Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր

Դեկտեմբեր 09,2003 00:00

Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր Կիպրոսում առաջարկեցին ԱԺ նախագահին դառնալ հայ-կիպրական գործարար համագործակցության կնքահայրը՝ «դրական իմաստով»։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցող ԱԺ հունա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները երեկ ժամանեցին Կիպրոս։ Լառնակայի օդակայանում Արթուր Բաղդասարյանին դիմավորեց Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (նախագահն այս օրերին գտնվում է Բրյուսելում) եւ խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասը։ Ջերմ գրկախառնությունը թերեւս Կիպրոսում ընդունված ողջագուրման ձեւ է։ Համենայնդեպս, Արթուր Բաղդասարյանին եւ նրա տիկնոջը հենց այդպես դիմավորեցին։ Լառնակա օդակայանից մինչեւ մայրաքաղաք՝ Նիկոզիա, ճանապարհը տեւեց մոտ 40 րոպե։ Ճանապարհին ամենաանսովորը հակառակ (անգլիական) երթեւեկությունն էր եւ դեկտեմբերի այս օրերի համար անասելի շոգը։ Իսկ մայրաքաղաքում, ամեն քայլափոխի զարդարված տոնածառները շոգի հետ պարզապես հակասության մեջ էին մտնում։ Մանավանդ՝ Երեւանից Լառնակա թռիչքը տեւել էր ընդամենը մեկ ժամ 50 րոպե։ Կիպրոսի Առեւտրի եւ արդյունաբերության պալատում Արթուր Բաղդասարյանը հանդիպում ունեցավ պալատի անդամների եւ պալատի նախագահ Վասիլիս Ռոլոգիսի հետ։ Պալատի կազմում ընդգրկված են 120 գործարար միություններ, կառույցն ունի ավելի քան 10 հազար անդամ, զբաղվում է Կիպրոսի ամբողջ գործարար աշխարհի կարգավորմամբ, սկսած բանկայինից մինչեւ զբոսաշրջություն։ Վասիլիս Ռոլոգիսը նկատեց, որ առաջին անգամն է Հայաստանից նման բարձրաստիճան պատվիրակություն այցելում պալատ. «Շնորհակալություն, որ պատմական այս ամբողջ ընթացքում դուք լոյալ եք եղել մեր հանդեպ։ Պատմականորեն մենք հրաշալի հարաբերություններ ենք ունեցել եւ, կարծում ենք, այդ հարաբերությունները կշարունակվեն նաեւ այսուհետ»։ Պրն Ռոլոգիսը վստահեցրեց, որ Կիպրոսի մուտքը Եվրամիություն (դա կլինի 2004-ին), «պատուհան կլինի նաեւ Հայաստանի համար դեպի Եվրամիություն»։ Խորհուրդ տրվեց մեզ՝ օգտվել եվրոպական առեւտրի ձեւերից եւ եվրոպական երկիր դառնալու հնարավորություններից։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ հանդիպումը կլինի արդյունավետ եւ հետաքրքիր։ Արթուր Բաղդասարյանը ողջունեց կիպրոսցիների առաջարկը՝ համաձայնագիր ստորագրել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ։ ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման փուլում է գտնվում եւ Հայաստանում ներդրումային բավականին հետաքրքիր իրավիճակ է եւ վստահություն հայտնեց, որ հայ եւ կիպրոսցի գործարարները «իրար բան ունեն ասելու»։ Առաջարկվեց կազմակերպել երկու երկրների գործարարների համաժողով։ Հայաստան հրավիրվեցին կիպրոսցի գործարարներ՝ երկրի գործարար աշխարհին ծանոթանալու եւ գործարար երկխոսություն սկսելու համար. «Մենք բաց ենք համագործակցության համար եւ կարծում ենք այդ համագործակցությունից կշահեն ե՛ւ բիզնեսը, ե՛ւ մեր ժողովուրդները»։ Կիպրոսցի գործարար Պետրոս Գալաջյանն իր կիպրոսցի գործընկերներին եւս խորհուրդ տվեց այցելել Հայաստան. «Այցելությունից հետո դուք, անշուշտ, ձեզ հետաքրքրող շատ գործնական ոլորտներ կգտնեք»։ Վասիլիս Ռոլոգիսը հանդիպման վերջում առաջարկեց Արթուր Բաղդասարյանին՝ դառնալ հայ -կիպրական գործարար հարաբերությունների կնքահայրը՝ «դրական իմաստով»։ Հանդիպման ավարտին փոքրիկ հուշանվերներ փոխանակվեցին։ Ավելի ուշ՝ Երեւանի ժամանակով ժամը 23.30-ին, Նիկոզիայի «Հելարի» երաժշտական պանդոկում տեղի ունեցավ ոչ պաշտոնական ընթրիք։ Հունական երաժշտության հնչյունների ուղեկցությամբ անցավ նաեւ հույն եւ հայ լրագրողների հանդիպումը, որի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։ Այսօր Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Կիպրոսի նախագահի պաշտոնակատարին, կրթության եւ ֆինանսների նախարարներին, կայցելի Հայոց առաջնորդարան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Նիկոզիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել