Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 09,2003 00:00

ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը դեմ է այդ նախաձեռնությանը, որ մասնավորեցման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների փոփոխության վերաբերյալ ՀՅԴ առաջարկներից մեկն է: Պետական գույքի մասնավորեցման 2002-ի հաշվետվության ԱԺ քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից որպես թերություն նշվեց, թե «գրավիչ ընկերությունները մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով, թեեւ մրցութային կարգով դրանց մասնավորեցման շնորհիվ հնարավոր էր լրացուցիչ գումարների ներգրավում պետական բյուջե»: Նաեւ թվեր էին ներկայացվել, թե մասնավորեցված 90 ընկերություններից միայն 18-ն է վաճառվել աճուրդով, իսկ 57-ը՝ ուղղակի վաճառքի ձեւով: «Մենք գերակշիռ մեծամասնությունն իսկապես ուղղակի վաճառում ենք կոլեկտիվներին: Ինձ չի թվում, որ, օրինակ, նախագծային եւ գիտահետազոտական ինստիտուտները պետք է հանեինք աճուրդի:- ասաց Դավիթ Վարդանյանը:- Թող մնացած ընկերություններից ասեն՝ ո՞րն է «գրավիչը»՝ Գավառ բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային ընկերությո՞ւնը, թե՞ Ստեփանավանինը: Գտնում ենք, որ ավելի լավ է դրանք գնեն կոլեկտիվները, որոնք ե՛ւ վճարում են արժեքի 25%-ը, ե՛ւ պարտքը մնում է իրենց վրա, ե՛ւ ստանձնում են պարտավորություններ: Եվ ես նույնիսկ մեկ-մեկ զարմանում եմ, որ իրենք գնում են այդ ընկերությունները»: ՀՅԴ խմբակցությունը նշել էր, թե մասնավորեցման ծրագրում ընդգրկված են բազմաթիվ ընկերություններ, որոնք չեն ներկայացնում հետաքրքրություն. «Դրանց նկատմամբ անուշադրությունը հանգեցրել է նրան, որ տարիների ընթացքում ոչ միայն չեն դարձել գրավիչ հնարավոր սեփականաշնորհման համար, այլեւ կուտակել են պարտքեր, հիմնական միջոցները բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել են»: Խնդիրը լուծելու համար ՀՅԴ-ն առաջարկում է. «Անհրաժեշտ է ներդնել մասնավորեցման ենթակա ընկերությունների նախնական մոնիտորինգի համակարգ, որը թույլ կտար հայտնաբերել բացահայտ ոչ մրցունակ կամ հետաքրքրություն չներկայացնող ընկերությունները՝ դրանք առաջանցիկ տեմպերով լուծարման տանելու համար»: Համաձայնելով, որ ծրագրում իրոք մնացել են հետաքրքրություն չներկայացնող ընկերություններ՝ Դավիթ Վարդանյանն ասաց. «Ո՞վ պետք է անի մոնիտորինգ: Մեծ ծախսերի հետ է կապված, եթե աուդիտ իրականացնենք: Բացի այդ՝ այլ մեխանիզմ կա. եթե 2-3 անգամ ներկայացնում ենք մասնավորեցման, եւ անգամ կոլեկտիվը չի ցանկանում գնել՝ տանում ենք լուծարման: Եթե ուսումնասիրեք մասնավորեցման ցանկը՝ բազմաթիվ են լուծարվող ընկերությունները»: ՀՅԴ խմբակցության մյուս դիտարկումն էր. «Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմում առկա են դուրս գրման ենթակա հիմնական միջոցներ», որոնց պատճառով ընկերությունների գնահատված արժեքն աճում է արհեստականորեն: «Արդյունքում՝ ընկերությունը չի գտնում պոտենցիալ սեփականատիրոջը»,- նկատառմանը հաջորդել էր առաջարկ. «Դուրս գրել ընկերությունների հաշվեկշիռներում գրանցված ոչ պիտանի գույքը»: Դավիթ Վարդանյանն ասաց. «Նորմալ առաջարկ է: Բայց խնդիրն այն է, որ այդ ձեռնարկությունները պատկանում են ճյուղային նախարարություններին: Եվ այս առաջարկը կարող է իրականացվել միայն կառավարության որոշմամբ: Բայց պետք է նաեւ նշեմ հակասությունները՝ մեկ ասում են, թե էժան ենք վաճառում, հետո էլ, թե թանկ ենք վաճառում, գինն արհեստականորեն բարձրացնում ենք»: ՀՅԴ-ն քննադատեց նաեւ մրցութային կարգով մասնավորեցումը. «Խորությամբ չի ուսումնասիրվում հավանական գնորդի կողմից ներկայացվող մրցութային առաջարկների իրական նյութական եւ ֆինանսական ապահովվածությունը: Համեմատության մեջ դնելով ներկայացվող առաջարկները՝ հաճախակի նախապատվությունը տրվում է գրավիչ ներդրումային առաջարկ ներկայացնող կազմակերպության հայտին, որի իրականացումը այդպես էլ մնում է թղթի վրա»: Պետական գույքի կառավարման վարչության պետը համաձայն չէր այս քննադատությանը. «Երբ մասնավորեցնում ենք մրցութային կարգով՝ մեծ մասամբ, լինում է 1 հայտ: Իրենց թվում է, թե բոլորն ընկած ինչ-որ բա՞ն են ուզում առնել: Ընդհակառա՛կն. շատ դեպքում չեն լինում հայտեր: Գրավիչ ընկերությունները շատ քիչ են»: ՀՅԴ խմբակցությունն առաջարկում էր. «Հստակ մեխանիզմ մշակել իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի գույքը պետականացնելու համար», քանի որ մի շարք մասնավորեցված ընկերությունների պարտավորությունների չկատարման պատճառով այժմ առաջացել են դատական քաշքշուկներ: Ըստ Դավիթ Վարդանյանի՝ «Ներդրումները մեծ մասամբ կատարվում են: Չեն խորացել, չգիտեն՝ կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Բացի այդ՝ օրենսդրական մեխանիզմ չկա գույքը պետականացնելու: Եթե դատարանով լուծենք պայմանագիրը չեղյալ համարելու հարցը՝ պետությունը վնասներ կկրի, քանի որ պիտի վերադարձնենք նաեւ սեփականատիրոջ վճարած գումարները: Խնդրեմ՝ թող օրենք մշակեն ազգայնացման մասին՝ դա ուրիշ հարց է: Ես դրան կողմ չեմ լինի: Մենք ունենք ներդրումների հսկողության մեխանիզմ»: Սակայն Դաշնակցության ամփոփիչ գնահատականն էր. «Պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման գործընթացում թույլ է պետական վերահսկողությունը… Դրա հետեւանքով դժվար է հիշատակել մասնավորեցման ծրագրում ընդգրկված որեւէ ընկերություն, որի արտադրական կամ ֆինանսական ցուցանիշները լավացել են: Ավելի՛ն, կարելի է հաստատել, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների ֆինանսական դրությունը տարեցտարի վատթարանում է»: Դավիթ Վարդանյանն ասաց. «Սրանք գեղեցիկ, վերամբարձ նախադասություններ են: Պետությունը մասնավորեցնելուց հետո ի՞նչ պիտի անի: Ասենք՝ պիտի Գավառի ԲՈՒԱՏ-ում հսկի, որ այն արդյունավե՞տ աշխատի: Քիչ հավանական լուծում է: Մասնավորեցումից հետո արդյունավետ աշխատանքի պատասխանատվությունը գնորդներինն է: Եվ ճիշտ չեն ասում, թե մասնավորեցումից հետո ցուցանիշները վատանում են»: Հակառակը՝ հաջող մասնավորեցման բազմաթիվ օրինակներ բերեց, ասենք՝ «Շողակնը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել