Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ» ԱՍԵԼՈՎ՝ ԻՐԱՎԱՊԱՀԸ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ

Դեկտեմբեր 09,2003 00:00

«ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ» ԱՍԵԼՈՎ՝ ԻՐԱՎԱՊԱՀԸ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ Մյուս տարի կալանավորը կսնվի օրական 303,5 դրամի, իսկ ոստիկանության զինվորը՝ 508 դրամի 2004թ. պետական բյուջեի նախագծից (որը դեկտեմբերի 12-ին նախատեսվում է քննարկել ԱԺ-ում) անմասն չեն մնացել նաեւ արդարադատական մարմինները, ուժային կառույցները։ Քրեական եւ զինվորական գործերի պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր Վճռաբեկ, տնտեսական, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների ֆինանսավորման հայտերը՝ 2004-2006թթ. համար։ Մարզերի յուրաքանչյուր դատավորի համար տարեկան գումարի պահանջը կազմում է 237,4 հազար դրամ, Երեւանի յուրաքանչյուր դատավորի համար՝ 192,6 հազար դրամ։ Ըստ բյուջետային հայեցողության, յուրաքանչյուր դատավոր անցնելու է վերապատրաստման 4 դասընթաց, լսելով ընդհանուր հաշվով 32 ժամ դասախոսություն։ Դատավորները նախատեսում են ավելացնել իրենց ծախսերը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, կապի ծառայության հարցով։ Դատարանի տարեկան միջքաղաքային խոսակցությունների նախատեսվող վճարը կազմելու է 3360.0 դրամ։ Տնտեսական դատարանի 22 դատավորի, աշխատակազմի ղեկավարի եւ գրասենյակի պետի համար նախատեսվում է 3960.0 դրամ։ ՀՀ դատախազության «պահպանման ծախսերի» (այդպես է ձեւակերպված բյուջեում այդ տողը) վերաբերյալ իր հայտում ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը նշել էր, որ 2003-ին հաշվի չի առնվել «համակարգի գործունեության որոշ առանձնահատկություններ», ինչը բացասաբար է անդրադառնում դատախազության աշխատանքների արդյունավետության վրա։ Նախատեսվում է աշխատավարձի ֆոնդը բյուջեում 1174870,1 հազար դրամ, գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռքբերման համար՝ 40000 դրամ, սարքավորումների համար՝ 10000 դրամ, քանի որ շահագործվողը «միջին հաշվով 20 տարվա վաղեմության է»։ Ի տարբերություն դատարանների «բյուջետային հավակնությունների», այն է՝ հրաժարվել «փափուկ գույքից եւ հանդերձանքից», դատախազությունը նախատեսում է 50000 դրամ՝ «ձմեռային համազգեստ» ձեռք բերելու համար։ Դատախազության գործող 289 հեռախոսահամարների համար անհրաժեշտ է եւս 35 մլն դրամ՝ միջքաղաքային խոսակցությունների եւ րոպեավճարների համար։ ՀՀ դատախազության վարչական շենքերի վարձակալության ծախսերը հոգալու նպատակով, որքան էլ տարօրինակ է, հայտագրվել է չնչին՝ 3000 դրամ գումար։ Նախատեսվում է նաեւ ձեռք բերել շարժական քրեագիտական լաբորատորիա՝ 10 մլն դրամ արժեքով։ ՀՀ արդարադատության նախարարության «պահպանման համար» նախատեսվում է 1932.0 մլն դրամ, որից 50.0 մլն ՝ կապիտալ ծախսերը հոգալու համար։ Կալանավորվածներին եւ դատապարտյալներին սանիտարահիգիենիկ եւ կենցաղային պարագաներով եւ նյութերով ապահովելու նպատակով 2004-ին նախատեսվել է 24.5 մլն դրամ։ ՔԿՀ-ում սննդի ձեռքբերման ծախսերը հաշվարկվել են 509,2 մլն դրամի չափով, որից 132,5 մլն դրամը՝ համակարգի սպաների եւ ենթասպաների պարենային բավարարման համար։ Ի դեպ, ըստ պաշտոնական ձեւակերպման, այն համապատասխանում է «ՀՀ կառավարության 1998թ. սեպտեմբերի 10-ի 563 կիլոգրամանոց որոշմանը»։ Մեկ կալանավորի օրապահիկը կազմում է 303,5 դրամ։ Հետաքրքիր են նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «2004թ. պահպանման ծախսերը»։ Նախատեսվել են 11643,4 մլն դրամի չափով, դրանից 150.0 մլն դրամը կապիտալ ծախսերն են։ Հասարակական կարգի պահպանությունն ապահովելու համար 48.0 մլն դրամ ավելի է տրամադրվելու նախորդ տարվա համեմատ։ Ոստիկանությունում 77 միավոր հաստիքներ կավելանան։ Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվել են 120.0 մլն դրամի չափով։ Ոստիկանության մեկ զինվորի օրական սնունդը նախատեսվել է 508 դրամ։ Համակարգի աշխատակիցների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվում է 30.0 մլն դրամ, սխալմամբ ձեւակերպված «նախարարության» (ՆԳ նախարարություն այլեւս չկա) հիմնանորոգման համար՝ 120.0 մլն դրամ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել