Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ

Դեկտեմբեր 09,2003 00:00

Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ «Ինքն իրեն քաղաքական գործիչ պատկերացնողը պետք է մտածի իր բարոյական նկարագրի մասին, ոչ թե հիմարություններով զբաղվի»,- այսպես արտահայտվեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահի բոլոր ատրիբուտներից դատարանի որոշմամբ զրկված Լյուդմիլա Հարությունյանը՝ նույն դատարանի որոշմամբ այդ «գահին եւ գավազանին» տիրացած Արմեն Դարբինյանի մասին։ Ըստ մեր զրուցակցի, դատարանի այս վճռի մասին նա իմացել է լրատվամիջոցներից՝ «զբաղված ենք պարզելով, թե որտեղ եւ ինչո՞ւ ենք դատվել»։ Տիկին Հարությունյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ «այդ հայցապահանջի մասին տեղեկացված չենք եղել։ Դատարանը չպետք է առանձին մարդու քմահաճույքը պաշտպանի, դատարանին էլ ներքաշեցին ու գործիք դարձրին»,- նշեց Լ. Հարությունյանն ու տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը։ «Առավոտը» տիկին Հարությունյանին խնդրեց մեկնաբանել իր «ախոյան» Ա. Դարբինյանի թիմակիցների մեղադրանքը, թե նա տապալեց կուսակցության գրանցումը։ Նա այսպես արձագանքեց. «Ծայրից ծայր կեղծ է, ինչ որ ասում են՝ կեղծիք է, նրանց ջանքերով կուսակցությունը չգրանցվեց։ Հիմա մեղավորներ են փնտրում եւ հիմարություններ անում»։ Ա. Դարբինյանի կողմնակից Ռոբերտ Ասատրյանն ի պատասխան մեր հարցադրման մեզ տրամադրեց նոյեմբերի 23-ին տեղի ունեցած կուսակցության խորհրդի երկրորդ նիստի արձանագրույթունը։ Սույն փաստաթղթում գրված է. «Լ. Հարությունյանը, տեղեկացվելով սույն նիստի, ինչպես նաեւ կուսակցության Երեւան քաղաքի տարածքային կոնֆերանսի մասին, չներկայացավ եւ չմասնակցեց դրանց, չբերելով որեւիցե հիմնավոր պատճառներ», սա՝ իբր հավաստումն նրա, որ տիկին Հարությունյանի թիկունքում ոչինչ չի արվել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել