ ներկայացել գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի հանձնակատար Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Վկան միայն հիշում էր, որ սպանության մասին լսել էր զինծառայողներից, որոնցից որեւէ մեկի անունը չկարողացավ հիշել։ Այս վկան դատարանին հայտնեց, որ ինքը գտնվել է սննդի պահեստում՝ մթերք ստանալու նպատակով։ Համհարզը իր դատաքննական ցուցմունքի ժամանակ այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչ զենք է կրել իր հրամանատարը։ Նա նաեւ լսել էր, որ սպանությունը տեղի է ունեցել ավտոպարկում, ինչը հակասում է գործի մյուս նյութերին, որտեղ ասված է, որ սպանությունը տեղի է ունեցել հրամանատարի սենյակում։ Ամփոփելով իր խոսքը, Ա. Մարտիրոսյանը նշեց: «Սպանությունը ես ոչ Կարենի, ոչ Ստեփանյանի վրա եմ կասկածում»։ Ի դեպ, նախաքննական մարմինն այս հարցում ցուցաբերել էր յուրահատուկ մոտեցում։ 2001թ. հոկտեմբերի 29-ի սպանության հետ կապված նա հարցաքննել է այս վկային՝ առաջին անգամ 2002թ. օգոստոսի 22-ին։ Այս քրեական գործը ունեցել է նաեւ անջատված մաս եւ 2003թ. սեպտեմբերի 23-ին պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով 2 տարի 7 ամսվա ազատազրկման էր դատապարտվել գումարտակի հրամանատար Սամվել Հովսեփյանը եւ զինծառայող գրագիրը՝ Սարգիս Մխեյանը: Հրամանատարն ու գրագիրը արդեն ազատվել են պատիժը կրելուց (նոր Քրօրի ընդունման արդյունքում): Եթե անգամ հաստատվի, որ հրամանատարն է կատարել սպանությունը, կրկնակի պատիժ բացառվում է: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել