Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն

Դեկտեմբեր 09,2003 00:00

ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման թաքուն ակնարկ արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։ Ասուլիսը հրավիրվել էր կուսակցությունների վերագրանցման գործընթացն ամփոփելու առիթով։ Ըստ այդմ, 59 դիմումներից դրական ելք են ունեցել 45-ը (թույլատրվել է նրանց գործունեությունը), 8 կուսակցությունների փաստաթղթերը մերժվել են, Հայաստանի ազգայնական կուսակցությունը ետ է վերցրել դիմումը՝ գերադասելով հասարակական կարգավիճակը, երկու միավորում է եղել՝ կոմունիստական ուժերը ՀՄԿԿ եւ «Մտավորական Հայաստանը» տարրալուծվել է «Ժողովրդավարական հայրենիքում»։ «Բագրեւանդ» եւ «Համերաշխություն» կուսակցությունները, ժամկետների առումով, վերագրանցման խնդիր չեն ունեցել։ Արդյունքում, հայրենի քաղաքական դաշտում գործունեության իրավունք ունեն 49 կուսակցություն։ «Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանալու մերժվածները»,- «Առավոտի» հարցին ի պատասխան, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ «օրենքով ամրագրված չեն միարժեք կատեգորեաներ»։ Նորից դիմելու ժամկետներն, ըստ փոխնախարարի, սպառված են, ուստիեւ նա անհրաժեշտություն է տեսնում օրենքում ճշգրտումներ մտցնելու եւ դա չի բացառվում, որ լուծարում նախատեսի։ Պարոն Մուկուչյանը նկատեց նաեւ, որ՝ բացի ութ մերժվածներից, անորոշ է նաեւ վերագրանցման չդիմած կուսակցությունների ճակատագիրը։ Ըստ բանախոսի, դա եւս կարոտ է ճշգրտման։ Իսկ այն հարցին, թե նախարարությունն ինչպես է հավաստիանում ներկայացված փաստաթղթերի իրավացիության մեջ, փոխնախարարը վրդովվեց. «Նույն հաջողությամբ կհարցնեք՝ համագումար արե՞լ են, թե՝ չէ, պատշաճ ծանուցե՞լ են, թե՞… Օրենքը բանականության սահմաններ է տալիս, եթե պետական մարմինը դառնա նման ստուգումներ իրականացնող մարմին՝ կյանքը կկանգնի»,- եզրակացրեց Ա. Մուկուչյանը։ Ապա վստահեցրեց, որ եթե հետագայում հայտնաբերվեն կեղծ փաստաթղթեր ներկայացրած անձինք՝ պատասխանատվության կենթարկվեն։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել