Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների հերթական անպտուղ այցը

Դեկտեմբեր 09,2003 00:00

Համանախագահների հերթական անպտուղ այցը Այսօր արդեն պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այլեւս նոր առաջարկներով հանդես չեն գալու, քանզի այդպիսիք պարզապես չեն կարող լինել: Ցայժմ հակամարտող կողմերին առաջարկվել են գործնականում եւ անգամ տեսականորեն փոքրիշատե խելքին մոտ բոլոր հավանական տարբերակները: Ըստ էության, հենց այս տպավորությունը ստացվեց տարածաշրջան ժամանած համանախագահների երեւանյան ճեպազրույցից, որի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ հայկական կողմի ցանկությունը՝ անհրաժեշտության դեպքում դարձյալ ձգձգված տեսնել բանակցային գործընթացը, կարծես իրականություն է դառնում: «Այսօր հենց այն պահն է, երբ չարժե առաջ քաշել նոր գաղափարներ եւ նոր առաջարկություններ, այլ պետք է փորձել ընդհանուր հայտարարի գալ եղածների հիման վրա՝ նախորդների համատեղման ճանապարհով»,- պատասխանելով կարգավորման նոր հնարավոր տարբերակների մասին հարցին, նշեց ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան, շարունակելով. «Մենք գտնվում ենք հենց այդ փուլում, եւ հենց այդ պատճառով ինձ համար դժվար է պատասխանել հարցին, թե արդյոք կա՞ն նոր առաջարկություններ, եւ ինչի՞ շրջանակներում են դրանք: Այս առումով մենք ոչ մի անակնկալ չենք մատուցել նախագահներին»: Նույն միտքն ավելի սրամիտ ձեւակերպեց ռուս համանախագահ Մերզլյակովը. «Չէինք ցանկանա, որպեսզի տպավորություն ստեղծվեր, թե համանախագահներն առաջարկում են գաղափարներ, իսկ կողմերը դրանք ընտրում են ինչպես շուկայում, փոխհամաձայնության հասնելու գլխավոր պատասխանատվությունը կրում են իրենք՝ կողմերը»։ Այսպիսով պարզ է, որ համանախագահները ոչ մի նոր առաջարկ էլ չեն բերել եւ, ինչպես իրենք են ասում, տարածաշրջան են ժամանել գլխավորապես հակամարտության բոլոր կողմերի տեսակետները ճշգրտելու (՞) նպատակով: Ասենք, ըստ ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի, «Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հայտնի է իրենց, քանի որ Հայաստանի նախագահն արդեն չորս տարի զբաղվում է այդ հարցով», մինչդեռ «Ադրբեջանի նախագահի հետ առաջին անգամ էինք հանդիպում»: Ստացվում է, որ բանակցային գործընթացը հերթական անգամ թաղվում է անորոշության մեջ, քանզի լավագույնը, որն արձանագրվել է միջնորդների վերջին այցի ընթացքում, դա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հավանական հանդիպման շուրջ համաձայնության ձեռքբերումն է: Իսկ թե որքանով է դա արդյունավետ, արդեն ակնառու կերպով ցույց են տվել Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի՝ շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպումները: Ի դեպ, կարգավորման գործընթացի ձգձգման օգտին է խոսում նաեւ Մերզլյակովի այն ընդգծումը, թե ԼՂ-ն հանդիսանում է հակամարտող կողմ. «Տվյալ փաստը կասկածներ չի հարուցում, քանի որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը դրված է հրադադարի մասին համաձայնագրի տակ», համանախագահների Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում այսպիսի պատմական անդրադարձ է արել Ռուսաստանը ներկայացնող միջնորդը: Թե ինչպես դրան կվերաբերվի Բաքուն, որն արդեն ընտելացել էր (իհարկե ոչ առանց հայկական դիվանագիտության գործուն աջակցության) հանդիպումների երկկողմ ֆորմատին, նույնն է թե՝ Հայաստանին հետեւողականորեն ագրեսորի կերպարում ներկայացնելու հաճույքին, պարզ է անգամ երեխային: Իսկ մեզ մնում է միայն համաձայնել Վարդան Օսկանյանի այն պնդմանը, որ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել